Ո՞ւմ էին ձեռնտու բախումները` ով ինչ շահեց
Երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետ կապված ինչպես հայ, այնպես էլ ռուսական եւ ադրբեջանական փորձագիտական-վերլուծական շրջանակներում քննարկումների պակաս չկար, տեսակետների` նույնպես։ Եթե ամփոփենք, ապա հետեւյալ պատկերը կարող ենք ստանալ․ ադրբեջանական վերլուծաբաններն ու փորձագետները կարծում են, թե այս սրացումով Ադրբեջանը հասկացնում է, որ մինչեւ վերջ հետեւողական է լինելու զանգեզուրյան միջանցքի գործարկմանը, եւ եթե չլինի այդ միջանցքը, ապա կկտրվի Երեւանի կապը Հայաստանի հարավի հետ։
Ադրբեջանական, նաեւ ռուսական ու հայկական որոշ փորձագետներ կարծում են, որ սրացումը հետեւանք է այն բանի, որ Հայաստանի վարչապետը խափանել է Պուտին-Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը, այս դեպքում ձեւաչափն էական չէ, որի մասին նախապես հայտարարել էր Կրեմլի խոսնակը եւ ապա «լղոզել»` այն բանից հետո, երբ Երեւանից, ըստ էության, մերժում էր հնչել։ Ռուսական միջավայրում այս թեմայով տարածված մեկ այլ կարծիքի համաձայն էլ՝ սխալ է այսպես հաճախ պաշտպանության նախարար փոխելը, հատկապես այժմ՝ հետպատերազմական իրավիճակում, երբ պաշտոնատարները, անկախ այն հանգամանքից, թե որքանով են Փաշինյանի քիմքին հաճելի կամ ոչ, ինչ-որ առումով բանակցային սեղանի մասնակիցներ են եւ որոշակի պայմանավորվածությունների կրողներ: Նաեւ դա է պատճառը, որ բանակցային սեղանի մասնակցի փոփոխությունն իր հետեւից բերում է սրացման։ Ի վերջո, սա անուղղակի նաեւ ապացուցվել էր 44-օրյա պատերազմով՝ որպես հետեւանք ղարաբաղյան կարգավորման գլոբալ պայմանավորվածություններում հայկական կողմի թիվ մեկ բանակցողի փոփոխության եւ վաղօրոք ձեւակերպված պայմանավորվածությունների հօդս ցնդեցման կամ անկանխատեսելիության: Հանգամանք, որն այնքան էլ հարգված չէ մեծ կամ տարածաշրջանային քաղաքականության հիմնական ակտորների կողմից։
Սրան զուգահեռ արձանագրենք, որ ռուսական միջավայրում նաեւ մի տեսակետ է հնչում, որտեղ տեղի ունեցածը համարում են, այսպես ասած՝ «զուտ հայկական իրողություններով» պայմանավորված զարգացում։ Մասնավորապես, շեշտադրվում է այն, որ հիմա Հայաստանում, որքան էլ տեղի իշխանությունները փորձեն հակառակն ասել, քաղաքական անկայունության շրջան է, եւ տեղի է ունենում էլիտաների պայքար։ Դա, ըստ էության, կենաց-մահու պայքար է հին էլիտաների եւ փաշինյանական թիմի միջեւ։ Ու եթե Փաշինյանը, օրինակ, կարող է բազմամարդ ցույցեր անցկացնել, ապա նրա հակառակ ճամբարում գտնվողները կարող են ագրեսիվ քաղաքական-հոգեբանական միջավայր ձեւավորել, ընդհանուր առմամբ՝ դրանով խաթարելով խաղաղության գործընթացի բնականոն ընթացքը, նաեւ փորձելով անկայունություն ստեղծել երկրի ներսում։
Ու հետաքրքրականն այն է, որ այդ ամենում ներգրավված են համարում նաեւ Արշակ Կարապետյանին։ Այս տեսակետը որոշակիորեն ներկայացնում է մերձկրեմլյան շրջանակներին մոտ կանգնած ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, ով «Ռեգնումում» հրապարակած իր հոդվածում նկարագրում է վերջին իրադարձությունները` իր տեսանկյունից։
Գուցե դավադրապաշտություն հնչի, բայց այնպիսի տպավորություն է, որ ե՛ւ բախումները, ե՛ւ դրանց դադարեցման գործընթացը, ե՛ւ հատկապես Անկարայի բավականին անսովոր՝ զուսպ մոտեցումը ակամա հուշում են, որ ինչ-որ պայմանավորվածությամբ, գուցե՝ Մոսկվայի «քավորությամբ» եւ Անկարայի «ջերմ աջակցությամբ», երեկ տեղի է ունեցել մի գործողություն, որը միտված էր «սանձահարելու» հայկական հին էլիտաներին եւ տեղում դոփելու կետից առաջ տանելու խաղաղության գործընթացը։
Ընդ որում, դա արվել է Բաքվի ձեռքով, իսկ գլոբալ իմաստով շահել են Մոսկվան եւ Անկարան։ Դե հասկանալի է, Մոսկվան չէր կարող «սանձահարել» հայկական հին էլիտաներին անմիջականորեն, որովհետեւ դրանով նա պետք է «սանձահարեր» Հայաստանում գործող իր ամենա հավատարիմ շրջանակներին։ Սակայն այս եղանակով ե՛ւ «գայլերը կուշտ եղան, ե՛ւ ոչխարները՝ ապահով», հատկապես որ, ինչպես արդեն գրել ենք, խաղաղության գործընթացին չխոչընդոտելու հորդորներով ներհայաստանյան մակարդակում քաղաքական ոչ իշխանական շրջանակների հետ շփումներ է ունեցել նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Hraparak.am