Ինչ անի Հայաստանը

Հաճախ է հնարավոր լսել հետեւյալ միտքը՝ Արեւմուտքն ուր որ է լուծելու է Պուտինի հարցերը եւ մենք պետք է խելոք լինենք ու կանգնենք հաղթողի կողքը: Տարբեր ձեւակերպումներով հաճախ է հնարավոր ունկնդրել այդ միտքը:

Լավ կլիներ իհարկե, եթե հստակեցվեր՝ հաղթողին մենք պետք է գուշակե՞նք, այդ թվում հաղթանակի աստիճանով հանդերձ, թե՞ սպասենք ու հենց «մրցավարի սուլիչը« հնչեց, նայենք ինչ հաշիվ է լուսատախտակին եւ միանգամից կանգնենք հաղթողի կողմը: Ինչու է կարեւոր հաղթանակի աստիճանը: 

Որովհետեւ, եթե անգամ առաջնորդվենք հաղթող-պարտվող այդ բանալ չափումով, այդուհանդերձ էական է, թե հաղթողն ինչքան է հաղթել, պարտվողը՝ ինչքան պարտվել: Բանն այն է, որ բացարձակ երաշխավորված չէ, որ, օրինակ պայմանական այդ պարտվողը այդուհանդերձ շատ հանգիստ կարող է պահպանել Հայաստանին անհրաժեշտության դեպքում հաղթելու կամ պատժելու կարողությունը՝ հենց Հայաստանը կանգնի հաղթողի կողքը: Որովհետեւ իր հերթին շատ մեծ հարց է, թե այդ հաղթողին կամ հաղթողներին ընդհանրապես մեծ հաշվով որքանով է լրջորեն հուզում՝ թե որտեղ կկանգնի Հայաստանը:

Միաժամանակ՝ «գուշակում ենք, թե սպասում հաստատ արդյունքի» հարցը շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ հանկարծ կարող է մենք գուշակելով կանգնենք որեւէ հաղթողի կողքը, ու հանկարծ պարզվի էնտեղ խաղացել են «ոչ ոքի»: Կստացվի անհարմար մի բան:

Եթե մի քիչ ավելի լուրջ, ապա Հայաստանի խնդիրը առկա իրավիճակում հենց որեւէ «կողքից» առավելագույնս զերծ մնալն է, այն էլ անկանխատեսելիության այդ աստիճանի պարագայում: Իհարկե միամտություն է մտածել, թե մենք կարող ենք մնալ հավասարապես հեռու, առավել եւս լինելով եվրասիական բլոկների անդամ եւ ՌԴ հետ թղթով դաշնակից: Բայց, տվյալ պարագայում հարցը բառի բուն իմաստով հավասարությունը չէ, այլ քաղաքական իմաստով, եթե կարելի է այսպես ասել՝ «համամասնական հավասարությունը»:

Այսինքն, խոսքն այն մասին է, որ Հայաստանը ուկրաինական խնդրի շուրջ կուտակված կողմերի հետ պետք է աշխատի հնարավորինս բաց ու անկեղծ, ներկայացնելով իր հնարավորությունները եւ անհրաժեշտությունները: Գլխավորը, որեւէ կողմից ուղղակի ներգրավվածության որեւէ ռիսկ թույլ չտալն է: Հայաստանից այս իրավիճակում թերեւս չի պահանջվում ավելին, որովհետեւ, եթե խոսքն Արեւմուտքի մասին է, ապա Արեւմուտքը քաղաքական իմաստով բավականին համարժեք ըմբռնում է Հայաստանի իրադրությունն ու խնդիրները: Չըմբռնելու պարագայում Հայաստանը վաղուց էին վերածել Ռուսաստանի հետ բառի բուն իմաստով դիմակայության «պոլիգոնի»: Ըստ այդմ, կրկնեմ, Հայաստանի խնդիրը հաղթող ու պարտվող որոշելն ու կողքը կանգնելը չէ, այլ պարզապես որեւէ ներգրավումից հեռու մնալը:

Մնացյալ խնդիրների լուծումը հանդարտ, հանգիստ, առանց կտրուկ շարժումների աշխատանքի մեջ է, այդ թվում օրինակ հայ-թուրքական ուղղությամբ, բայց ոչ միայն:

Հակոբ Բադալյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն