Ամերիկայի հայ համայնքը հիասթափված է Ջո Բայդենի վարած երկակի չափորոշիչների քաղաքականությունից
Սառա Գասպարյան, Նյու Յորք
Պատերազմական իրավիճակ է ոչ միայն հայկական սահմանին, այլև՝ օրենսդրական կարևոր որոշումներ կայացնող վաշինգտոնյան սրահներում, որտեղ այս օրերին թեժ պայքար է գնում Ադրբեջանի դեմ «ԱՄՆ ազգային պաշտպանության թույլտվության ակտում» (NDAA) հայ լոբբիստների առաջարկած փոփոխությունների հաստատման համար: ԱՄՆ ադմինիստրացիայի հակազդեցությունը բավականին մեծ է հայկական ջանքերի դեմ, որի հիմքում հայտնի երկակի չափորոշիչներն են՝ հաստափոր թղթապանակների հասնող “զսպվածության կոչերով”, “հորդորներով”, “Իրանի հարցում Ադրբեջանի կարևորությամբ:” Իսկ գետնի վրա կոչերի ու հայտարարությունների «Սարի ծնած մուկն է»՝ $2 միլիոն ամերիկյան օգնություն աշխարհում աննախադեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ենթարկված Արցախի բնակչությանը, ինչը կիսով քիչ է, քան սովորաբար տրվում էր Արցախին մինչև պատերազմը:
Ամերիկահայ համայնքում գնալով աճում է հիասթափությունը նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականության նկատմամբ, որի ադմինիստրացիայում ահա մեկ տարի է «չեն կողմնորոշվում», թե ո՞վ է եղել 44 օրյա պատերազմի ագրեսորը, նույնիսկ այն դեպքում, երբ ինքը՝ Ադրբեջանն է խոստովանում դա: Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն ի՞նչ է անում նա հայերի դեմ այսօ’ր իրականացվող ցեղասպանությունը կանխելու համար այդ նույն ոճրագործից: Ավելին՝ Բայդենի վարչակազմը ղարաբաղյան հիմնախնդրով քննարկումներ է անցկացնում Թուրքիայի հետ, փաստորեն, հաշվի առնելով այդ երկրի ավերիչ մասնակցությունը հայերի դեմ պատերազմում: Ցեղասպանության ճանաչումից մեկ օր առաջ Բայդենը կասեցրեց «Ազատության աջակցության ակտի» Ադրբեջանի դեմ կիրառվող 907-րդ բանաձևը, չնայած այն հանգամանքին, որ նախընտրական իր պայքարում կոչ էր արել Թրամփին ուժի մեջ թողնել այն, ի պատասխան Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։
Վերադառնալով սկզբում արտահայտած մտքիս, ասեմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայ դատի հանձնախմբի առաջարկած հինգ օրենսդրական փոփոխություններից՝ երեքը նոյեմբերի սկզբին մտան ԱՄՆ Սենատի հաստատման փուլ: Առաջինը՝ Սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած փոփոխությունն է, ինչը կոչ է անում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտում» հաջորդ տարի ուժի մեջ թողնել թիվ 907 բանաձևը, որով արգելանք է դրվելու Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնություն տրամադրելու վրա: Հաջորդը՝ կրկին Մենենդեսի ներկայացրած բանաձևն է արցախյան պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի կիրառման վերաբերյալ, որոնց մաս կազմող ամերիկյան տեխնոլոգիաները, ըստ օրենքի, չպետք է օգտագործվեն խաղաղ բնակչության դեմ: Երրորդը՝ Սենատոր Ալեքս Պադիլայի ԱՄՆ Պետդեպարտամենտին և ռազմական գերատեսչությանն ուղղված օրենսդրական փոփոխության առաջարկն է, որով պահանջվում է համատեղ զեկույց ներկայացնել՝ 2020 -ի արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ:
Սենատում այս փոփոխություների քննարկումը, ուրբաթ երեկոյան, տեղափոխվեց ամերիկյան «Գոհաբանության» (Thanksgiving) տոներից հետո: Դրանով, թերևս, ամերիկահայ համայնքին իրենց սենատորներին զանգելու հավելյալ ժամանակ տրվեց: Լավ նորություն է նաև ԱՄՆ զինված ուժերի ծառայության հանձնաժողովի նախագահ, Ռոդ Այլենդից սենատոր՝ Ջակ Ռիդի դիրքորոշումը, որի իրավասության մեջ է մտնում արտոնել Ռ. Մենենդեսի (907, #4177) բանաձևի քննարկումը Սենատում: Նա հասցեական ու դիպուկ ձևակերպումներով դատապարտեց Ադրբեջանի վերջին հարձակումը Հայաստանի դեմ, ինչը գնահատվում է որպես դրական ազդակ: ԱՄՆ հայկական համայնքի ուշադրության կենտրոնում է նաև Սենատի ռազմական ծառայության հանձնաժողովի ազդեցիկ անդամ՝ Ջիմ Ինհոֆը, ով պրո-ադրբեջանական նահանգ՝ Օկլահոմայի սենատորն է, ուստի և նրա գրասենյակին ուղղված հայ համայնքի էլեկտրոնային և զանգերի իսկական տարափ պետք է ստեղծել: Նշենք, որ օր-օրի, ԱՄՆ Հայ դատի և հայկական լոբբինգով զբաղվող կառույցների ջանքերի շնորհիվ, աճում է հայկական նախաձեռնության համակիր սենատորների թիվը:
Տեսնենք, թե ինչ արդյունք կունենանք տոներից հետո: Եթե Սենատում անցնեն այս երեք փոփոխությունները, ապա սա կլինի ԱՄՆ հայ դատի և հայ լոբբիգ կառույցների մեծ հաղթանակը: Անշուշտ Սենատի որոշումները պետք է դրվեն նախագահ Ջո Բայդենի սեղանին: Հուսանք, որ «թըրքին (turkey-հնդկահավ) պարդոն անելու» ԱՄՆ նախագահների ավանդույթը վերագրելի կլինի միայն համապատասխան կենդանուն, թեև, շատ դեպքերում ենք ցավով համոզվել, որ այս սովորույթը գեշ դրսևորումներ ունի նաև քաղաքական որոշումներ կայացնելու պահով՝ նույնանուն երկրի նկատմամբ:
Հաջողության դեպքում, արցախյան վերջին պատերազմի երկու հանցագործներ՝ Իլհամ Ալիևի և Էրդողանի վարչակազմի նկատմամբ առաջին լուրջ պատժամիջոցների սկիզբը կդրվեն, ինչը կարող է շղթայական ազդակ հանդիսանալ եվրոպական հարթակների համար: Անհաջողության դեպքում, պայքարը շարունակվելու է:
Թշնամուն ցավոտ հակահարված հասցրած սահմանային վերջին միջադեպը կրկին հավաստում է այն անհերքելին, որ մենք պետք է հույս դնենք մեր ուժերի վրա: Հայ զինվորը՝ սահմանին, հայ ընտրողներն ու լոբբիստական կառույցները՝ Սփյուռքում: Հայաստան – Սփյուռք – Արցախ միասնությունը հզոր է ցանկացած օտար դաշնակցից, եթե այն մեկ բռունցք, մեկ միտք ու ոգի է:
Այսօր, երբ նենգ թշնամին շնչում է հայոց պետականության թիկունքին, բոլոր կուսակցական, ընդդիմադիր ու դիմադիր դրոշները պետք է խոնարհվեն հայոց պետության պաշտպանության շուրջ, անկախ նրանից, թե ով է օրվա իշխանությունը: Իշխանության ղեկավարները կգան ու կգնան: Պետությունն է այն միակ անկորնչելին, որի ինքնիշխան գոյությունը պետք է սրբորեն պահպանի յուրաքանչյուր հայ:
Lragir.am