Վրաստանը կարող է մասնակցել «3+3» ֆորմատին, եթե Ռուսաստանը հաշվի նստի Վրաստանի շահերի հետ․ վրացի փորձագետ
Ինչպես հայտնի է, Վրաստանը դեռ նոյեմբերի 19-ին, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի մակարդակով հայտարարել էր, որ մտադրություն չունի միանալու Հարավային Կովկասի համար նախատեսված «3+3» ֆորմատին, որում ներգրավված են լինելու ամենայն հավանականությամբ, նաեւ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Վրացական ГРУЗИНФОРМ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին ներկայացրել է իր տեսակետը , թե ինչու Վրաստանը չի ուզում մասնակցել այս ֆորմատին եւ թե դա օգտակար ֆորմատ է, թե՝ վնասակար։
Բանախոսը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ «3+3» ֆորմատը հեռանկարային է։ «Ես Կովկասյան հարթակի մասին բազմաթիվ նյութեր եմ հրապարակել, եւ համարում եմ, որ այն շատ հեռանկարային է։ Բոլորին է հայտնի, որ Վրաստանը հանդիսանում է աշխարհաքաղաքական տրանսպորտային միջանցք Հարավային Կովկասում, որը ելք ունի դեպի Սեւ ծով, ուստիեւ տրանսպորտային կոմունիկացիաների, էներգետիկ նախագծերի ակտիվացումը, որոնք անցնում են Վրաստանում, այդ հարթակին միանալու միջոցով, ահռելի տնտեսական եւ քաղաքական դիվիդենդներ կբերեր Վրաստանին, չնայած այն բանին, որ տրանսպորտն ու կոմունիկացիաները այսպես թե այնպես զարգանում են։ Գնացքները Թուրքիայից գնում են Ադրբեջան, իսկ այնտեղից էլ՝ Ռուսաստան։
Պարզապես, որ Վրաստանը համարվում է տարանցիկ երկիր եւ ոչ թե լիարժեք գործընկեր, տարանցման համար է միայն վճար վերցնում, որը ավելի քիչ է, քան եթե լիներ լիարժեք գործընկեր»,- ասել է Խիդիրբեգիշվիլին, հավելելով, որ Վրաստանը մի պահ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդական առաքելություն ստանձնեց եւ այս տարվա հունիսի 15-ին լուծվեց մի խումբ գերիների վերադարձի հարցը, ականադաշտերի քարտեզների դիմաց։
Սա, ըստ նրա, կարող է լինել լավ ուվերտյուրա, որպեսզի Վրաստանը սկսի մասնակցել այդ հարթակին, սակայն իրավիճակը լարված է նրանով, որ Վրաստանը մասնակցում է մեկ այլ հարթակի՝ «Ասոցացված եռյակին»՝ Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին։ Ուստիեւ Կովկասյան հարթակին մասնակցությունը, ըստ Խիդիրբեգիշվիլու, դառնում է անտրամաբանական, թեեւ եթե նման ցանկություն լինի, եթե սկսվեն բանակցություններ Ռուսաստանի հետ, եւ կողմերը հաշվի առնեն մեկմեկու շահերը, կարելի է եւ մասնակցել այդ ֆորմատին, հատկապես, որ նախագահ Զուրաբիշվիլին ի սկզբանե հավանություն է տվել վերջինիս, սակայն հետո զարգացումներ տեղի չեն ունեցել։
Hraparak.am