Նախկին պաշտոնյան ասում էր՝ բանակցություններին բաներ էինք խոսում, որի համար կդատեին՝ որպես դավաճան
Այսօրվա առցանց ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներից մեկը հարց էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ արդյո՞ք համարում է նա, որ այսուհետև Արցախի հարցի ու կարգավիճակի վերաբերյալ հարցի պատասխանատուն Արցախի իշխանություններն են։
«Մենք համարում ենք, որ հանգամանքների… մենք երջանիկ չենք, որ Հայաստանը կամ Հայաստանի Հանրապետությունն ինքը Արցախի նախկին ղեկավարների ձեռամբ, որոնք հետագայում դարձան Հայաստանի ղեկավար՝ դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Մենք երջանիկ չենք և դա համարում ենք բանակցային գործընթացի համար աղետաբեր, բայց այսօր փաստ կա այդպիսի, որ դա է իրավիճակը, և մենք չենք կարող ասել, որ դրա համար Արցախի իշխանությունն է պատասխանատուն, կամ Արցախի իշխանությունը դրա համար պատասխանատու չէ, պատասխանատվություն չունի։ Պարզ է, որ Հայաստանն այսօրվա իր բանակցային կարգավիճակով ունի առաջնային պատասխանատվություն այդ հարցում, ո՞վ է դա երբևէ կասկածի տակ դրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հարցում Հայաստանից կողմից սահմանված «կարմիր գծերին» և Մինսկի խմբի ձևաչափին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբեմն ինքը հայտարարություններ է անում, որոնց շարժառիթները մինչև վերջ բացահայտելու պատեհություն չի լինում։
«Ես ուզել եմ և փորձել եմ դա անել, միշտ չի հաջողվել, իհարկե, ցավոք։ Ես ուզում եմ, որ այն, ինչն ասում եմ այստեղ, և այն, ինչ ասում եմ բանակցային սեղանի շուրջ, իրարից չտարբերվեն։ Վերջերս նախկին բանակցային գործընթացին մասնակցած մի նախկին պաշտոնյա մի նախադասություն է ասել, որը շատ տպավորվել է, շատ խորը հետք է թողել։ Ասում էր, որ բանակցություններում այնպիսի բաներ էին խոսում, որ եթե դրա մասին իմացվեր, Հայաստանում մեզ կարող է որպես պետական դավաճան դատեին։ Անձնական զրույցի ժամանակ է եղել, խնդրում եմ չհետամտել, թե ով է եղել հեղինակը։ Հետահայաց նայել եմ և տեսել եմ, որ 2018-2019 թվականներին արդեն այդ խոսացածները կյանքի կոչելու ժամանակն էր եկել։ Ես միշտ մտածում էի, որ կարող է՝ սխալ եմ արել, որ այդպես չեմ վարվել, բայց հետո երկար եմ վերլուծել, որ՝ չէ, այդպես չէ։ Մի աշխատանքային գաղտնիք բացեմ՝ մի փաստաթղթի վրա, որը կապված էր բանակցային գործընթացի, նոր հանգրվանի և այլնի հետ, թուղթը գաղտնի էր, բայց այնպիսի մակագրություն արեցի, որն ուղղված էր Անվտանգության խորհրդի անդամներին։ Գրեցի, որ ես ուզում եմ, որպեսզի մենք համոզվենք, որ բանակցային գործընթացի հետ առնչվող կամ ներգրավված կամ որևէ մի հատվածի տիրապետող մեր պետական ինստիտուտները ճիշտ են հասկացել մեզանից առաջ տեղի ունեցած բանակցային գործընթացի էությունը»,- շեշտեց Փաշինյանը:
Մինսկի խմբի ձևաչափի մասին էլ ասաց, թե ի վերջո պետք է հասկանալ, թե ինչի վրա է հենվում դիվանագիտությունը։
«Պետք է հասկանանք թե ինչի վրա ենք հենում մեր դիվանագիտությունը, շուտասելուկի՞, թե՞ ոչ շուտասելուկի։ Կոմունիկացիաների բացումից Արցախը ստանալու է անվտանգություն և բարեկեցության իր բաժինը»,- շեշտեց նա։
168.am