ՔՊ-ից հալածվածն ընտրապայքարի մեջ է մտել ՔՊ-ի ցուցակով
Չորս տարի իշխանության ղեկին գտնվող «Քաղպայմանագիրն» այդպես էլ չկարողացավ սեփական թիմ ձեւավորել: Պատճառները տարբեր են՝ կուսակցության նկատմամբ հասարակության անվստահությունից մինչեւ ՔՊ-ի վարած ապազգային քաղաքականություն:
«Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ անվստահությունը լուրջ խնդիրներ է առաջացնում հատկապես կադրային քաղաքականության հարցում: Իրենց ունեցած մարդկային ռեսուրսն այնքան աղքատիկ է, որ պաշտոններ բաժանելիս կադրային «սղաճի» առաջ են կանգնում: Խնդիրը սրվում է հատկապես ՏԻՄ ընտրությունների ժամանակ: ՔՊ-ով առաջադրվածները կա՛մ նոր դեմքեր են՝ ոչինչ չասող կենսագրությամբ ու «Ապագա կա»-ի անհեռանկար խոստումներով, կա՛մ նախկիններից մնացած ժառանգություն են, ՀՀԿ-ի դեռ չչորացած կնիքով:
Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Եղեգնուտի թեկնածու Ռազմիկ Մարգարյանն ասվածի տիպիկ օրինակն է: ՀՀԿ-ի հոգեզավակը, որը Եղեգնուտը ղեկավարել է ավելի քան 30 տարի եւ նախկինների հովանու ներքո լայն կապեր ու մեծ հնարավորություններ ձեռք բերել, այժմ թեկնածու է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից:
2018-ի իշխանափոխությունից հետո Ռազմիկ Մարգարյանը համայնքապետերից առաջինն էր, որ հայտնվեց «հեղափոխականների» խոշորացույցի տակ: Թավիշ խոստացողների «դաբրոյով» եղեգնուտցիները մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպեցին Ռազմիկ Մարգարյանի դեմ: «Ջրի երես» հանեցին կոռումպացված համայնքապետի տասնյակ տարիների հանցանքները եւ համառորեն պահանջեցին, որ նա հրաժարական տա: Հրաժարականը եղավ: Եղան նաեւ նոր նշանակումներ՝ պաշտոնակատարների տեսքով, ապա հաջորդեցին դատական գործընթացները, վճիռներն ու բողոքարկումները:
ՔՊ վերնախավը, որը լուռ հետեւում էր եռացող գործընթացներին, չշտապեց փորփրել, եղեգնուտցիների ձեւակերպմամբ՝ Ռազմիկ Մարգարյանի «հանցավոր անցյալը»: Իսկ Մարգարյանը, որ դիմացավ իշխող ուժի ցավոտ փորձությանն ու 2020-ին դատարանի վճռով վերականգնվեց համայնքապետի պաշտոնում, 2021-ին գլուխ խոնարհեց իրեն «գծերից գցած» կուսակցության առաջ: Բայց Մարգարյանի «ոդիսականը» դրանով չավարտվեց: «Հին գայլը» փոխեց նաեւ իր մարտավարությունն ու ոչ թե անիծեց, այլ համբուրեց իրեն «փուռը տված» կուսակցության ձեռքը եւ թեթեւ ոստյունով հայտնվեց նրա գրկում: Արդյունքն ուշացնել չտվեց. ՔՊ-ն ներեց նրան, եւ ՔՊ-ի կողմից 2018-ին հալածվածը 2021-ին ընտրապայքարի մեջ մտավ հենց ՔՊ-ի ցուցակով:
Թե՛ ՔՊ-ի, թե՛ Ռազմիկ Մարգարյանի շահերն այս պարագայում համընկան. կուսակցությունն այդ տարածքում հաղթանակ է ուզում, իսկ Մարգարյանն ապացուցել է իր անպարտելիությունը: Վերջինիս էլ պաշտոն է պետք, որի երաշխիքը տվեց «Քաղաքացիական պայմանագիրը»:
Hraparak.am