«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը



Ադրբեջանցիները ոգևորված ներկայացնում են Իրանի հետ ձեռք բերված գազային համաձայնությունը, ըստ որի Իրանը սվոփ մեխանիզմով կտարանցի թուրքմենական գազը դեպի Ադրբեջան: Ինչպե՞ս եք սա գնահատում՝ հաշվի առնելով, որ Բաքու-Թեհրան-Աշխաբադ համաձայնությունը անմիջապես հաջորդեց Սոչիում եռակողմ հանդիպմանը: Դուք այստեղ կապ տեսնո՞ւմ եք:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը դեռ 1985 թվականին հիմնադրել են Իրանը, Թուրքիան ու Պակիստանը: Մինչ այդ էլ է նման անունով տարածաշրջանային կազմակերպություն եղել, որը սակայն որևէ աչքի ընկնող  գործառույթ չի ունեցել, որովհետև այդ երկրների շահերը շատ ժամանակ չեն համընկել: Նույնը իրենք հիմնադրեցին ավելի ուշ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ կառույցին ավելացան Կենտրոնական Ասիայի 5 երկրները, Ադրբեջանը և Աֆղանստանը: Իրանը շատ ջանքեր էր գործադրում այդ կառույցն աշխուժացնելու համար, բայց դարձյալ շահերի չհամընկնելու պատճառով, բացի գագաթնաժողովներում մեծ-մեծ խոսելուց, նրա գործունեությունը հիմնականում տեսանելի չի եղել: Իսկ հիմա, երբ Թուրքմենստանն ու Ադրբեջանը, որոնք լուծեցին Կասպից ծովում իրենց միջև եղած տարաձայնությունը, իրենց հարաբերությունները նորմալացել են: Առաջ էլ թուրքմենական գազը Ադրբեջան հասցնելու խոսակցություն եղել է: Այստեղ պետք է նշել, որ Թուրքմենստանը ավելի հակված է Իրանը շրջանցելով Կասպից ծովով գազն ու նավթը հասցնել Ադրբեջան, ապա Թուրքիայի տարածքով՝ Եվրոպա: Այս դեպքում չեն շրջանցել Իրանը և գազը առայժմ կփոխադրվի Իրանի տարածքով: Երկար լարվածությունից հետո հիմա մեղրամիսի շրջանն է, բայց ես չեմ կարծում, որ այս գործարքով շատ մեծ արդյունքներ են ունենալու: Հիմա Իրանին այդ հնարավորությունը տալիս են, գուցե մտածում են՝ Իրանը դրա դիմաց կհրաժարվի միջազգային սահմանների փոփոխությանը դեմ լինելու իր մոտեցումից: Ըստ երևույթին, իհարկե, կա տեղեկություն, որ փակ հանդիպմանը Ալիևը բավարարել է Իրանի այդ պահանջը: Բայց քանի որ փակ է ամեն ինչ, չգիտենք, թե ինչի դիմաց է բավարարել: Իրանի նախագահն իր ելույթում առաջարկել է կապի 6 տարբերակ, որով բոլոր այդ երկրները միանում են՝ Կենտրոնական Ասիա, Աֆրիկա, Ադրբեջան, ու դրանք բոլորը Պարսից ծոցի ու Իրանի տարբեր հատվածներով են անցնում: Այսինքն այդ չարաբաստիկ միջանցքի տարբերակը չկա, բոլոր ճանապարհներն անցնում են Իրանով: Այսպիսով Իրանը ոչ մի ձևով չի շրջանցվում, իսկ Ադրբեջանի ու Բաքվի երազանքը Կասպից ծովով անցնող խողովակաշարերն են, իսկ Իրանը դրան միշտ դեմ է եղել՝ պատճառաբանելով, որ դա էկոլոգիապես կվնասի Կասպից ծովին:

Իսկ էրդողան-Ռայիսի հանդիպումն ինչպե՞ս եք գնահատում:

Չեմ կարող ասել, որ այդ հանդիպմանը էական ձեռքբերում եղել է: Խոսել են հիմնականում տնտեսական փոխհարաբերությունների պատշաճ մակարդակի հասցնելու մասին: Խոսել են ահաբեկիչների, հիմնականում PKK-ի վտանգի մասին, բայց Իրանը խոսել է նաև Թուրքիայի ջրային քաղաքականության մասին, որից լուրջ վնասներ են կրում Իրանում և հարևան երկրներում: Բացի տնտեսական հարաբերություններից,  որ կարելի է ավելի շատ արագացնել, զարգացնել, մասնվորապես, մաքսային տարիֆներով ազատ տնտեսական տարածքներ ստեղծել, շեշտը Իրանը դրել է բնապահպանության խնդիրների, ջրի խնդրի վրա: Այսինքն դժվար է այդ հարցերից առանձնացնել որևէ բան, որը կարող էր մեզ հետաքրքրել: Այդպիսի հարց, ըստ էության, չկա:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերությունների սերտացումը ժամանակավոր բնույթ է կրելու:

Ես միշտ ասել եմ, որ Թուրքիայի հետ Իրանը դարեր շարունակ ունեցել է լարված, երբեմն նույնիսկ թշնամական հարաբերություններ: Բայց քանի որ վերջերս երկու երկրներն էլ շահագրգիռ են փոխադարձաբար տնտեսական փոխհարաբերությունների զարգացմամբ, լարվածությունը թողնում են մի կողմ և փորձում են համագործակցել: Իհարկե, երբեմն լարվածությունն ավելի առաջ է գալիս, քան համագործակցությունը, երբեմն հակառակը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն