Ի՞նչ արդյունքներ ապահովեց Մակրոնը Փաշինյան-Ալիև հանդիպմամբ
Տարածաշրջանային զարգացումներն ու մասնավորապես հայ-թուրքական նոր օրակարգն ինչ-որ իմաստով ստվերեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Բրյուսելում կայացած երկրորդ բարձրաստիճան Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Ուշադրության է արժանի Էմանուել Մակրոնի և ընդհանուր առմամբ ֆրանսիական դիվանագիտության նոր հետաքրքրությունը Ռուսաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի նկատմամբ։
Մինչ բրյուսելյան հանդիպումը Մակրոն-Պուտին հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի առանցքային ժամանակը նախագահները տրամադրել էին հարավկովկասյան քննարկումներին, խոսել ԼՂ-ում առկա իրավիճակից և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքից։ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Պուտինը Մակրոնին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները, որը կայացել էր նոյեմբերի վերջին, Սոչիում։ «Մանրամասն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։
Պուտինը տեղեկացրել է Սոչիում նոյեմբերի 26-ին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները, որը նվիրված էր ԼՂ վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ ամյակին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Կրեմլի տվյալներով՝ ՌԴ նախագահը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործընթացը։ «Պաշտպանվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքների ակտիվացման նպատակահարմարությունը»,- հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ԼՂ հիմնահարցից զատ, Մակրոնն ու Պուտինը քննարկել են նաև Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր։
Օրերս ևս մեկ ուշագրավ տեղեկություն տարածվեց՝ Ֆրանսիայում առաջիկա գարնանը կայանալիք նախագահական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած ծայրահեղ աջ թեկնածու, գրող և մեկնաբան էրիկ Զեմուրը եռօրյա այցով օրերս եղել է Հայաստանում, և դա Զեմուրի առաջին օտարերկրյա այցն էր՝ նախագահական քարոզարշավում պաշտոնապես ներգրավվելուց հետո։ Ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող թեկածուն և գուցե Մակրոնի հիմնական հակառակորդը քարոզարշավի մեկնարկին որոշել էր առաջինը հենց Հայաստան գալ, իր խոսքով` աջակցություն հայտնելու առաջին քրիստոնեական երկրին, որն այսօր էլ ոտնձգությունների է ենթարկվում հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Նա մեղադրել էր նաև Ֆրանսիայի իշխանություններին «շատ խոսելու, բայց, իրականում, Հայաստանին չօգնելու» համար։ Մի շարք տեղեկությունների համաձայն՝ նախագահական ընտրությունների այլ թեկնածուներ ևս այցելելու են Երևան, ինչը հատկապես ուշագրավ է, եթե հիշենք ամիսներ առաջ ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե տեղի է ունենալու Ֆրանսիայի նախագահի այցը Երևան, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ և նույնիսկ այցի հնարավոր ժամկետներն անորոշ մնացին։ Ակնհայտ է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուները լուրջ հույսեր են կապում ֆրանսիայի հայկական համայնքի կես միլիոնից ավելի ձայների հետ։ Սակայն սա ֆրանսիական դիվանագիտության նոր դիրքավորման դրվագներից ընդամենը մեկն է։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ որպես խաղացող՝ պետք է տարանջատել Ֆրանսիային ԱՄՆ-ից և ԵՄ-ից։ Ըստ նրա, Ֆրանսիան իր խաղն ունի թե Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև, թե ավելի մեծ խնդիրներում։ Սրանում, վերլուծաբանի կարծիքով, բավականին ազդեցիկ ֆոն է այն ամենը, ինչ կատարվում է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում, իրավիճակը լարված է, բոլոր բևեռները պատրաստվում են նոր աշխարհակարգի, որում Ֆրանսիան ունի գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանը, և փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտիները Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ սահմանելով, ինչպես նաև Վրաստանի հետ խորացնելով։
«Ֆրանսիացի բոլոր պաշտոնյաները հակաթուրքական դիրքորոշում ունեն և խաղադրույքներ են նաև կատարում այդ հանգամանքի վրա ընտրազանգված շահելու համար, բայց կա Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու ցանկություն, հարգելով այդ թվում՝ ՌԴ ազդեցությունը։ Ֆրանսիացի թեկնածուների հետաքրքրությունը ռեգիոնի նկատմամբ միայն ընտրազանգված գրավելու մղումով բացատրելը սխալ կլիներ։ Այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՌԴ արտաքին քաղաքականությունը նոր կանոններ է փորձում առաջարկել աշխարհին, որոնք կարող են կայունացնել իրավիճակները և հստակեցնել բոլոր խաղացողների կարմիր գծերը, դա կարող է իրավիճակ փոխել նաև Հարավային Կովկասում, իսկ այդ առաջարկներն արվել են, քանի որ իրավիճակն Ուկրաինայի շուրջ բավականին լարված է։
Պատերազմից հետո ոչ միայն Ֆրանսիայի, այլև բոլոր խաղացողների հետաքրքրությունն է ավելացել, քանի որ Հարավային Կովկասով կարևոր ճանապարհներ կարող են անցնել, և ռեգիոնը, կարելի է ասել, որ ձևափոխվում է, ընդլայնվում, և այն դիտարկել միմիայն երեք երկրների և հետաքրքիր աշխարհագրություն ունեցող ռեգիոն՝ սխալ կլինի, քանի որ մի քանի իմաստներով սա դառնում է ռազմավարական նշանակության տարածաշրջան։ Ուստի յուրաքանչյուրն իր պատառիկն է փորձում ստանալ, հենց այդ պատճառով Մակրոնը, լինելով ԵՄ անդամ երկրի ներկայացուցիչ, չբավարարվեց Շարլ Միշելի նախաձեռնությամբ և ևս մեկ հանդիպում նախաձեռնեց, թեև այն, բացի բարձրաստիճան շփումից, որևէ առաջընթաց չապահովեց, սակայն ցույց տվեց ֆրանսիական քաղաքականության հավակնությունները, սա, իհարկե, ՌԴ-ի համար ավելի նախընտրելի է, քան արևմտյան այլ կենտրոնների միջամտությունները։ Մակրոնը, իհարկե, ևս առաջնորդվում է՝ ներքաղաքական նպատակներից ելնելով»,- ասաց նա։
Տարասովի կարծիքով, Ֆրանսիան չի ընդունում Թուրքիայի հարավկովկասյան հայտերը, սա ևս կարևոր գործոն է, և առաջիկայում այն ազդելու է հարավկովկասյան զարգացումների վրա։ «Բայց սկսվում է նաև հայ-թուրքական երկխոսություն, որը կարող է խառնել բոլորի խաղաքարտերը»,- նկատեց նա։
Եվրոպացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավորը, ինչ պետք է հաշվի առնել Ֆրանսիայի դեպքում, հակաթուրքական կեցվածքն է, որն ազդեցության ընդլայնման և ազդեցության փոփոխման ֆոնին կարծրացել է։ Ֆրանսիան, ըստ նրա, Հայաստանը տարանջատում է ողջ ռեգիոնում, քանի որ Ֆրանսիայի ներսում հայ համայնքը էական կշիռ ունի։
«Մնացյալ բոլոր հարցերում Ֆրանսիան ռեգիոնը դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն, և առանձնահատուկ բարդ դիվանագիտական աշխատանք չեմ տեսնում։ Ֆրանսիան դիտարկում է, որ ռեգիոնում ազդեցություն ունեցողը Ռուսաստանն է և պարբերաբար շփումները հենց ՌԴ-ի հետ են։ Ֆրանսիայի հետաքրքրությունը Հայաստանով ավելի լավ փաթեթավորված է, քան իրականում ունի քաղաքական բովանդակություն, քանի որ այդ փաթեթավորումը ունի հասցեատերեր, իսկ հարաբերությունն արդյունավետ է, երբ կա բովանդակություն, լավ հարաբերություններ բոլոր ոլորտներում, ինչը, որքանով հետևել եմ, չկա այս դեպքում»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Բրյուսելի ֆրանսիական հանդիպմանը, Ռարը նշեց, որ նույն տպավորությունը ստացավ նաև այդ հանդիպումից, որն ուներ փաթեթավորում, սակայն ոչ բովանդակություն և արդյունքներ։ «Այդ տեսանկյունից էապես ավելի արդյունավետ էին հանդիպումները Սոչիում և Բրյուսելում ԵՄ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, քանի որ կազմակերպված էին նախապես, ինչը թույլ էր տվել որոշ հարցեր բանակցել և արդյունքներ ապահովել։ Իսկ ֆրանսիական հանդիպումը երևի թե նպաստեց բարձրաստիճան մակարդակում շփման դյուրացմանը»,- ասաց նա։
168.am