Պայմանագրային զինծառայողի հարազատները նրա գերեվարման մասին իմացել են ադրբեջանական տեսանյութերից. Կինը վստահեցնում է ՝ գերիները իրական թիվը 30-ն է, ՊՆ-ն հարազատների հարցերին քմծիծաղով է պատասխանում
Նոյեմբերի 14-16-ին ՀՀ արևելյան սահմանում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, 13 զինծառայող է գերեվարվել։ Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով գերեվարվածների ու անհետ կորածների թվում շիրակցիներ կան։ Հարազատները գեթ մեկ շաբաթ անց էլ պատկան մարմիններից կոնկրետ տեղեկություններ ստանալ չեն կարողանում։
Շիրակի մարզից Լիլիթ Զաքարյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ ամուսնու՝ պայմանագրային զինծառայող Ս. Թ.-ի գերության մասին իմացել են սոցկայքերում տարածված լուսանկարի միջոցով, որտեղ շարքով նստած են հայ զինծառայողները։
«Վերջին անգամ խոսել եմ նոյեմբերի 16-ին՝ 12-12.30-ի սահմաններում։ Դրանից հետո ինձ ոչ ոք չի զանգել, ոչ մի բան չի ասել։ Նկարով ես եմ տեսել իրեն՝ ադրբեջանական կայքում։ Տեսել եմ ու ճանաչել ամուսնուս ու ես եմ նկարը ավելի շատ տարածել, որ տեսնեն, որ ինքը գերի է։ Ու ադրբեջանական կողմից սկսվեց վիդեոների տեղատարափ, մինչև հիմա էլ վիդեոներ են հրապարակում, որտեղ իմ ամուսինը կա»։
Լիլիթի տեղեկություններով, ամուսինը երկու օր առաջ էլ նույն դիրքում է եղել, որտեղ թշնամին երկու կմ-ի չափով առաջացել է, հայկական կողմից չորս մարտական դիրք էր կորցվել։ Ըստ Լիլիթի, ամուսինն այդ ժամանակ շրջափակման մեջ է եղել։
«Նոյեմբերի 14-ին իրենք շրջափակման մեջ են եղել։ Դիրք հանձնելու ժամանակ ամուսնուս հետ խոսել եմ, ասաց՝ «մեզ տեղափոխում են, էլ կապ չի լինելու, չեմ կարողանա զանգել»։ Մի քանի ժամ անց խոսեցինք, ասաց որ խառն է, նորությունները հեռուստացույցից կիմանաք ու սկսվեց»։
Երկրորդ զանգն էլ նոյեմբերի 16-ին էր, ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից րոպեներ առաջ։ Լիլիթ Զաքարյանը մեկ շաբաթ է՝ դարձել է պետության անտարբերության զոհը։ Զինծառայողի հարազատները դիմել են թե՛ պաշտպանության նախարարություն, թե՛ Ազգային անվտանգության ծառայություն, ՄԻՊ գրասենյակ, Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն։ Այսօր էլ Լիլիթը կրկին կապ է հաստատել ՊՆ թեժ գիծ, սակայն ամուսնու մասին տեղեկություն ստանալ կրկին չի կարողացել։
«Ոչ մի բան չեն ասում, նախ՝ չեն պատասխանում, պատասխանելուց էլ այնպիսի տվյալներ չեն ասում, որ գոհացնեն։ Որ հարցնում ենք գերի է, գերի չէ, ասում են տվյալ չունենք։ Ոնց չունեն, եթե ես իմ ամուսնուն տեսանյութով տեսել եմ»։
Լիլիթը նշեց, որ ամուսինը վիրավոր չէ, ասում է՝ բոլոր տեսանյութերը տեսել են ԱԱԾ-ում, ՊՆ-ում, Վանաձորի զորամասում ու Կարմիր խաչում, սակայն արձագանք այդպես էլ չեն ստացել։
«Գերիները 13 չեն, 30 և ավելի է, դա հաստատ է, բայց թե ինչու կոնկրետ թիվ չեն տալիս, անուններ չեն ասում՝ չգիտեմ։ Ես փաստացի, ամուսնուս տեսնում եմ, ասում են մեր մոտ հաստատ տվյալ չկա, որ ինքը գերի է։ Մենք զանգում ենք, ասում են՝ երբ որ նորություն կունենանք, ձեզ տեղյակ կպահենք, բայց հեսա մեկ շաբաթ կլինի, ոչ մի տեղից ոչ մի նորություն։ Հարցնում ենք՝ գոնե 13 հոգու մեջ մտնում է՞, ասում են չգիտենք։ ՊՆ-ն մեծ կառույց է, որ պետք է գոնե քիչ, բայց տեղեկություն ունենա։ Հեռախոսավարուհին քմծիծաղով ասում է. «հետաքրքիր հարց եք տալիս»։ Կոնկրետ պաշտոնյա մեզ ոչինչ չի ասում, միայն թեժ գիծ ենք զանգահարում»։
Գերեվարված զինծառայողի հարազատները այսօր այցելել են նաև մարզպետարան։ Շիրակի մարզից կան նաև երկու անհետ կորած զինծառայող, ում հարազատները ևս միացել են պայմանագրային զինծառայողի ծնողներին։
«Հիմա հենց այս պահին իմ ամուսնու հարազատները՝ հայրը, մայրը, շիրակցի երկու անհետ կորած զինծառայողների հարազատները մարզպետարանում են։ Ուզում են գոնե մի բան իմանան երեխաների մասին, զուտ տեղեկություն ստանալու համար են գնացել, բայց դեռ իրենց ոչ մի բան չեսն ասել»,- ասաց Զաքարյանը, նշելով, որ ինքը մարզպետարան չի գնացել, քանի որ խնամում է երկու անչափահաս երեխաներին։
Աղբյուր` Փաստինֆո