Փետրվարի 4-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստն էր հրավիրվել։ Խորհրդի կազմում, ի թիվս դատաիրավական ոլորտի եւ քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչների, ընդգրկված էր նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա իր՝ այս խորհրդում ընդգրկվելը բացատրեց այսպես․

«Նախ կարծում եմ՝ իմ թեկնածությունն առաջադրվել է խորհրդում՝ հաշվի առնելով փորձառությունս սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում աշխատելու, նաեւ, կարծում եմ, իմ մասնագիտական անցած ճանապարհը գուցե ու նաեւ, աշխատանքի բերումով՝ որպես Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ եւ միջազգային այլ դատարաններում Հայաստանի շահերը ներկայացնող։ Աշխատանքի բերումով ես խնդիրների առնչվում եմ եւ կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումների պրոցեսում կկարողանամ բարձրաձայնել կամ ուշադրություն հրավիրել դրանց վրա»։

- Խոսվում է կառավարման մոդելի փոփոխության՝ խորհրդարանականից նորից նախագահականին անցում կատարելու մասին։ Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է անցում կատարելը նախագահականին, եւ արդյոք իրեն արդարացրե՞լ է խորհրդարանական կառավարումը Հայաստանում։

- Իհարկե, դա խորհրդում դեռ կքննարկվի, բայց ես՝ անձամբ, նաեւ նախորդ հանձնաժողովի ժամանակ էլ նմանատիպ կարծիք արտահայտել էի, որ ես ավելի շատ կողմնակից եմ Հայաստանի կոնտեքստում նախագահական կամ կիսանախագահական մոդելին։ Բայց դա դեռ քննարկման առարկա է։

- Դուք 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ Ձեր կարծիքն արտահայտե՞լ եք այդ մասով։

- Չէ, էդ ժամանակ չեմ արտահայտել, որովհետեւ էդ առումով առիթ չեմ ունեցել, բայց կարծում եմ՝ այդ մոդելն ավելի ճիշտ է Հայաստանի Հանրապետության համար։

- ՄԻԵԴ-ը վերջերս 2 վճիռ հրապարակեց ընդդեմ Հայաստանի, որոնցից մեկը հօգուտ Նիկոլ Փաշինյանի էր, մյուսը՝ հօգուտ նրա հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի, որով պարտավորեցրել է կառավարությանը՝ 6 հազար եվրո փոխհատուցում վճարել օրաթերթին։ Ստացվում է, որ ՄԻԵԴ-ն այն ժամանակվա կառավարության դեմ վճիռ է կայացրել, եւ Դուք, լինելով կառավարության եւ պետության ներկայացուցիչը, ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանի, չեք պաշտպանել պետության շահը։

- Մի քիչ սխալ է, որովհետեւ ոչ թե չեմ պաշտպանել, այլ գործել եմ հենց պետական շահի շրջանակներում․ բացատրեմ, թե ինչու։ Իրականում, շատ պարզ իրավիճակ է։ Նախ հասկանանք, թե գործն ինչի մասին էր։ Գործը Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող գործ էր։ Բացի «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» վճռից, մինչեւ այդ վճիռը կայացնելը, մենք ունեցել ենք բազմաթիվ վճիռներ, որոնք կայացվել էին արդեն, եւ արձանագրվել էր խախտում՝ այն պարագայում, երբ նախորդ կառավարության կողմից ներկայացվել էին առարկություններ։ Այսինքն՝ այդ բոլոր գործերով նմանատիպ իրավիճակներում նույն հոդվածների հետ կապված արձանագրված է արդեն մի քանի գործերով։ Ավելին ասեմ․ «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործը երբ որ կոմունիկացվել է Հայաստանի Հանրապետությանը, դատարանը որոշել է այն քննել 3 հոգանոց կոմիտեի կազմով, եւ սա այն բացառիկ դեպքերից է, երբ որ կա արդեն լավ ձեւավորված նախադեպային իրավունք՝ հարցի վերաբերյալ, եւ դա նշանակում է, որ հավանականությունը գրեթե մոտենում է 100 տոկոսի, որ դատարանը խախտում է ճանաչելու։ «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործն այդպիսի գործ էր։ Եվ իմ գործողությունների հետ կապված՝ կարծում եմ, որ միակ ռացիոնալ որոշումը՝ այն պարագայում, երբ որ կար շահերի ակնհայտ բախում, որովհետեւ ոչ կարելի էր ընդունել խախտումը, որովհետեւ խախտումն ակնհայտ էր, բայց խախտումն ընդունելու դեպքում դա կլիներ այդքան էլ ոչ ճիշտ կշռադատված քայլ, իսկ առարկելն էլ, արդեն բացատրեցի, կառավարության դիրքորոշումն էր, իսկ կառավարությունը, ըստ օրենքի, ներկայացնում է իր դիրքորոշումը՝ գործի հետ կապված։ Իր դիրքորոշումը եղել է սա։

- Բայց Դուք, ՄԻԵԴ-ում լինելով պետության, այլ ոչ թե կոնկրետ անհատի շահերը ներկայացնող, ըստ էության, ներկայացրել եք Նիկոլ Փաշինյան անհատի շահերը, որովհետեւ նա է այս պահին կառավարությունը ներկայացնում, եւ գուցե Դուք նաեւ անհարմար իրավիճակում եք հայտնվել։

- Ես չեմ ներկայացրել Նիկոլ Փաշինյանի շահերը, ես ներկայացրել եմ պետության շահերը ու շարունակում եմ ներկայացնել։

- Եթե պետության շահը ներկայացնեիք, Դուք պետք է պաշտպանեիք պետությանը, որպեսզի պետությունը չպարտվեր Նիկոլ Փաշինյանին։

- Ձեր ընկալումը՝ պետության շահի հետ կապված, կարծում եմ, մի քիչ աղավաղված է, որովհետեւ պետական շահը ներկայացնելը նաեւ ներառում է առարկություններ ներկայացնել կամ չներկայացնել։ Կարող է նաեւ պետական շահից բխի, որ միակողմանի հայտարարություն անելով՝ ընդունենք խախտումը կոնկրետ գործերով։ Կարող է պետական շահից բխի, որ պետք է գնանք բարեկամական կարգավորման գործերով, եւ դա է պետական շահը։ Պետական շահը բացարձակ չի նշանակում, որ անպայման պետք է առարկել։

- Իսկ Դուք գնացե՞լ եք հաշտության ճանապարհով, ՄԻԵԴ-ը դա Ձեզ առաջարկե՞լ է։

- ՄԻԵԴ-ը բոլոր գործերով է առաջարկում հաշտություն։

- Եվ չեք գնացել։

- Դե, չէ, հաշտության գնալու դեպքում․․․ Ինչպե՞ս գնայինք հաշտության։

- Նոնսենս է առաջանում, պարոն Կիրակոսյան,Դուք կառավարության ներկայացուցիչն եք, բայց այս դեպքում պետության ու Նիկոլ Փաշինյանի շահը, ստացվում է, նույնականացվել են։

- Արդեն ասացի։ Դե, նույնականացվել են․․․ միակ ռացիոնալ ճանապարհը, որն ընտրվել է, դա իրականացվել է։

- Իսկ կառավարության հատկացված 4.3 մլն դոլարը՝ միջազգային ատյաններում դատական ծախսերի համար, ինչպե՞ս եք ծախսելու։

- Չեմ պատասխանում այլեւս հարցերին։

ՀԳ․ Եղիշե Կիրակոսյանը, նեղացկոտ երեխայի պես, հենց մեր հարցն իրեն դուր չեկավ, թողեց հեռացավ, ավելի ճիշտ՝ փախավ։ Մի տեսակ շատ զգայուն են Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաները՝ իրենց կոմֆորտ զոնայից դուրս ամենաչնչին անհարմարությանը չեն դիմանում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն