Ինչո՞ւ էիք հերքում մեր հրապարակումը, տիկին Ավանեսյան
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարարին հարցրին, թե ինչու է աշխատանքից ազատվել Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանը: Պատասխանեց, որ ծառայողական քննություն է կատարվել եւ. «Որոշում կայացվեց տալ խիստ նկատողություն եւ արդյունքում աշխատանքից ազատել: Բավականին լայնածավալ էր այն հարցերի շրջանակը, որը մեր կողմից բարձրացվել էր նրա պաշտոնավարման ընթացքում՝ որոշակի խախտումների մասով»: Թե ով ինչ է խախտել, գրել էինք դեռեւս նոյեմբերի 11-ի «Առողջապահության նախարարության կին ղեկավարները պատերազմում են» հոդվածում։
Գրել էինք, որ ԱԱԾ աշխատակիցներն Ավանեսյանի «մտերմուհու»՝ աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակից առգրավել են նրա էլեկտրոնային նամակագրությունը, եւ դա կատարվել է այն բանից հետո, երբ ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանը Mulberry համակարգում գրել է, որ չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: Չինովնիկների լեզվով՝ այդ գրառումը նշանակում է. «Առանց ինձ պետպատվեր են բաշխել, այնտեղ կոռուպցիոն ռիսկեր կան՝ ես ձեռքերս լվանում եմ»:
Եվ իրոք՝ բուժհաստատություններին տրամադրվող գումարների բաշխման համար պատասխանատու մարմինը ՊԱԳ-ն է, սակայն խախտվել էր ընթացակարգը, եւ բաշխումն իրականացրել էին նախարարն ու նրա աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը: «Պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ․․․ փողերը տվել են տարբեր չափերով․ մեկին՝ ներկայացված գերակատարված ծախսի 50 տոկոսի չափով, մյուսին՝ 30: Օրինակ, խոշոր ԲԿ-ները՝ «Արմենիան», «Էրեբունին», «Աստղիկը», ավելի շահեկան վիճակում են հայտնվել, քան, ասենք, մարզայինները: Առյուծի բաժին է ստացել «Արմենիա» ԲԿ-ն՝ Հանրապետական հիվանդանոցը, մոտ 188 մլն դրամ՝ 1 մլրդ 200 մլն դրամից, ինչը քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ԱՆ աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանի հորեղբայրն է, նրա հայրը եւս այդ ԲԿ-ում է աշխատում»,- գրել էինք հոդվածում:
Նախարարն այդ ժամանակ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, խոսնակն ասաց, որ ինքն «ինֆորմացիա չունի»: Սակայն հաջորդ օրը՝ հոդվածի լույս տեսնելուն պես, նախարարությունը սկսեց «գոռալ» զրպարտության մասին, որ մենք ապատեղեկատվություն ենք տարածում, որ պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է «ընթացակարգերով», եւ ոչ մի կոնֆլիկտ իրենց ու ՊԱԳ-ի միջեւ չկա:
Իսկ մեր ձեռքում հայտնված փաստաթղթում՝ «Տեղեկանք 2021 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ», սեւով սպիտակի վրա գրված է. «Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նախարար Անահիտ Ավանեսյանը հանձնարարություն է տվել ՊԱԳ պետի տեղակալ Գարուշ Այվազյանին, որպեսզի վերջինս կազմի պետպատվերի շրջանակում վերաբաշխումները․․․ սակայն այդ ոլորտը համակարգող աշխատակիցները որեւէ գործողություն չեն կատարել, իսկ ՊԱԳ պետի տեղակալ Գարուշ Այվազյանը, չունենալով նման լիազորություններ, փաստացի համակարգել է եւ կատարել գումարների բաշխման եւ վերաբաշխման գործառույթ։ Վերջինս ստացված հանձնարարությունը կատարելիս շրջանցել է ոչ միայն իր անմիջական ղեկավար Ծաղիկ Վարդանյանին, այլ նաեւ չի ներգրավել․․․ ՊԱԳ բաժնի աշխատակիցներին»։
Ուսումնասիրության մեջ գրեթե բառացի գրել են այն, ինչ հրապարակել էինք նոյեմբերի 11-ին «Հրապարակում»՝ որ ՊԱԳ պետի տեղակալ Գարուշ Այվազյանը, «առանց համաձայնեցնելու ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանի հետ, էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել է առողջապահության նախարար Ա․ Ավանեսյանին, վերջինս էլ ուղարկել է ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանին․․․ Դրա վերաբերյալ ՊԱԳ պետը առողջապահության նախարարին ուղարկած նամակագրության մեջ կատարել է գրառում առ այն, որ ․․․ հաշվարկներին ՊԱԳ-ը չի մասնակցել»։ Փաստաթղթում նշվում է, որ շուրջ 20 բուժհաստատություններ անհամաձայնություն են հայտնել։ Փաստաթղթի այլ մանրամասներ բաց ենք թողնում, բայց ուզում ենք տիկին նախարարին հարցնել՝ ինչո՞ւ էր մեր հոդվածի կապակցությամբ կեղծ հերքում տարածում, ինչո՞ւ ստեց կառավարության նիստից հետո, այսուհետ ինչպե՞ս նրան հավատանք այլ կարեւոր հարցերում։
Պարզեցինք նաեւ, թե ինչպես է եղել, որ ՊՎԾ-ն հետաքրքրվել է պետպատվերի բաշխմամբ։ Ամեն ինչ սկսվել է նախարարից, որը տարբեր տեղերում հայտարարել է, թե ՊԱԳ պետն է մեղավոր, որ պետպատվերի փողերը չկան: Կառավարությունից հանձնարարել են ՊՎԾ-ին՝ ուսումնասիրել։ Դե, ՊՎԾ-ն էլ արել է եւ տեղեկանք կազմել, թե ինչու է պետպատվերի հետ կապված այսպիսի «խառը վիճակ»:
Ի դեպ, տեղեկացանք, որ ՊՎԾ ուսումնասիրությունը միակը չէ՝ ԱՆ գործունեությամբ զբաղվում են նաեւ Հաշվեքննիչ պալատը եւ ֆինանսների նախարարությունը: Ծաղիկ Վարդանյանին էլ դիմեցինք, հարցրինք, թե ինչ խախտումներ է արել, որ ազատել են աշխատանքից: Նա ասաց, որ դիմելու է դատարան՝ իրեն զրպարտող պաշտոնյայի դեմ․ «Եթե իրեն համեստ պահեր, կարող է ուրիշ որոշում կայացնեի, ինքը շարունակում է զրպարտել»:
Hraparak.am