Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն օրեր առաջ հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵԱՏՄ դիտորդ անդամ։ Ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ բազմամյա հակասությունների հարթումը, Նազարբաեւը նշել է, որ արդեն կարելի է մտածել այն մասին, որ սկսեն բանակցություններ Ադրբեջանի հետ, որպեսզի դառնա Եվրասիական տնտեսական միության դիտորդ պետություն։

Իբրեւ իր ասածի հիմնավորում՝ նա հավելել է, որ եթե Ադրբեջանը ԵԱՏՄ-ում ստանա դիտորդի կարգավիճակ, ապա դա կնպաստի առեւտրի եւ մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման ակտիվացմանը։ Ղազախստանի առաջին նախագահին քաղաքականության մեջ նոր մարդ չես համարի։ Ավելին, նա հետսովետական տարածքի քաղաքական ասպարեզի հնաբնակներից է եւ գալիս է դեռ խորհրդային կայսրության վերջալույսի ժամանակներից։ Ուստիեւ, կարելի է հստակ ֆիքսել, որ նրա նման «ծեր աղվեսը» հենց այնպես նման մտքեր չէր արտահայտի, հատկապես, որ բոլորին է հայտնի նրա համակրանքն Ադրբեջանի եւ Ադրբեջանի ղեկավարության հանդեպ։ Կարող ենք ասել, որ այս հայտարարությունն ինչ-որ առումով ոչ միայն «բխում է Ռուսաստանի սրտից», այլ նաեւ համաձայնեցված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ի դեպ, ընթերցողը թերեւս կհիշի, որ 2015 թվականին, երբ արդեն ուժի մեջ մտավ ԵԱՏՄ ստեղծման պայմանագիրը, Ադրբեջանի այն ժամանակվա ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այդ կառույցի հետ ավելի խորացված հարաբերություններ ունենալու կամ այդ կառույցին անդամակցելու հետ կապված հարցին ի պատասխան ասել էր․ «Երբեք չի կարելի ասել՝ երբեք»։ Ի դեպ, դրանից ոչ շատ ժամանակ անց էլ՝ 2016 թվականի հոկտեմբերի վերջին, Մամեդյարովը կրեմլյան քարոզչամեքենայի առաջնագծում կանգնած Դմիտրի Կիսելյովի հետ ունեցած զրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը դեռ կհետեւի ու կուսումնասիրի միտումները, որոնք կլինեն ԵԱՏՄ-ում, եւ եթե այդ միությունը դառնա գրավիչ, ապա շատերը վերջինիս կմիանան, դրանով հասկացնելով, որ այդ շատերի շարքում Ադրբեջանը հաստատ իր ներկայությունն ապահովելու համար երկար սպասեցնել չի տա։

Այն ժամանակ, որքան էլ որ Ռուսաստանը կամ մյուս անդամները «տենչային» Բաքվին տեսնել իրենց շարքերում, սակայն կար Երեւանի հանգամանքը։ Այն ժամանակ շատ բան էր այլ, իսկ հիմա իրականությունը, կարելի է ասել, գլխիվայր է շրջված, ու տարբեր, հետեւաբար, հիմա նույն հարցի հետ կապված մոտեցումները կարող են այլ լինել։ Հատկապես, որ կարծես թե դեռ ուժի մեջ է Ռուսաստանում ադրբեջանական դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու այն հայտարարությունը, որ «եթե Հայաստանը կառուցողական դիրքորոշում ունենա, ապա Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարող է տեղի ունենալ շատ արագ», եւ նման պլաններ կան։ Այժմ կարծես թե ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Օրակարգային են այնպիսի հարցեր, ինչպիսին տնտեսական կապերի եւ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն է։

Ղարաբաղյան հարցը, ըստ էության, ամբողջապես անցել է Ռուսաստանի հովանու ներքո, քանի որ ռուս խաղաղապահներն են ապահովում Ղարաբաղի՝ հայկական հսկողության տակ մնացած տարածքներում խաղաղությունն ու անվտանգությունը։ Ռուսաստանի համար, հետեւաբար, կարեւոր է, որպես այս գործընթացի թիվ մեկ շահառու, Հայաստանին եւ Ադրբեջանին նաեւ ԵԱՏՄ կազմում նստեցնել կողք-կողքի՝ մյուս խնդիրները հարթելու համար։ Եվ, բացի այդ, եթե Մոսկվային հաջողվի Բաքվին բերել իր «եվրասիական ակումբ», ապա դա Հարավային Կովկասի նոր ճարտարապետության ընդհանուր կառուցակարգում իր համար կապահովի էական լծակներ։ Իսկ նման լծակների կարիք Ռուսաստանն ունի հատկապես հիմա, երբ նոր աշխարհակարգն է ձեւավորվում, ինչպես նկատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ «եվրասիական ակումբն» ունի առանձնահատուկ հարաբերություններ Իրանի հետ, իսկ Ադրբեջանն այս դեպքում դառնում է կարեւոր շահառու, քանի որ կարող է դառնալ տարանցման ուղի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։

Դժվար է ասել, թե Երեւանն իրեն ինչպես կպահի, եթե «ղազախական ծեր աղվեսն» Ադրբեջանին «եվրասիական ակումբ» բերելու իր հրավերի հարցում խոսքից անցնի գործի։ Սակայն կարեւոր է, որ Երեւանը կարողանա ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում եւ օգուտներ քաղել՝ մեջքն ուղղելու եւ ոտքի կանգնելու համար։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն