Հարցազրույց գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ

- Պարոն Գասպարյան, օրեր առաջ երկրի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը, հրաժարականի տեքստում նա գրել էր, որ չուներ բավարար լծակներ՝ ազդելու երկրում տիրող իրավիճակի վրա։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը․ Ձեզ համար ընկալելի՞ է այդ բացատրությունը։

- Ես այդ հրաժարականը շատ տրամաբանական կհամարեի, եթե լիներ Հայաստանում, եթե նա նախագահի իր առանձնասենյակում նստած՝ իր հրաժարականը հնչեցներ, բայց երբ այդ հրաժարականը հնչեց դրսից՝ Անգլիայից, հեռավոր մի տեղից, ես դա շատ վատ գնահատեցի եւ համարժեք եմ համարում փախուստին ու շատ բացասական եմ գնահատում: Չէ՞ որ դու երկրի նախագահն ես, ժողովուրդը երկրի նախագահ է ընտրել, դու էս ի՞նչ ես անում, դու գնում ես Անգլիա ու այնտեղից հրաժարական ես տալիս։ Սա շատ պախարակելի, մերժելի բան է։ Հետո․ նա թեպետ արդարանում է, ասում է՝ լծակներ չունեի, բայց այդ լծակներն իր ձեռքին էին, ո՞վ պիտի դա իրեն տար, Սահմանադրությամբ սահմանված լծակներ կային, եթե գոնե դրանցից նա օգտվեր, շատ բան այլ կլիներ, եւ ոչ թե բոլոր հրամանները հաստատող լիներ։ Այնպես որ, հրաժարականի այս ձեւը շատ բացասական եմ գնահատում։ Զուգահեռ մի օրինակ բերեմ․ ինչո՞ւ Սահակաշվիլին հայտնվեց Թիֆլիսում, որովհետեւ այն, ինչ պետք էր, նա արդեն արել էր, եւ հիմա նա բալաստ էր՝ ավելորդ բեռ, ու Ամերիկան նրան ուղարկեց Վրաստան՝ խոստանալով, որ ինչ-որ բաների կհասնի, բայց հայտնվեց բանտում, այսինքն` իր գործն արել էր եւ արդեն պետք է հեռանար։ Մեր նախագահն էլ դրսից իր հրաժարականը տվեց․ սրանք նուրբ վերլուծության պահանջ ունեցող դեպքեր ու դեմքեր են։

- Այս եւ նախորդ բոլոր հրաժարականներն ինչի՞ մասին են խոսում, կարո՞ղ ենք արձանագրել, որ ամեն մի նոր հրաժարականի հետ երկիրն անկայուն մի փուլի մեջ է մտնում։

- Այսքան պաշտոնների փոփոխություն, հրաժարականներ, դրանցից ամեն մեկը յուրովի թուլացնում են, եւ երկրում կայունություն, վստահություն չի ստեղծվում։ Անկայուն, անվստահելի մի իրավիճակ է, որտեղ ոչ ոք իրեն իր տեղում չի զգում, իսկ դա շատ վատ բան է։ Արթուր Մեսչյանը, գալով քաղաքի գլխավոր ճարտարապետ, բազմաթիվ խոստումներ տվեց՝ մետրո ու ճոպանուղի կկառուցի, բայց փախավ, ու նորից անկայունություն։ Քաղաքապետը խոստումներ էր տալիս, որ ավտոբուսներ կբերի, սա կանի, նա կանի, բայց նրան էլ հանեցին։ Այդ փոփոխությունները, հրաժարականները շատ են, որը դրական չէ երկրի զարգացման եւ կայացման համար։ Այս ամենը գալիս է նրանից, որ վաղվա օրվա հանդեպ վստահություն չկա, գործողությունների միասնական ծրագիր չկա, մենք անելանելի կացության մեջ ենք բոլոր ասպարեզներում․ ձայն չենք հանում, չենք խոսում, բայց մեր ուզածն է՝ քիչ թե շատ տանելի, ապահով երկիր, եւ դա ենք պահանջում մեր ղեկավարությունից։

- Փոփոխությունների շղթան ոչ միայն պաշտոնատար օղակներում է, այլ նաեւ օրենքներում, լինի դա «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքը, թե «Հանրակրթության մասին» օրենքը, որը նախատեսում է դպրոցի կառավարման մոդելը փոխել։ Ո՞նց եք գնահատում այս փոփոխությունները, որոնք ուղղակիորեն ազդում են գիտության, կրթության վրա։

- Ինչ կատարվում է կրթական համակարգում, խայտառակ վիճակ է, օրեցօր ես համոզվում եմ ավագ դպրոց կոչվածի անգործության մեջ, որտեղ երեխան իրեն ավելորդ է զգում, եւ որտեղ կրթություն չկա, այլ միայն՝ կրկնություն։ 2 տարի առաջ էլ կռիվ էր գնում չափորոշիչների համար, որոնք աննկատ սողալով, կամաց-կամաց կյանքի են կոչվում, ամեն ինչ արվում է ազգային հիշողությունը ջնջելու համար։ Գիտության բնագավառում ի՞նչ է կատարվում․ պահանջում են, որ անպայման «Սկոպուս» համակարգի ամսագրերում գիտնականները հոդվածներ ունենան։ Հիմա գիտությունը վերածում են գիտականակերպության, գիտությունը դառնում է գիտականակերպ, իսկ այս գլոբալիզացիա կոչվածն էլ հայագիտությունը մտցնում է վանդակի մեջ։ Մարդը, գիտնականը իր կարեւոր հոդվածը գրում է, բայց դրանք ոչ մի արժեք չունեն, եթե դու չես տպվել, այսպես կոչված, «Սկոպուս»-ի հանդեսում։  Այս ամենը դեմ է գիտության բնականոն զարգացմանը, գիտնականի դրսեւորմանը: Տեխնիկական կողմին ավելի կարեւորություն են տալիս, քան թե բուն ասելիքին, որը լավ բան չէ։

- Ի դեպ, միայն անցած տարում՝ 2021 թվականին, Հայաստանում հրատարակվել է 2 հազար 512 գիրք: Ներկայացված թվից ելնելով՝ թվում է, թե գրահրատարակչական կամ ընթերցանության բում է երկրում, իրականում Դուք ի՞նչ միտումներ եք նկատում այս ոլորտում, ի՞նչ գրքեր են տպագրվում, լույս տեսած 2 հազարից ավելի գրքերից քանիսի՞ն եք ծանոթ։

- Այո, գրքեր տպագրվում են, բայց այս բոլոր գրքերի տպաքանակը որ գումարես իրար, նախկին ժամանակների մի գրքի տպաքանակի չափ չի լինի։ Այսօր գրքերը տպագրվում են փոքր օրինակներով՝ 100,  200, 300 օրինակ, որովհետեւ գրքի վաճառքը լուրջ հիմքերի վրա դրված չէ։ Այդ մի քանի գրախանութում չես էլ հասկանում, թե ինչ է կատարվում։ Այս ճգնաժամի պայմաններում ինձ հիացնում է Աշոտ Աղաբաբյանի շուրջ ստեղծված հաճելի գրական աղմուկը։ Նա 5 վեպի հեղինակ է՝ «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ», «Գաղտնիքների տիրակալը», «Վերջին անգամ ենք ապրում», որի շնորհանդեսին եղա վերջերս Առնո Բաբաջանյանի անվան  համերգասրահում, եւ հիացա՝ լեփլեցուն դահլիճ, լիքը ժողովուրդ, որ եկել էին գրքի հետեւից։ Աշոտ Աղաբաբյան գրողը գտել է ընթերցողին անհրաժեշտ ասելիքը, իսկ այսօր ընթերցողը փիլիսոփայական մտքերով տարված չէ, այլ կոնկրետ որոշակի հերոսներ, կյանք, ճակատագիր եւ այս կարգի բաներ են նրան հետաքրքրում։ Աղաբաբյանի գրքերը հենց այդպիսին են, գրքեր, որոնց մեջ գլխավոր կերպարը մարդն է եւ նրա շուրջ եղած բացահայտումները։ Ես շատ բարձր եմ գնահատում Աշոտ Աղաբաբյան երեւույթը, որ մեր գրական միջավայրում աղմուկ է բարձրացնում դրական առումով։ «Բուկինիստում» մի ամբողջ դարակ միայն նրա գրքերն են՝ տարբեր լեզուներով թարգմանված, որոնք մեծ տպաքանակներով են տպագրվում եւ արագ էլ սպառվում են։ Աղաբաբյանի գրքերի շարադրանքն էլ պարզ է, մատչելի, եւ այսօրվա ընթերցողին այդպիսի գրքերն անհրաժեշտ են, Աղաբաբյանը կարողանում է գտնել եւ հաջող ձեւով լրացնել գրականության այն բացը, որը, դժբախտաբար, կա այսօր։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն