Հայաստանի մի շարք համայնքներում դեկտեմբերի 5-ի  ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը շարունակում է  լարված մնալ։ Խնդրներ են առաջացել մասնավորապես Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, Արարատի մարզի Վեդի համայնքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, Լոռու մարզի Վանաձոր համայնքում։

168.am-ը զրուցել է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ: Անդրադարձել ենք ՏԻՄ ընտրություններին և հետընտրական գործընթացներին։ Երիցյանը կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգից անցումը համամասնականին խնդիրներ առաջացրել է՝  հիմնականում 2-ը․

«Շատ քաղաքական ուժեր պատրաստ չէին, ուղղակի, և տեղական թիմեր էլ:  Դա է պատճառը, որ շատերն ուղղակի արհեստական կուսակցությունների հետ համաձայնության եկան։ Երկրորդը՝ ինձ թվում է, որ մեխանիզմները բավականաչափ մշակված չէին, ռեֆորմներն ամբողջական պետք է արվեին։ Հասարակական ընկալումների հարց էլ կար, որովհետև մարդիկ գրեթե 3 տասնամյակ մեծամասնական ընտրակարգին էին սովոր, հիմա շատերը չէին ընկալում, որ համամասնական ընտրակարգ է, ու ով շատ ձայն է հավաքել, ենթադրում է, որ ինքը պետք է հավակնի համայնքի ղեկավարի պաշտոնին:  Ճիշտ է, Վանաձորում նախկինում համամասնական ընտրակարգ կար, բայց միևնույն է, մարդիկ ընտրում են ավելի շատ համայնքի ղեկավարի թեկնածուին, քան կուսակցություններին, հայ իրականության մեջ մեծամասնական ընտրակարգն ավելի հոգեհարազատ է մարդկանց»։

Դիտարկմանը, որ այն համայնքներում, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է, ինչ-որ խնդիրներ են առաջացել, նոր ընտրություններ են փորձում կազմակերպել, ընդդիմադիր թեկնածուներին կալանավորում են, դատական գործընթացներ են սկսում, համայնքապետարանի բանալին և կնիքն է անհետանում․․․ Էմին Երիցյանն ասաց, որ միայն իշխող քաղաքական ուժի մոտ չեն այդ դրսևորումները, առանձին դեպքերում իշխող ուժ չէ, բայց նույն  դրսևորումները կան․

«Միակ տարբերությունն այն է, որ իշխանությունն ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործում»։

Մեկ այլ օրինակ, Վեդի համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընդդիմադիր ուժից անհամեմատ  քիչ ձայն հավաքած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է համայնքապետի պաշտոնակատար և փաստացի նոր նշանակումներ կատարել, ինչի իրավունքը օրենքով չուներ: Հայաստանի համայնքների միության նախագահն այդ փաստի առնչությամբ ասաց․

«Համայնքի ղեկավարների ու ավագանիների լիազորությունները դադարեցվում են օրենքի ուժով՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ դա ՏԻՄ օրենքի անցումային դրույթներում է։ Օրենսդրական բաց ունենք, Գարիկ Սարգսյանն իրավասու չէր նոր նշանակումներ անելու, որովհետև նման հաստիքներ կոնկրետ Վեդի խոշորացված համայնքում դեռևս գոյություն չունեն, այսինքն՝ վարչական ղեկավարների հաստիքներ գոյություն չունեն, այդ հաստիքացուցակը պետք է նորընտիր ավագանին հաստատեր, որը չկա, այսինքն՝ չկա նման հաստիք, որպեսզի այդ պաշտոնում նշանակում կատարվեր, եթե լիներ հաստիքը, որևէ իրավական սահմանափակում չուներ, նույնիսկ պաշտոնակատարն իրավասու էր վարչական ղեկավարների պաշտոնակատարներ նշանակելու․․․»։

Փարաքար համայնքում ևս հետընտրական գործընթացները դեռ շարունակվում են:  «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցներն ու համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն այսօր անգամ հասել էին Երևան և  բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի դիմաց, պահանջում էին չեղարկել ընտրության արդյունքները և նոր ընտրություններ նշանակել: Այս դեպքում  ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժ 50+1 քվե չէր կարողացել հավաքել, դրա համար  2 ուժ միացել, մեծամասնություն էին կազմել, հետո ավագանու նիստ էին հրավիրել ու համայնքապետ ընտրել: Բայց  «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ նշված ավագանու նիստը օրենքի խախտմամբ է  հրավիրվել և անցկացվել, քանի որ ավագանու անդրանիկ նիստից 21 օր էր անցել, իսկ օրենքով սահմանված է՝  20-օրյա ժամկետում ընտրել համայնքապետ։ Էմին Երիցյանը մեր հարցին ի պատասխան՝ պարզաբանեց,  որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավագանու նիստից հետո դատական գործընթաց է եղել, իսկ դատական օրերը պետք է համարվեն բաց թողնված օրեր։

«Իրականում երկշաբաթյա ժամկետի խնդիր գոյություն չունի, ուղղակի խնդիրն էլի օրսենսդրական է, որովհետև օրենսդրությամբ չի նշվում, որ դատական օրերը բաց թողնված օրեր են, բայց օբյեկտիվորեն դատական օրերը չի կարող հաշվարկվել․․․»։

Մեկ այլ, Վարդենիս խոշորացված համայնքում ստեղծված լարված իրավիճակը նույն դրդապատճառներն ունի: Այս դեպքում էլ  ավագանու 2 ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում նիստ են հրավիրել,  համայնքի ղեկավար են ընտրել, ապա եռօրյա ժամկետում տեղի է ունեցել համայնքի ղեկավարի երդմնակալության արարողություն, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն այս ընտրություններում բավարար ձայն չէր ստացել, նորից հայտարարել է, որ ավագանու նիստը օրենքի խախտումով է տեղի ունեցել, և առաջարկում են գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Ավելին՝ նախկին համայնքապետը հայտարարել է, որ համայնքապետարանի կնիքը և աշխատասենյակի բանալին հանձնել է աշխատակազմի ղեկավարին, սակայն վերջինը հերքել է, ասելով, որ իրեն որևէ մեկը բանալի և կնիք չի հանձնել: Այսինքն, ի՞նչ,  անհետացե՞լ են։

«Միայն հայտարարությունները որևէ արժեք չունեն, զուտ քաղաքական հայտարարություն են, եթե որևէ կողմ համարում է, որ կա իրավական խախտում, պետք է դիմի դատարան, ու դատական որոշմամբ դա արվի, եթե դա չկա, նշանակում է՝ ավագանու մեծամասնության որոշումն իրավազոր է, ու իրավապահ մարմինները պարտավոր են աջակցել ընտրված համայնքի ղեկավարին։ Վարդենիսի դեպքում մաքուր իրավապահ մարմինների խնդիրն է, որովհետև իրենք պետք է ապահովեն տեղական իշխանությունների գործունեությունը, ոչ թե խոչընդոտեն։ Իմ գնահատմամբ՝ Վարդենիսում մեծամասնություն գոյություն ունի և այդ մեծամասնությունը ավագանու որոշում կայացրել է։ Ինչ վերաբերում է կնիքի անհետանալուն՝ նոր կնիք կհանեն, որևէ խնդիր չկա»,– ասաց Էմին Երիցյանը։

Իսկ ահա Վանաձոր համայնքում տեղի ունեցող հետընտրական զարգացումների վերաբերյալ Երիցյանն ասաց, որ այնտեղ իրավիճակը մոտ է աբսուրդին․

«2 հանգամանք է։ Առաջինը՝ ավագանու նիստը պետք է կայանա՝ անկախ ամեն ինչից, որովհետև «Լուսավոր Հայաստան»-ի բողոքարկումը վարչական դատարան, առաջին ատյան եղել է և ընտրական վեճ է եղել ու դա չէր կարող վերաքննիչ գնալ, այսինքն՝ այն, որ ավագանու առաջին նիստը չի անցկացվում, դա, ինձ թվում է, ճգնաժամ է առաջացնում։ Երկրորդը՝ համայնքի ղեկավարի թեկնածուն, անկախ նրանից, որ կա քրեական գործ, պետք է պետությունը երաշխավորի նրա մասնակցությունն առաջին նիստին»,- եզրափակեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն