Հարցազրույց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ

- Տիկին Հակոբյան, Արցախի ներքաղաքական կյանքում կարծես թե բուռն գործընթացներ են, սահմանադրական փոփոխություններ, առաջիկայում՝ արտահերթ ընտրություններ, տեղեկություններ կան, որ Արցախի նախկին նախագահները քաղաքական ուժ են ձեւավորում։ Դուք տեղյա՞կ եք այդ մասին։

- Ճիշտն ասած՝ ես նման տեղեկություններ չունեմ, գուցե խոսակցություններ են, կարծում եմ՝ եթե լուրջ հայտ լիներ, գուցե կիմանայինք։ Կամ՝ գուցե ներկայիս նախագահն է նման լուրեր տարածում, որովհետեւ հիմա իրեն պետք է նման ապակայունացնող լուրեր տարածելը։ Տեսեք՝ հիմա մենք այստեղ ունենք գրպանային ընդդիմություն, խոսքը մասնավորապես արտախորհրդարանական ուժերի մասին է, որոնց Հայաստանի լրատվական դաշտն ընդդիմություն է ընկալում, բայց նրանք ժամանակին ներդրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Մոլի նիկոլականներն ինչպես պատերազմից առաջ էին ակտիվացել, այնպես էլ հիմա՝ հերոսներին թիրախավորելը, հերոսներին արժեզրկելը նրանց գործն է։ Հերոսներ են նաեւ նախկին նախագահները, մարդիկ, ովքեր հաղթանակների տերն են։ Եվ եթե լուրեր են շրջանառվում, հավանական է, որ նրանց կողմից կլինեն նման լուրերը։ Որովհետեւ Արցախում հիմա իրականում ոչ թե իշխանությունների հետ համագործակցության գործընթաց է գնում, այլ առողջացման, իրենք նաեւ դա են փորձում կեղտոտել։ ՀՀ իշխանություններին, բնական է, որ ձեռնտու չէ Արցախի քաղաքական առողջացումը, եւ այս ուժերին օգտագործում են ապակայունացնելու համար, գործընթացի անունն էլ դնում են «համագործակցություն», որպեսզի նաեւ թիրախավորեն իրական ընդդիմությանը։ Իրականում համագործակցություն չկա, մենք ոնց պահանջատեր էինք իշխանությունների հրաժարականի, նույնկերպ կա այդ պահանջը։ Այլ հարց է, որ խնդիր ունենք Սահմանադրության փոփոխության, եւ դրա շուրջ ընդամենը խորհրդատվական հանդիպումներ են տեղի ունենում, հանձնաժողով է արդեն ստեղծվել, մենք գնում ենք սահմանադրական լուրջ փոփոխությունների, կառավարման համակարգ ենք փոխում, ինչի արդյունքում էլ մենք, վստահ ասում եմ, որ ամենաուշը մեկ տարի հետո կունենանք ե՛ւ նոր խորհրդարան, ե՛ւ նոր նախագահ։ Այսինքն՝ մենք, այսպես թե այնպես, հասնելու ենք այն խնդրի լուծմանը, ինչը մեր առջեւ դրել էինք։ Այդ ուժերին սա ձեռք չի տալիս, դրա համար իրենց պետք է ապակայունացում։

- Իսկ ի՞նչ վատ բան կա նրանում, որ նախկին նախագահները քաղաքական հայտ ներկայացնեն, կուսակցություն ձեւավորեն։

- Չեմ կարող ասել՝ նման նպատակ ունեն, թե չունեն, բայց որ առավել քան վստահ եմ, որ նախկին նախագահները, ոչ պակաս քան մենք, մտահոգված են Արցախի խնդիրներով, ինչպես Հայաստանում երկրորդ եւ երրորդ նախագահները։ Համենայնդեպս, բացահայտ հայտ չի երեւում։

- Արայիկ Հարությունյանը «Ազատ հայրենիք» կուսակցության 17 ամյակի հավաքին, ասում են՝ հայտարարել է հեռանալու մասին, եւ դրանով է նաեւ պայմանավորված նախկին ղեկավարների ակտիվացումը։

- Իրենց ժողովից, այո, այդպիսի խոսակցություններ լսել ենք, բայց չմոռանանք, որ ինքը նոր չի ասում դրա մասին, ավելի վաղ էլ հայտարարեց, թե քաղաքականությունից դուրս է գալիս։ Ենթադրում եմ, որ այս հայտարարությունը եւս տեղավորվում է այն խաղի մեջ, որ նրանք են տանում։ Չմոռանանք, որ ԱԺ-ում Արայիկ Հարությունյանի թիմը ներկայացված է դաշինքով՝ «Ազատ հայրենիք» եւ ՔՄԴ (Քաղաքացիական միացյալ դաշինք), գուցե այսօր քաղաքական հասարակությունը քիչ ուշադրություն է դարձնում ՔՄԴ կուսակցությանը, որը նույնպես այլընտրանքային տարբերակ էր եւ ստեղծվեց ընտրությունների ժամանակ․ նրանք երիտասարդների խումբ էին՝ մի մասը դաշնակցական թեւից պոկված, տարբեր ուժերից, որոնք առաջարկ էին անում բոլոր ուժերին, եւ, ի վերջո, Արայիկ Հարությունյանն ընդունեց նրանց առաջարկը։ Հիմա էլ, ըստ օդում կախված լուրերի, լուրջ ֆինանսավորվում են հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի խողովակներից եւ պատրաստվում են որպես ալտերնատիվ տարբերակ հանդես գալ՝ գուցե ոչ ԱՀ նախագահի դեմքով, կարծում եմ՝ ուրիշ դեմքով ինքը կփորձի քաղաքականության մեջ մնալ, համենայնդեպս ՔՄԴ-ի ներկայիս ակտիվությունը դրա մասին է հուշում, մինչդեռ մինչեւ վերջերս բացարձակ պասիվ էին։ Հիմա քարոզարշավ են սկսել, եւ զգացվում է՝ մեծ գումարներ են ծախսում։ 

- Դուք եւս չեք հերքում, որ նախընտրական շրջան է Արցախում, այդ դեպքում ինչո՞ւ նախկին նախագահները չեն կարող հայտ ներկայացնել։

- Իրականում Արցախում ծանր վիճակ է, ոչ թե անդունդի եզրին է, այլ բավականին ներքեւում, եւ վեր բարձրանալու խնդիր կա։ Ես վստահ եմ, որ ո՛չ մեր նախկին նախագահները, ո՛չ հաղթանակ բերած գեներալիտետը երբեւէ չեն կարող ապակայունացնող վիճակ ստեղծել, եւ իրենց ցանկացած գործողությունները Արցախը փրկելու գաղափարի շուրջ են։ Իրենք այնքան չափված-ձեւված իրենց քայլերը կանեն եւ արել են, որ որեւէ կերպ չեն վնասի Արցախին։ Իշխանություն գրավելու խնդիր, հաստատ, չի լինի, որովհետեւ այսօր ցանկանալ Արցախում իշխանության գալ, նշանակում է կա՛մ ուզենալ օգտվել այն ֆինանսական հոսքերից, որ կան դեպի Արցախ, կա՛մ դրդված իրական հայրենասիրությունից՝ մտնել իրական բեռի տակ։ Մենք՝ որպես ընդդիմություն, երկրորդ տարբերակն ենք ընտրել, տեսանք, որ մյուս թեւը, կամակատար լինելով, ինչպես կործանեց Արցախը, նույն այս թիմը՝ ի դեմս ՔՄԴ ղեկավարի, ամիսներ առաջ խորհրդարանում ասում էր՝ շատ լավ Սահմանադրություն է, բացարձակ կարիքը չկա փոխելու, բայց շատ կարճ ժամանակ անց հայտարարում է, որ դրա կարիքը կա, պիտի գնանք եւ այլն։ Այս մարդիկ առաջնորդվում են միայն իրենց շահերով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն