Ինչքան հասկանում եմ, այս ամենի արդյունքում Իսրայելը զրկվելու է իր միջուկային զենքից, նույնն էլ ոնց որ թե Ռուսաստանին է սպասում․ Արթուր Դանիելյան
Երեկ Հաագայի դատարանը` ևս մի ուշագրավ ու մեզ համար շատ կարևոր վճիռ է կայացրել, որն օրինաչափորեն դուրս մնաց ներհայկական լրահոսից: Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանական ակտիվների սառեցման գործընթացը ապօրինի է եղել: 2016 թվականին ԱՄՆ գերագույն դատարանը այդ երկրի պահպանողականների լոբինգի ներքո որոշում է, որ իրանցիներին պատկանող շուրջ 2 մլրդ դոլարը պիտի սառեցվի և ուղվի` 1983 թվականին Բեյրությում ահաբեկչական ակտից տուժած ամերիկացիների ընտանիքներին որպես փոխհատուցում: Այս որոշումն ըստ էության ամերիկայի ներսում իսրայելական լոբիի բազմաթիվ փորձերից մեկն էր` խափանելու նախագահ Օբամայի կողմից առաջ մղվող միջուկային գործարքը:
Սպառելով ԱՄՆ-ի դատական բոլոր ածյանները` Իրանը դիմում է վերպետական ՄԱԿ-ի միջազգային դատարան, որի յուրիսդիկցիան ԱՄՆ իմիջայլոց չի ճանաչում: Այնուամենայնիվ, երբ 2018 թվականին ՄԱԿ-ի Հաագայի դատարանն Իրանի բողոքը վարույթ է ընդունում, ԱՄՆ-ն խիստ վրդովվում է և պահանջում է մերժել բողոքը: Հաագան անհաղորդ է մնում ԱՄՆ բողոքի նոտաներին և հղում է անում 1955 թվականին, ԱՄՆ-ի ու Իրանի միջև կնքված, «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների» պայմանագրին: Եվ ահա 2023 թվականին Հաագան վճռում է, որ ԱՄՆ իրոք խախտել է 1955 թվականի պայմանագիրը և պետք է վերադարձնի իրանցիներին իրենց գումարները և նույնիսկ փոխհատուցի` սառեցումից կրված կորուստները:
Այս ամենը տեղի է ունենում Իսրայելի նորագույն պատմության ամենասուր ներքաղաքական ճգնաժամի ֆոնին: Վարչապետ Նեթանյահույի առաջ բերած դատական համակարգի բարեփոխման փաթեթը փողոց է հանել հարյուր հազարավոր մարդկանց, որոնք մանրից անցնում են քաղաքացիական բախումների: Ընդ որում, վարչապետ Նեթանյահույի որդի Յարիը իր թվիթերում գրել է՝ «Իսրայելում վարչապետին հեռացնելու նպատակով բողոքի ակցիաների ետևում ԱՄՆ պետդեպն է կանգնած, բնականաբար դա արվում է իրանցիների հետ համաձայնագիր կնքելու նպատակով»: Ոչ ամերիկացիները, ոչ էլ իրանցիներն առանձնապես ջանք չեն գործադրել այս պնդումները հերքելու համար:
Սա ԱՄՆ-Իրանական նմանօրինակ համագործակցությա միակ դրվագը չէ: Երկու տարի առաջ նույն Նեթանյահուին նույն պաշտոնից զրկեցին, երբ պրոիրանական պաղեստինյան խմբավորումները հռթիռակոծեցին Իսրայելը` ի ցույց դնելով այդ երկրի անզորությունն առանց ԱՄՆ-ի օգնության: Ես այդ օրերին կանխատեսում էի, որ այդ կոմբինացիայի արդյունքում Իրանն ու Սաուդիան Արաբիան կվերականգնեն իրենց դիվանագիտական հարաբերությունները և դա գոյաբանական խնդիր կդառնա Իսրայելի համար: Երկու տարի անց սա էլ իրականություն դարձավ:
Միջուկային գործարքն էլ շատ մոտ էր կնքման, սակայն խափանվեց ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, ինչն իմիջայլոց հնարավորություն տվեց Նեթանյահուին վերադառնալ վարչապետի աթոռին: Հիմա, երբ պատերազմի արդյունքը մեծ առումով վճռված է, Նեթանյահուն նորից պետք է հեռանա, Իրանն ու ԱՄՆ-ն նորից պիտի վերադառնան միջուկային գործարքին, իսկ Հայաստանը պիտի նորից ակտիվացնի Իրան-Սև ծով-ԵՄ միջանցքի կառուցման բանակցությունները: Նեթանյահուն այս ամենը փորձում է խաթարել` Ադրբեջանին մղելով հակաիրանական գործողությունների: Սակայն ես չեմ հավատում, որ Ալիևն այդքան անուղեղ է, որ նման քայլի գնա: Ալիևի դուխը հերիքում է Կրեմլի հետ համատեղ գործողություններ անել Հայաստանում, սակայն Իրանը Հայաստան չէ, նույնիսկ եթե դաշնակիցդ ոչ թե Կրեմլն է, այլ Իսրայելն ու ԱՄՆ պահապանողականները: Մանավանդ, որ առանց սաուդցիների աջակցության Իսրայելը չի կարող իր օդուժը հասցնել Իրան, իսկ Օմանի (այսինքն նույն սաուդցիների) հետ բարիշելով, Իրանը նաև դուրս է գալիս ծովային բլոկադայից, որը թույլ կտա հարկ եղած դեպքում զենք ստանալ: Իսկ ապրել այն հույսով, որ 2024 թվին դեմոկրատները կպարտվեն ու Թրամփը նորից կգա, սաղ համաշխարհային կարգի հերը կանիծի, մի տեսակ անիրատեսական է: Վերջիվերջո 2024 թվին հլը հասնել է պետք, մինչդեռ ուկրաինացիք մի քանի շաբաթից գրոհը սկսելու են:
Ինչքան հասկանում եմ, այս ամենի արդյունքում Իսրայելը զրկվելու է իր միջուկային զենքից: Ստիպված ինքնակամ հրաժարվելու են իրենց պաշարներից: Նույնն էլ ոնց որ թե Ռուսաստանին է սպասում...
Հ.Գ. իմիջայլոց, Իրան-Սաուդիան Արաբիա հաշտեցումը շատ կարևոր է նաև մեզ համար, քանի որ դեպի Հայաստան զինամթերք մատակարարելու միակ ճանապարհն Իրանն է, որը սակայն հարավում սահամանփակ է Օմանի ու Պակիստանի օդային և ծովային սահմաններով: Դե Պակիստանի հարցը չի քննարկվում, իսկ Օմանի հետ տարանցման սխեմաներ արդեն քննարկել կարելի է: Այսինքն, պայմանական Հնդկաստանը, եթե ուզենա մեզ զենք մատակարարի, դա պիտի կամ Օմանով մտցնի Իրան ու բերի Հայաստան, կամ Չինաստանով մտնի ՀԱՊԿ տարածք նոր բերի Իրան, ինչը նույնքան անիրատեսական ա, որքան Պակիստանի տարբերակը: