Փաշինյանը ուզում է ստեղծել միակուսակցական համակարգ. նպատակն ընդդիմության ոչնչացումն է
Փաշինյանի վարչակազմը որոշել է տոտալ վերահսկողություն հաստատել քաղաքական դաշտի նկատմամբ, եթե հնարավոր է երկիրը դարձնել միակուսակցական կամ, վատագույն դեպքում, լիցենզավորել մի քանի սատելիտ կուսակցությունների գոյությունը, որոնք ոչ մի վտանգ չեն ներկայացնի իր իշխանությանը, բայց բազմակուսակցականության երեւութականություն կստեղծեն: Մրցակից կուսակցություններին վերահսկելու եւ նրանց քաղաքական պրոցեսներին մասնակցելու հնարավորությունից զրկելու համար իշխանությունը, ի դեմս արդարադատության նախարարության, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծ է ներկայացրել:
Չմտնելով այդ փոփոխությունների իրավաբանական նրբերանգների մեջ, նշենք այն մի քանի կարեւոր դրվագները, որոնցով այս օրենքը տարբերվելու է գործողից, եւ որոնց միջոցով իշխանությունը փորձելու է փակել կամ նվազագույնի հասցնել անհնազանդ կուսակցությունների գործունեությունը: Առաջին սկզբունքային տարբերությունն այն է, որ կուսակցությունների գործունեությունը համակարգելու է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը հիմնականում պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման գործընթացն է կառավարում: Միայն այն փաստը, որ Փաշինյանի ռեժիմը կուսակցության քաղաքական գործունեությունը կապում է կոռուպցիայի հետ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ նպատակը երկրում քաղաքական ազատությունների կտրուկ սահմանափակումն է, կուսակցությունների գործունեության մեջ կոռուպցիա փնտրելը:
Նոր փոփոխություններով առաջարկվում է շատ կոշտ վերահսկողություն սահմանել կուսակցությունների ֆինանսական հոսքերի նկատմամբ: Մասնավորապես նախատեսվում է կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների գույքի եւ եկամուտների հայտարարագրում, սահմանվում է նաեւ անդամավճարի, նվիրատվության եւ մուտքի վճարի առավելագույն չափը, կուսակցությունները պարտավոր են լինելու անցնել տարեկան աուդիտ, իսկ աուդիտ իրականացնողին որոշելու է ոչ թե կուսակցությունը, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սա նշանակում է, որ իշխանությունն ուզում է վերահսկողություն սահմանել կուսակցության ֆինանսական հոսքերի նկատմամբ, եւ սա մի երկրում, որտեղ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդը ենթարկվում է ճնշումների, քաղաքական հալածանքների եւ ավելի ու ավելի հաճախ՝ քրեական հետապնդման: Մի պահ պատկերացրեք, որ ինչ-որ մեկը 1 միլիոն դրամի նվիրատվություն է կատարում որեւէ կուսակցության օգտին. ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո:
Իհարկե, դուք ճիշտ եք. այսպես կոչված՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղում յուրացնում է տվյալ անձի գույքը՝ այն հռչակելով ապօրինի: Ունեզուրկ մարդը նման նվիրատվություն չի կարող անել, քանի որ նրան հարցնելու են, թե այդ գումարը որտեղից, հարկեր մուծե՞լ ես, թե՞ ոչ։ Մի խոսքով, այնպիսի մի հետաքննություն-գլխացավանք, որի տակ ոչ մեկը չի ցանկանա մտնել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման լիազորություններով օժտված չէ եւ, բնականաբար, չէր կարող օգտագործվել որպես քաղաքական հետապնդումների եւ քաղաքական հակառակորդների ոչնչացման գործիք: Նույնը վերաբերում է կուսակցության ղեկավար կազմին. ո՞ր մի քիչ թե շատ ունեւոր քաղաքացին կհամաձայնի լինել կուսակցության մշտապես գործող ղեկավար կազմի անդամ, եթե նրա գույքը ցանկացած պահի կարող են խլել նրանից՝ կոռուպցիայի կանխարգելման շրջանակներում: Իսկ որ կխլեն, կարելի է չկասկածել։ Որովհետեւ որեւէ մեկը չի կարող մինչեւ վերջին կոպեկը բացատրել, թե այդ գույքն իրեն որտեղից, ապացուցել այդ միջոցների 100 տոկոսանոց թափանցիկությունը: Ի վերջո, եթե նման նպատակ չլիներ, այդ հանձնաժողովը չէր ստեղծվի, մի՞թե պարզ չէ, որ հանձնաժողովը ստեղծվել է քաղաքական հակառակորդներին վերահսկելու եւ ոչ թե կոռուպցիան վերահսկելու համար, որի միակ հասցեատերն իշխանությունն է եւ ոչ թե ընդդիմությունը:
Նիկոլ Փաշինյանի նպատակը պարզ է. կուսակցական գործունեությամբ զբաղվելը դարձնել անօթեւանների ու դառը աղքատների մենաշնորհը, ովքեր ո՛չ փող կունենան կուսակցական գրասենյակ պահելու, ո՛չ ընտրություններին մասնակցելու: Նրանց քաղաքական գործունեությունը կսահմանափակվի պատերի տակ իշխանության հասցեին բամբասելով, իսկ առավել արմատական ընդդիմադիր բոմժերը, որոնք կանցնեն թույլատրելիի չափը եւ կհայհոյեն, կհայտնվեն կալանավայրերում: Դրա համար էլ կան հատուկ օրինական կարգավորումներ:
Հասկանալով, որ ինքն ու իր ռեժիմն այլեւս չունեն որեւէ կարգի հանրային աջակցություն, եւ ցանկացած քիչ թե շատ նորմալ ընտրություն վերածվելու է իշխանության ֆիասկոյին, ինչի ամենաակնհայտ ապացույցը ՏԻՄ ընտրություններն էին, Փաշինյանը որոշել է վերացնել ընդդիմադիր կուսակցությունները՝ նրանց զրկելով գործունեության հնարավորությունից, այդ թվում՝ ընտրություններին մասնակցելու: Սա այնքան էլ կատեգորիկ պնդում չէ, եթե նկատի ունենանք, որ առանց ֆինանսական միջոցների ցանկացած կուսակցություն զրկված է լինելու քաղաքական գործունեություն ծավալելուց: Ինչպես արդեն նշեցի, եթե կուսակցությունը զրկվի ֆինանսական հոսքերից, նրա գործունեությունը կարելի է ավարտված համարել:
Մի կողմից խոչընդոտելով եւ սահմանափակելով ընդդիմադիր կուսակցությունների գործունեության հնարավորությունը, Փաշինյանն օրենսդրորեն պարարտ եւ բարեբեր պայմաններ է ստեղծում իրեն սպասարկող քաղաքական կուսակցությունների համար, օրենսդրորեն նրանց համար սահմանելով երաշխավորված պետական ֆինանսավորում: Չխորանալով այդ ֆինանսավորման հատկացումների մեխանիզմների մեջ՝ կարելի է չկասկածել, որ այն հատկացվելու է գրպանային կուսակցություններին, եւ դրանք, ստանալով պետական ֆինանսավորում, դառնալու են ոչ թե իշխանամետ կամ պետականամետ, այլ հենց պետական:
Փաշինյանն առավել, քան որեւէ մեկը, տեղեկացված է, թե իշխանազավթման գործում որքան կարեւոր է անվերահսկելի ֆինանսական միջոցների առկայությունը: Իր իշխանության հետագա պահպանումը նա տեսնում է քաղաքական հակառակորդների ոչնչացման մեջ եւ այդ ճանապարհին խտրականություն չի դնելու միջոցների մեջ՝ օգտագործելով ինչպես բացահայտ ապօրինություններն ու բռնաճնշումները, այնպես էլ, այսպես կոչված, օրենսդրական կարգավորումներն իր ցանկություններին ու քմահաճույքներին համապատասխանեցնելը:
Ավետիս Բաբաջանյան
Hraparak.am