Արևմուտքը՝ քաղաքական, ՌԴ-ն՝ կոմունիկացիոն բանակցությունների հարթակ․ փորձագետները պայմանական բաժանում են անում
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցով հաջորդ շաբաթ միանգամից երկու կարևոր բանակցություններ են սպասվում: Մոսկվայում հանդիպելու է ապաշրջափակման հարցերով զբաղվող փոխվարչապետերի գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խումբը, իսկ Քիշնևում ծրագրված է հնգակողմ հանդիպում՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Նախօրեին շրջանառության մեջ էր դրվել վարկած, թե հունիսի 1-ին Քիշնևում հնարավոր է փաստաթղթի ստորագրում: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հանդիպման օրակարգում համաձայնագրի ստորագրում ներառված չէ՝ ի պատասխան այդ ենթադրությունների հստակեցրել էր Հայաստանի ԱԳՆ-ն և ընդգծել՝ հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները:
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով առանցքային հանդիպումների նախաշեմին Երևանում են ռուսական վերլուծական դաշտի մի շարք ներկայացուցիչներ: Քննարկում են թե՛ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի, թե՛ Ռուսաստանի միջնորդական ջանքերն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարները: Պատմական գիտությունների թեկնածու, ՄԳԻՄՕ-ի միջազգային գործընթացների անալիզի լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների փաստաթղթը կձևավորվի, եթե բավարարի Ադրբեջանի պահանջներին, բայց ասում է՝ Հայաստանում պետք է որոշեն, այդ փաստաթուղթը խաղաղություն կբերի՞, թե՞ ոչ:
Նա հիշեցնում է, որ Միսկի խմբի համաձայնություններով ամրագրված էին թե՛ տարածքային ամբողջականությունը, թե՛ այլ չափորոշիչները, բայց ասում է, ըստ էության, դա չապահովեց խաղաղություն:
Սիլաևի խոսքով՝ ռուսական վերլուծական դաշտում տեսնում են Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականության սցենար, որը, կարծում է, կիրառվում է հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդական հարթակում:
«Ռուս փորձագետը չի վստահում Արևմուտքի միջնորդության անկեղծությանը: Այդ ջանքերը ներկայացնում է իբրև արագ արդյունքի հասնելու՝ որևէ մի փաստաթղթի ստորագրելու միջոցով, ինչը, ըստ հաշվարկի, կհարվածի Ռուսաստանի հեղինակությանը, կթուլացնի ազդեցությունը կամ ընդհանրապես դուրս կմղի տարածաշրջանից: Իրականում համոզված է, որ շուտափույթ ստորագրվող փաստաթուղթը կապահովի ընդամենը կարճատև խաղաղություն: Ռուսաստանի համար, այո, կստեղծի հեղինակազրկման խնդիր, բայց Ռուսաստանի անվտանգության համար սպառնալիք չի ստեղծի»:
Միջնորդական հարթակներում հանդիպումների հաճախականությունից և այդ հանդիպումներից հետո արված հայտարարություններից, քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով, կարելի է անել հետևություններ: Առաջին հերթին դիտարկում է մոսկովյան վերջին եռակողմ հանդիպումը.
«Բանակցային գործընթացում առաջատարը հիմա որպես միջնորդ Արևմուտքն է: Ադրբեջանը և Հայաստանը ավելի հակված են, որպեսզի այն հարցերը, որոնք կան, լուծել հենց Արևմուտքի միջնորդությամբ: Միևնույն ժամանակ հասկանալով, որ չնայած ՌԴ դիրքերը թուլացել են, ինչի մասին նաև նույնիսկ ռուս փորձագետներն են խոսում, բայցմիևնույն է մնում է լուրջ «խաղացող» տարածաշրջանում և ոչ Իլհամ Ալիևը, ոչ Նիկոլ Փաշինյանը չեն կարող անտեսել հրավերները մասնակցելու, բայց հաշվի առնելով, որ առաջին անգամ եռկողմ հայտարարություններից հետո որևէ ընդհանուր հայտարարություն չի հնչել, դա խոսում է այն մասին, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը ավելի առաջնահերթ տեղ են գրավում Երևանի և Բաքվի համար որպես բանակցային հարթակներ, քան Մոսկվան»:
Քաղաքական գիտությունների դոկտոր, «Վալդայ» ակումբի ծրագրերի տնօրեն Տիմոֆեյ Բորոդաչովի կարծիքով՝ աշխարհաքաղաքական փոփոխություններում երկրները պետք է ճիշտ հասկանան զարգացումները: Այժմ անգամ Ռուսաստանում են դժվարանում կանխատեսել, թե ինչ զարգացումներ են սպասվում Հարավային Կովկասի երկրներին:
«Բորոդաչովը խոսում է հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի մասին: Ասում է՝ չգիտեն, թե հինգ տարի հետո ինչ է լինելու Թուրքիա պետության ապագան: Համենայնդեպս, ասում է՝ նախագահական ընտրությունների առաջին փուլը ապացուցել է, որ այն քաղաքական համակարգը, որը գոյություն ունի այդ երկրում ֆանտանստիկ թիրախային է, իսկ տնտեսությունը, մեղմ ասած, զարգացող չէ: Ռուս փորձագետն ասում է՝ չգիտեն նաև, թե երրորդ կարգի նավքային բռնապետություն ունեցող Ադրբեջանի հետ ինչ կլինի մի քանի տարի հետո: Աշխարհում այս անկայությունն է պատճառը, ըստ փորձագհետի, որ այս պահին երկրների ղեկավարները որոշումներ պետք է ընունեն ամենօրյա ռեժիմում՝ ելնելով անհանական մեծ պատասխանատվության գիտակցումից»:
Որ հարցերն է իրականում կարևորում տարածաշրջանում պաշտոնական Մոսկվան՝ հարցին պատասխանելու համար քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ուշադրություն է հրավիրում բարձր մակարդակով մոսկովյան վերջին հանդիպմանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ավելի վաղ արած ձևակերպումներին:
«Ռուսական հարթակում, ես կարծում եմ, գլխավոր խնդիրը, կոմունիկացիաների հարցն է: Չեմ բացառում նաև, որ փակ ռեժիմով երկկողմ բանակցությունների ընթացքում նաև ռուսական կողմը փորձում էր հասկանալ իր հեռանկարները 25 թվականից հետո Արցախում: Ռուսական կողմը շատ հստակ իր նախապատվությունները հնչեցրել է այս ամսվա ընթացքում Մոսկվայում կայացած Միրզոյան-Բայրամով հանդիպումից հետո, երբ Լավրովը հարցերի նախապատվություններն էր շարում՝ դելիմիտացիա, դեմարկացիա, կոմունիկացիաներ, ակնարկվում էր նաև Արցախում անվտանգության խնդրով զբաղվելու անհրաժեշտությունը, այսինքն՝ կայունացնելու այնտեղ վիճակը, և նոր դրանից հետո նա ասում էր՝ եթե կողմերը կարողանան այս բոլոր կետերը, հարցերը լուծել, կարող են գնալ խաղաղության պայմանագիր ստորագրելու: Այսինքն՝ ռուսների համար խաղաղության պայմանագիրն օրակարգային հարց չէ, որովհետև իրենց համարում են որ այս բոլոր կետերը պետք է լուծել՝ նոր»:
Թերևս սա է պատճառը, որ միջնորդական հարթակներում քննարկվող հարցերը գրեթե հստակեցվում են: Հաջորդ շաբաթ Քիշնևում ծրագրված հնգակողմ բարձր հանդիպմանը ամենայն հավանականությամբ քննարկվելու են հենց խաղաղության պայմանագրին առնչվող հարցերը: Իսկ նույն շաբաթվա ընթացքում Մոսկվայում ծրագրված եռակողմ աշխատանքը ընդամենը ապաշրջափակման և կոմունիկացիաների հարցերով զբաղվող աշխատանքային խմբինն է: Միջնորդության հարցում հստակ շեշտադրումը թերևս թելադրված է նաև միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի ծրագրերով: