Վերջին առնվազն 4 տարիների ընթացքում քրեական գործեր քննող որևէ դատավոր չի եղել, որի վերաբերյալ ոչ միայն անձեռնմխելիության հարց բարձրացվի մեղադրանքի մասով, այլև կալանքի։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին առնչվող գործին։

«Ամենակասկածելին այն է, թե ինչ ժամանակամիջոցում այս որոշումը կայացվեց։ Մենք ունենք քաղաքական բովանդակություն ունեցող դատավարություն, որի արդյունքում ազատ արձակվեց Աշոտ Մինասյանը, և դրանից մի քանի օր անց երկու ամիս առաջ եղած դեպքերի առնչությամբ Դատախազությունը նման որոշում է կայացնում։ Բոլորս միակարծիք ենք մի հարցում՝ եթե անգամ գործ ունենք իրավիճակի հետ, որ դատավորը մի փոքր այլ կերպ պետք է վարվեր, մի բան ակնհայտ է՝ այստեղ քրեական արարքի մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող»,-ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:

Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։

Հիշեցնենք նաև, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն