Ինքնապատվազրկվածների վերջին հանգրվանը Ռուսաստանն է. Մեկնաբանություն
ԱԺ պատգամավոր Իշխան Զաքայնաը դուրս է եկել Պատիվ ունեմ խմբակցությունից եւ շարունակելու է գործունեությունը որպես անկախ պատգամավոր։ Նա իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ ունի ծրագրեր ու առաջարկներ, եւ «ցանկացած դաշինք ունի որոշակի կաշկանդող գործոններ, իսկ ինքը չի ցանկանում իր գործունեությունը կաշկանդել»։ Նա վայր չի դրել մանդատը, ինչը տրամաբանական ու բարոյական կլիներ, ասելով, թե «պահում է էթիկան այն մարդկանց հանդեպ, ում հետ մտել է խորհրդարան»։
Թե ինչով է ՊՈՒ դաշինքը կաշկանդել Իշխան Զաքարյանին՝ վերջինս չի մանրամասնել։ Խորհրդարանի առաջին նիստից ի վեր Զաքարյանը ոչ մի ելույթ չի ունեցել, նրա անունը գրեթե չկա պատգամավորական զանազան առաջարկների ու նախաձեռնությունների շարքում։
Փաշինյան-Քոչարյան տանդեմի կուռ շարքերի ֆոնին, Պատիվ ունեմ խմբակցության կազմը կարկատան է հիշեցնում, եւ հատկապես շատ են հարցադրումներն առանց այդ էլ փոքրաթիվ խմբակցության կազմում Իշխան Զաքարյանի եւ Երեւանի նախկին քաղաքագլուխ Տարոն Մարգարյանի ներկայության վերաբերյալ։ Մյուս կողմից, ի տարբերություն կոպիրկինյան քվոտաներով կազմավորված Փաշինյան-Քոչարյան տանդեմի մեծամասնության, ՊՈՒ-ն երբեմն-երբեմն բարձրացնում է հայկական շահերի ու պահանջների հարցը։
Հնարավոր է՝ հենց այստեղ է խնդիրը․ ՊՈՒ-ին հրաժեշտի իր պարզաբանման մեջ Իշխան Զաքարյանն ասում է․ «Երկրի համար այս ճակատագրական պահին ամենակարևորը սահմանների անվտանգության խնդիրն է ու կայուն, հասկանալի և վստահելի համագործակցությունը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ»։ Փաստորեն, Իշխան Զաքարյանը հաստատում է, որ հայկական պահանջները հակասում են Ռուսաստանի շահերին։ Եվ ստացվում է՝ ինքնապատվազրկվածների վերջին հանգրվանը Ռուսաստանն է։
Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Կոպիրկինյան հրահանգավորումով էլեկտորալ ծուղակում հայտնված հայությունը քաղում է իր «ընտրության» պտուղները։
Lragir.am