Արցախի անկախության հանրաքվեի 30-ամյակն է։ Ռազմական գործողությունների պայմաններում մարդիկ դրական են պատասխանել հարցին՝ համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, որն ինքնուրույն որոշում է այլ պետությունների ու միավորումների հետ համագործակցության ձևերը։

Հանրաքվեից մեկ տարի առաջ Հայաստանի և Արցախի խորհրդարանները վերամիավորման մասին որոշում ընդունեցին, որը, սակայն, իրականացնելու համար համարձակությունը չբավականացրեց՝ որոշումը Մոսկվայի կողմից ճանաչվեց «հակասահմանադրական»։

Հայկական վերնախավերի անկարողությունը՝ պնդելու 1989 թվականի որոշումը, Ռուսաստանի հրամաններով շարժվելը, ինքնիշխանության արժեզրկումը հանգեցրին 2020 թվականի պատերազմին և ներկայիս ողբալի վիճակին։ Բանը հասել է այնտեղ, որ անկախ Արցախի նախագահն անկախության հանրաքվեի օրը բացահայտ լոբբինգ է անում ոչ թե Արցախի, այլ Ռուսաստանի շահերի համար։

«Արցախի իշխանությունները և ժողովուրդը կարծում են, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված և անժամկետ, քանի դեռ խաղաղապահ ուժերի կարիքը չի վերացել»,- իր ուղերձում ասել է Արայիկ Հարությունյանը։

Իր երկրի անվտանգության ու անկախության մասին մտածող ղեկավարը պետք է ասեր բոլորովին այլ խոսքեր, օրինակ, որ Ռուսաստանը՝ որպես «բարեկամ ու երաշխավոր», պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այլ ոչ թե զորք մտցնի Շուշիի օկուպացման դիմաց։ Որ Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգային» կենտրոնը օկուպացիոն եւ հետախուզական պլացդարմ է և պետք է փակվի։ Որ Արցախը պետք է քաղաքական կարգավորման երաշխիքներ ունենա միջազգային հանրությունից, ինչը տորպեդահարվում է Մոսկվայի կողմից։

Ի՞նչ է նշանակում «ռուս խաղաղապահների անժամկետ ներկայություն». Եթե ​​Արայիկ Հարությունյանը և մյուսները ցանկանում են հավերժ ապրել ռուսական դրոշներով զարդարված փողոցներում, ապա լավ կլինի, որ նրանք տեղափոխվեն Ռուսաստան և չվարկաբեկեն Արցախի ու Հայաստանի անկախության և վերամիավորման գաղափարը։ Մանավանդ որ, «ռուս խաղաղապահները» հավերժ չեն լինելու։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն