Ներքաղաքական, ինչպես նաեւ արտաքին որոշ հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքական գործիչ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

- Տեղեկություն էր շրջանառվում, որ ընդդիմությունը՝ ՀՀ նախագահի պաշտոնի համար քննարկում է նաեւ Ձեր թեկնածությունը, սակայն խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, թե իրենք թեկնածու չեն առաջադրում, քանի որ այդ կերպ կլեգիտիմացնեն նախագահ ընտրելու իշխանական գործընթացը:

- Ինձ որեւէ նման առաջարկ չի եղել, անկեղծ ասած` ես այդ մասին կարդացել եմ Ձեր օրաթերթում, որի մշտական ընթերցողն եմ: Որեւէ պաշտոն ինքնանպատակ չպետք է լինի: Առաջնահերթ է` ծառայել եւ օգտակար լինել պետությանը: Այս պարագայում, ես կարծում եմ, որ նախագահի ընտրություններին մասնակցելն ու գործընթացը լեգիտիմացնելն անիմաստ էր: Ես ինքս այն համոզմունքին եմ, որ նախագահի թեկնածու չառաջադրելը ճիշտ որոշում է: Իհարկե, կարող են այլ կարծիքներ եւս լինել, սակայն ես մնում եմ իմ կարծիքին:

- Իսկ չե՞ք կարծում, որ ընդդիմության նման կեցվածքը կարող է հանրության շրջանում հիասթափության մեծ ալիք բարձրացնել:

- Ընդդիմադիր խմբակցություններին քվե տված քաղաքացիների սպասելիքը իշխանափոխությունն է, ինչն էլ իր հերթին կենսական է պետության համար, հետեւաբար հանրության շրջանում հիասթափության ալիքը կարող է մեծանալ: Մեծ հաշվով պատճառները կարող են տարբեր լինել: Կարծում եմ, որ ճիշտ նպատակահարմարությամբ պետք է անել ամեն հնարավոր բան` այս իշխանությանը հեռացնելու համար: Ես ինքս էլ իմ ուժերին ներածի չափով փորձում եմ իմ ներդրումն ունենալ:

- Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի ցանկանում լեգիտիմացնել նախագահ ընտրելու գործընթացը, սակայն 2021 թվականին հենց այդ նույն ընդդիմությունը լեգիտիմացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- 2021 թվականի ընտրությունները շանս էին օրինական ճանապարհով իշխանափոխության գնալու: Ընդդիմության այն շերտը, որ համաձայնեց գնալ ընտրությունների, առաջնորդվում էր հենց այդ թեզով, այն է` իշխանափոխություն օրինական ճանապարհով: Ենթադրելով, որ հանրության զգալի մասը կանի պետականամետ ընտրություն, ձայն չտալով պատերազմում պարտված իշխանությանը, գնաց հենց այդ ճանապարհով: Սա քաղաքական պրոցես է, բոլորը չեն կարող միակարծիք լինել:

- Ներքաղաքականից անցում կատարենք արտաքին աշխարհ: Հավանաբար Դուք տեղյակ եք Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությանը: Բելառուսի նախագահի հայտարարությունն ըստ էության ի՞նչ է ենթադրում, եւ վերջապես, պաշտոնական Երեւանն ինչո՞ւ է լռում:

- Հարցը կբաժանեմ 3 մասի: Առաջինը. Լուկաշենկոյի հայտարարությունը դիվանագիտական էթիկետի խախտում է: Նույն դաշինքում գտնվող պետություններն իրավունք չունեն իրար հետ խոսել այդ ձեւով: Երկրորդը. Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, փոքրացրել իր հեղինակությունը: Այդ ամենի մեծագույն պատճառը գործող իշխանություններն են, որոնք իշխանությունից կառչած մնալով, զրո հեղինակությամբ՝ նաեւ արտաքին աշխարհում, չհեռացան: Պարտված, թշնամու կողմից վիրավորանքներ ստացած երկրի ղեկավարը չի կարող ներկայացնել տվյալ պետությունը հավուր պատշաճի: Հայաստանը չի կարող խուսափել նմանօրինակ վիրավորանքներից: Երրորդը. Լուկաշենկոյին հակադարձումներ անում են իշխող ուժի տարբեր ներկայացուցիչներ: Խորհրդարանից Լուկաշենկոյի հասցեին ինչ-որ վիրավորանքներ են հնչում, բայց պաշտոնական պատասխան պետք է լինի պետության ղեկավարի կողմից: Այն «դուխով» գլխարկը, որ կրում էին նրանք, պետք է հուշի իրենց, որ համարժեք պատասխան պետք է լինի, որովհետեւ մեր պետականությանը վիրավորել է Բելառուսի ղեկավարը, այլ ոչ թե ինչ-որ մի պատգամավոր: Ամենավերջում ասեմ, որ Լուկաշենկոյի քաղաքական հարցին կպատասխանեմ քաղաքակրթական առումով. Հայաստանը պետք է մարդկությանը, քաղաքակրթությանը եւ վերջապես Հայաստանը պետք է աշխարհին: Կարծում եմ` Լուկաշենկոյի այդ կոպիտ արտահայտությունները հետագայում կենթարկվեն սրբագրման, երբ Հայաստանը կարողանա վերականգնել իր պատիվը, չունենալով պարտված իշխանություն:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն