Լուսինե Բադալյանի պահվածքը պիտի քննվի էթիկայի հանձնաժողովում․ ԱԺ-ի մոտ ակցիա է
Հունվարի 28-ին բոլորս ականատես ենք եղել մի դրվագի, երբ Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Բադալյանը Եռաբլուրում կանգնած ծիծաղում էր։ Այդ դրվագը շատ քննարկվեց համացանցում ու մինչև երեկ ես չէի տեսել գոնե մի հայտարարություն նրա կողմից, որ ինքը՝ Բադալյանը, ցավում է կատարվածի համար։ Հենց նոր տեղեկացա, որ ինքը միայն նոր է հայտարարություն տարածել, որտեղ նշում է, թե իրեն գաղտնի են նկարահանել, իսկ ինքը ուղղակի մի ջերմ պատմություն է հիշել ու դրա համար է ծիծաղում։ Հիմա ես ուզում եմ էդ անձին հարցնել՝ ինքը առհասարակ քանի անգամ է եղել Եռաբլուրում։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախյան երկու պատերազմի մասնակից, զոհված Տիգրան Խանումյանի քույրը՝ Գոհար Խանումյանը։
Նշենք, որ թեպետ պատգամավորը քիրչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել հունվարի 28-ին Եռաբլուրում թույլ տված հրճվանքի համար, սակայն ակցիան պլանավորածի պես տեղի է ունենում։
«Տիկին, դուք քանի անգամ եք եղել Եռաբլուրի շիրիմներին, էն տղերքի շիրիմներին, որոնք գրեթե Ձեր որդու հասակակիցներն են։ Տիկին Բադալյան, որն է Ձեր պահվածի պատճառը, էս ի՞նչ եք սերմանում երիտասարդների մեջ։ Մենք շատ հստակ արձանագրեցինք նաև, որ ոչ միայն ինքը, այլ իր կուսակիցներից հենց շատերն էլ այնտեղ գտնվում էին պատահական՝ չգիտակցելով, թե որտեղ են գտնվում, նրանք չեն գիտակցել պահի լրջությունը։ Եթե էս անձը ներկայացնում է Ազգային ժողովը ու ներկայացնում է հենց իշխող ուժը, ինչպես է թույլ տալիս իրեն նման պահվածք։ Ես հանդիպում եմ պահանջում ու պահանջում եմ, որպեսզի նրա վարքը քննվի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում։ Պետք է պարզ լինի՝ արդյոք հարիր է նման պահվածքը Ազգային ժողովի պատգամավորին։ Ես պահանջում եմ, որպեսզի հաջորդ անգամ պատժվի այն ցանկացած անձը, որը կհանդգնի Եռաբլուրում նմանատիպ պահվածք ցուցաբերել։ Ցանկացած անհարգալից պահվածք, որը տեղի կունենա մեր հերոսների նկատմամբ, այն էլ Եռաբլուրում, միանշանակ պիտի պատժվի։ Ծամոն ծամելով Եռաբլուր են բարձրանում ու անձնական պատմություններ հիշում կամ պատմու՞մ, չհասկացանք, լավ, սա ի՞նչ բան է ։ Լուսինե Բադալյանը քանի հերոս գիտի, կամ նրանցից էդ որ մեկն է հերոսի դռան դուռ բացել, ասել ՝ եկել ենք, ո՞նց եք, ո՞նց եք ապրում։ Կամ որ գալիս են Եռաբլուր, զոհվածի ծնողին ու հարազատին ինչի են փակում, տանում մի կողմի վրա, ինչ է իրենք մտնեն։ Եթե էդքան վստահ եք Ձեր ուժերին, ինչի չեք գալիս մի հատ նայեք մարդկանց աչքերի մեջ»,- հավելեց նա։
Hraparak.am