«Ցանկացած իշխանություն, երբ հանրության շրջանում կորցնում է հեղինակությունը, ունի երկու ճանապարհ, կամ` պետք է հեռանա, կամ` պետք է ուժային միջոցներով պաշտպանի իր իշխանությունը: Ըստ էության` գործող իշանություններն ընտրել են երկրորդ տարբերակը, եւ իշխանությունը պահելու նպատակով փորձ է արվում դատական իշխանության ղեկը վերցնել»:

Այսօր «Հրապարակի» հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Այն հարցին, իսկ եթե հաջողվի իշխանություններին դատական համակարգը վերցնել իր վերահսկողության տակ, ապա այդ ամենն ի՞նչ վտանգներով է հղի ժողովրդավարական երկրի համար, քաղաքագետն ընդգծեց. 

«Իսկ ո՞վ ասաց, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, իշխանությունները շատ բան են հայտարարում, երբ ասում են, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է: Չի կարող ժողովրդավար համարվել մի երկիր, որի իշխանությունները դատական համակարգի դռներն արգելափակել է: Դա աբսուրդ է: Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի: Ինչ վերաբերում է գործընթացը հաջողելուն, ապա հնարավոր է, որ հաջողի, հատկապես, երբ ժողովրդավարության պաշտպան հանդիսացող երկրները լռում են, ասեմ ավելին` աջակցում գործող իշխանություններին: Ես կարծում եմ, որ եթե իշխանությունը գոյատեւում է բռնություն գործադրելով եւ չունի գաղափարախոսություն, ապա երկար կյանք չի ունենալու»: 

Այն հարցին, թե Սահմանադրական բարեփոխումների նոր հանձնաժողովի նպատակը ո՞րն է, Ստեփան Դանիելյանը նշեց.

«Սա ուղղակի ֆարս է: Իրականում ոչ մի գործընթաց էլ տեղի չի ունենում: Եթե նայենք, թե այդ հանձնաժողովում ովքեր են ներառված, ապա կհասկանանք, որ հանրության շրջանում վստահություն վայելող, արժանիքներ ունեցող եւ իրավական գիտելիքներ ունեցող անձինք այդ հանձնաժողովում գրեթե չկան»:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն