Այն, ինչ կատարվում է դատական համակարգում, որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ
Այս տարվա հունվարի 24-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական առաջին նիստը։ Վարդազարյանի գործառույթները, հիշեցնենք, ժամանակավորապես կասեցվել են, քանի որ նա մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։ Նիստը հետաձգվել է, քանի որ Վարդազարյանի պաշտպան Երեմ Սարգսյանին հետաքրքրել է՝ արդյոք այս գործը ձեռքո՞վ է մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին։ Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ գործերի ավտոմատ մակագրման էլեկտրոնային համակարգը չի աշխատում, քանի որ ԱԱԾ-ն առգրավել է սերվերներն ու հետ չի տալիս։ Երեմ Սարգսյանը միջնորդել է հետաձգել դատական նիստը, որպեսզի հնարավորություն ունենա ստանալու իրենց համար էական հարցերի պատասխանները, հետո կորոշեն՝ դատավորին ինքնաբացարկ հայտնե՞լ, թե՞ ոչ։ Հաջորդը նիստը նշանակված է մարտի 21-ին։
Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հարցում են արել դատարանի նախագահին, որպեսզի պարզեն՝ դա օրենքի հիման վրա ստեղծված դատարա՞ն է, թե՞ ինչ-որ մեկի սուբյեկտիվ կամարտահայտմամբ է գործը մակագրվել այդ դատավորին։
«Ես ավելի քան վստահ եմ, որ ինչ-որ մի պատասխան կստանանք, բայց դա չի լինի այն պատասխանը, որն ակնկալվում է։ Ամենայն հավանականությամբ, գործը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի, բայց սա ամենեւին չի նշանակում, որ դատավորն է վատ, կամ դատավորի անձի հետ կապված չէ։ Սա ավելի շատ մակագրման համակարգի առգրավման հետ կապված խնդիր է»,- ասաց Վարդազարյանը։
- Բայց հայտնի է, որ ԱԱԾ-ն առգրավել է համակարգի սերվերները, ինչը համարվում է «անհաղթահարելի ուժ», հետեւաբար, ձեռքով են մակագրվում գործերը։ Իհարկե, պարզ է, որ միտում կա դրանում, որ ում ցանկանան՝ մակագրեն կոնկրետ գործը, բայց Դուք, ամեն դեպքում, առկա իրավիճակին տիրապետում եք, թե ինչու է ձեռքով մակագրվել։
- Միանշանակ տիրապետում եմ, ես իմ կարծիքն ունեմ, բազմիցս կարծիքս բարձրաձայնել եմ, կարող եմ եւս մեկ անգամ շատ կարճ Ձեր լրատվամիջոցին ներկայացնել։ Տեսեք, Խորհրդային Միության փլուզումից հետո մեր պետությունը 30-ից ավելի տարիներ համակարգված գնացել է դատական բարեփոխումների ուղղությամբ։ Եղել է՝ մեծ քայլերով կամ լոնքերով ենք առաջ գնացել, եղել է՝ դանդաղ ենք առաջ գնացել, բայց պրոցեսը երբեք հետընթաց չի ապրել, մենք միշտ առաջ ենք շարժվել։ Եվ այդ մեծ քայլերից մեկը եղել է պատահականության սկզբունքով ավտոմատ մակագրման համակարգը։ Դատական իշխանության համար դա հեղափոխական որոշում էր, որն օրենքի պահանջն էր։ Որոշ դատարանների նախագահներ դա ծանր տարան եւ չընդունեցին, որոշները գտան, որ սա հարցի լուծումն է։ Համենայնդեպս, մենք ունեինք ժամանակակից առաջընթաց դատական իշխանությունն առողջացնելու հարցում։ Հիմա մենք ունենք զգալի եւ մեծ հետընթաց, այսինքն՝ մենք այդ ավտոմատ մակագրման համակարգից հետ կանգնեցինք, եւ գործերը սկսեցին մակագրվել ձեռքով։ Իսկ դա զավեշտալի իրավիճակներ է ստեղծում դատական համակարգում։ Համենայնդեպս, իմ խորին համոզմամբ, Եվրոպական դատարանը, վաղ թե ուշ, անդրադառնալու է այդ հարցին եւ ՀՀ-ի դեմ որոշում է կայացնելու՝ արձանագրելով այն փաստը, որ այդ բոլոր ձեռքով մակագրությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում են, եւ այդ գործերը, որոնք ձեռքով են մակագրվել, նույնիսկ եթե մտած լինեն օրինական ուժի մեջ, միեւնույն է, վճռաբեկ դատարանի կողմից ստիպված բեկանվելու են եւ գնալու են նոր քննության։
- Օրերս ԵԽԽՎ-ն հրապարակեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձեւը, որտեղ անդրադարձ կար դատական համակարգին, այդ թվում՝ ԲԴԽ-ին: ԵԽ-ն դիտողություն էր արել, որ պետք է ԲԴԽ-ն հնարավորություն տա՝ դատավորների նկատմամբ կայացված կարգապահական վարույթները բողոքարկելու։
- Ես ծանոթ եմ բանաձեւի այն կետերին, որոնք վերաբերում են դատական համակարգին, համարում եմ, որ դիտողությունը տեղին է՝ անձը, քաղաքացին, իրավաբանական անձը արդար դատաքննության իրավունք ունեն, եւ արդար դատաքննության իրավունքի մեջ մտնում է նաեւ բողոքարկման իրավունքը։ Իսկ ինչ վերաբերում է դատավորին, որի պաշտպանվածության աստիճանը, եթե ոչ ավել, ապա պետք է հավասար լինի շարքային քաղաքացու պաշտպանվածության աստիճանին, զրկված է դրանից, այդ պաշտպանությունը չունի։ Այսինքն՝ ԲԴԽ-ն որոշում է կայացնում, եւ այդ որոշումն ուժի մեջ է մտնում բողոքարկման պահից։ Հետեւաբար, միանշանակ խախտվում է դատավորի արդար դատաքննության իրավունքը։ Այդ հարցը ժամանակին եղել է օրակարգում, քննարկվել է ե՛ւ արդարադատության նախարարի հետ, ե՛ւ Ազգային ժողովում է քննարկվել, եւ վաղ թե ուշ, միեւնույն է, այդ բողոքարկման ինստիտուտը լինելու է, որովհետեւ դա միայն ԵԽԽՎ-ն չի արձանագրել, դա արձանագրել են նաեւ մեր իրավաբանները, եւ դա, վաղ թե ուշ, լինելու է։ Ուղղակի օրենսդրական կարգավորման կարիք ունի, եւ ֆինանսական միջոցների սղությունը դրա վրա կարող է ազդել, որովհետեւ եւս մեկ ատյան, որը պետք է այդ բողոքը քննի, պարզ է, որ պետությունն այս պատերազմից հետո, քովիդից հետո այդ գումարները չունի։
- Իշխանությունները թմբկահարում են այն, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու առաջընթացը։ Կարծում եք, որ Հայաստանը վերջին երեք տարիներին եւ հատկապես վերջին տարին, ժողովրդավարության առումով առաջընթա՞ց է գրանցել։
- Ես կարող եմ ասել, որ այն, ինչ կատարվում է դատական համակարգում, որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ, որովհետեւ մենք ունենք լուրջ հետընթաց, եւ այդ հարցով միանշանակ համաձայն չեմ։ Եթե նկատի ունեն այն իրավիճակը, որ այսօր առկա է դատական համակարգում, դա համարվում է ժողովրդավարական պրոցես, ապա եվրոպացիներն ուղղակի իրականությունը չեն ըմբռնում այն ծավալով, որն իրականում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։
Hraparak.am