Քրեական գործի ինչ-որ հնարավորություն կար, որ ԲԴԽ-ն համաձայնություն տվեց
Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը դեռ քննվում է դատարանում։ Սյունիքի դատարանի ողջ կազմը եւ բազմաթիվ այլ դատավորներ արդեն հայտնել են իրենց մտահոգությունն այս գործի կապակցությամբ, որը շատերը քաղաքական հետապնդում են համարում եւ տարակուսում են, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որը կոչված է ապահովելու դատավորների անկախությունը, միաձայն թույլ է տվել՝ Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել եւ կալանքի սանկցիայով դատարան դիմել։
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իրենց որոշման բացասական արձագանքներին, նշեց, թե չի կիսում այն կարծիքները, որ այս գործով ԲԴԽ-ն կողմնակալ, սխալ որոշում է կայացրել․ «Ես գտնում եմ, որ ԲԴԽ-ն օրինական, ճիշտ որոշում է կայացրել։ Մեր որոշումն է, որը լուրջ քննարկումների արդյունքում է ընդունվել, եւ ԲԴԽ անդամները, անձամբ ես, վստահ եմ, որ ճիշտ որոշում ենք կայացրել։ Շատերը, որ քննադատում են այդ որոշումը, այս գործի նրբություններից տեղյակ չեն։ Իսկ այն, ինչ հրապարակվել է դատախազության կողմից, չի պարունակում ամբողջ բազան, որը մենք տեսել ենք։ Հավատացեք, որ մենք օբյեկտիվ որոշում ենք կայացրել»։
- Ի՞նչ հիմքեր են, որոնք, ըստ Ձեզ, հանգեցրել են օբյեկտիվ որոշման։
- Ես չեմ կարող նախաքննական գաղտնիք բացահայտել, ամեն դեպքում, եղել է, որ նման որոշում ենք կայացրել։ ԲԴԽ որոշումը ոչ թե դատավճիռ է դատավորի նկատմամբ, այլ ուղղակի թույլտվություն է, որ քրեական հետապնդում սկսվի, եւ հետագայում արդեն դատարանը որոշի՝ կա՞ հանցագործություն, թե՞ չկա։ ԲԴԽ-ն չի կայացրել դատական ակտ, այն հնարավորություն է տվել՝ սկսել հետաքննությունը։ ԲԴԽ-ն 2 որոշում է կայացրել՝ համաձայնություն տալ քրեական հետապնդում սկսելու եւ ազատազրկման, այսինքն՝ խափանման միջոց կիրառելու։ Պարտադիր չէ, որ դատարանը բավարարի այդ միջնորդությունները, նկատի ունեմ՝ կալանավորման, կամ հետագայում բավարարի մեղադրական եզրակացությունը։
- Դուք՝ ինքներդ, եթե ծանոթ եք հիմքերին, կարծում եք, որ պետք է կալանավորվի՞, թե՞ այլ խափանման միջոց ընտրվի։
- Ես կարծիք չեմ հայտնի, ԲԴԽ-ն էլ չի ասել, որ կալանք պետք է ընտրվի, ԲԴԽ-ն հնարավորություն է տվել վարույթ իրականացնող մարմնին՝ գնա դատարան, դատարանում հիմնավորի կալանքի անհրաժեշտությունը, դատարանն էլ այդ ժամանակ կորոշի։
- ԲԴԽ-ն կարո՞ղ էր միայն քրեական գործ հարուցելու համաձայնություն տալ, ոչ թե կալանավորման։
- Այո, օրենքը նման հնարավորություն տալիս է, բայց ԲԴԽ-ն տվյալ դեպքում գտել է, որ պետք է հնարավորություն տալ՝ կալանավորման միջնորդությամբ դիմելու։
- Այս գործի կոնտեքստում կրկին ակտիվացան խոսակցությունները, որ ԲԴԽ-ն իշխանության կամակատարն է։ Եթե ոչ քաղաքական գործիչներից, ապա Գագիկ Ջհանգիրյանից Դուք հրահանգ ստացե՞լ եք՝ որոշում կայացնել ի վնաս դատավորի։
- Որեւէ մեկն ինձ, մյուս անդամներին չի կարող որեւէ հրահանգ տալ, առհասարակ, բացառվում է։ Ես իմ մասով 100 տոկոսով դա բացառում եմ եւ կարող եմ նույնն ասել նաեւ մյուս անդամների մասով։ Ես չեմ կարող ավելին ասել, բայց հավատացեք, որ ԲԴԽ-ն խոր ուսումնասիրություն է իրականացրել եւ արդյունքում նման որոշման է հանգել։
- Եթե անգամ ընդունենք, որ դատավորը խախտում է արել, ապա այս դեպքն ինչո՞ւ է քրեական հետապնդման, այլ ոչ թե կարգապահական վարույթի հիմք դարձել։
- Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, կարող էր ինչ-որ մասով դա կարգապահական վարույթի հիմք լինել, բայց կարծում եմ, որ քրեական գործի ինչ-որ հնարավորություն կար, որ մենք համաձայնություն տվեցինք։
- Հիշում ենք՝ երբ դատավոր Արմեն Դանիելյանը փաստաբաններին թույլ չէր տվել խոսել, ո՛չ կարգապահական վարույթ հարուցվեց, ո՛չ էլ քրեական գործ։
- Ես չեմ կարող ասել, դրա հետ կապված գործը մեզ չի հասել։ Թույլ չտալն ուրիշ է, կալանավորելն ուրիշ է։
- Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը․․․
- Նման բան էլ կար այդտեղ գրված։ Ավելացնեմ մի բան․ ինձ համար բոլոր դատավորներն օբյեկտիվ են, անաչառ են, քանի կարգապահական կամ այլ վարույթ չի եկել մեզ մոտ, եւ կոնկրետ գործողության մասին կարծիք չենք հայտնել, մինչ այդ բոլոր դատավորներն օրինական, ճիշտ դատավորներ են։
- Նիկոլ Փաշինյանը շարունակ հակառակն էր պնդում, որ «պատերի տակ վնգստացել» են, «պատվերներ են կատարել»։
- Ես քաղաքական հայտարարություններ չեմ ուզում մեկնաբանել։ Ինձ համար իմ կարծիքն է կարեւոր։
Hraparak.am