Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը և Լուսինե Բադալյանն առաջարկում են, որպեսզի ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվեն միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ինչը, ըստ հեղինակների, թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը դարձնել վերահսկելի:

Լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն ասաց, որ ժամանակին հնարավորություն է տրվել այլ կազմակերպությունների` իրականացնել ախտաբանաանատոմիական դիահերձում, որոնք կարող են կից չլինել բժշկական հաստատությունը։

«Ինչպես փոխնախարարը նշեց, սա բերել է նրան, որ դիահերձումների թիվը ՀՀ-ում կտրուկ աճել է 36%-ից հասնելով 90%-ի։ Այնինչ եվրոպական միջին ցուցանիշը 26.5%-ն է։ Իրականացվում են անհարկի դիահերձումներ, սա իր հետ բերում է նաև ֆինանսական ծախսեր, ինչպես նաև չի իրականացվում որակի վերահսկում։ Տեսչական մարմինը իրականացնում է միայն լիցենզիայի պայմանների ստուգում։ Որակի վերահսկողություն բժշկական հաստատությունները իրականացնում են միայն իրենց վերահսկողության ներքո գտնվող ախտաբանաանատոմիական հաստատություններում։ Պետք է հասկանալ, որ ախտաբանաանատոմիական ծառայությունը բժշկագիտություն է»,- ասաց Զեյնալյանը։

Հարցին` քանի մասնավոր կազմակերպություն կա այս պահին ախտաբանաանատոմիական ծառայություն իրականացնող, Զեյնալյանը նշեց, որ դրանք 8-ն են, որոնց գործունեությունը նախագծի ընդունման դեպքում, կսահմանափակվի։

«Նրանց կտրվի 6 ամիս ժամանակ, ապա լիցենզիան կդադարեցվի։ Այս հաստատությունները չունեն հյուսվածքաբանական լաբորատորիա, հյուսվածքը ուսումնասիրելու, մահվան ճիշտ պատճառը բացահայտելու, դրանք համադրելու կլինիկական ախտորոշման համար և այլն։ Ամբողջ վիճակագրությունը խեղաթյուրվում է։ Հիվանդանոցները առնվազն իրականացնում են որակի վերահսկողություն իրենց ենթակայության ներքո գտնվող ախտաբանաանատոմիական հաստատությունների նկատմամբ»,– ասաց նա։

Անդրադառնալով կորոնավիրուսի վիճակագրությանը Հայաստանում, Զեյնալյանը նշեց. «Թվերը բավական բարձր են, տարածված է մեծամասամբ «Օմիկրոն» տեսակի շտամը, որը ունի տարածվածության մեծ ցուցանիշ, բայց սրանք զուգահեռ բարեբախտաբար մահացության ցուցանիշը խիստ ցածր է այլ շտամերի համեմատ։ Ըստ էության, մենք գնում ենք այնպիսի իրավիճակի, որ դա կլինի սովորական շրջանառվող վիրուս ամբողջ երկրագնդով, ինչպես սեզոնային գրիպի վիրուսն է, մարդիկ կվարակվեն, կլավանան սովորական հարբուխի տեսքով և հոսպիտալացման կարիք մեծամասամբ չի լինի»։

Նարեկ Զեյնալյանը նշեց, որ «Օմիկրոնի» տարածվածության պատճառը այն է, որ վարակելիության աստիճանը շատ ավելի բարձր է։ «Թե որքանով են պատվաստումները էֆեկտիվ «Օմիկրոնի» համար, վիճակագրական վերլուծություն այս պահին չեմ հանդիպել։ Հայաստանում ունենք բնակչության 2 դեղաչափով 40% պատվաստվածություն, բայց սա բավական ցածր ցուցանիշ է, որպեսզի չունենանք վիրուսի տարածվածություն, սա օգնում է, որպեսզի հոսպիտալացման դեպքերը պակասեն, բայց քանի դեռ չունենք 90% և ավել պատվաստվածություն, ունենալու ենք համաճարակային իրավիճակ»,- ասաց Նարեկ Զեյնալյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն