«Կարճ ասած»․ Խորհրդարանական ընդդիմությունը ո՞ւմ թիրախում է
Երկու օր է, ինչ ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորները թե՛ ելույթներում, թե՛ հայտարարությունների ժամանակ անընդհատ այն մասին են աղմկում, որ ինչ-որ միջազգային կառույցում Հայաստանը համարվել է ժողովրդավարության բաստիոն։ Իհարկե՝ կարևոր չէ, որ ներսում լրիվ հակառակն է, իրենց համոզել են և վերջ։ Լավ, թող այդպես կարծեն, գուցե մի քիչ էլ ժողովրդավարանան էդ մտքերով, մանավանդ որ դժվար է նիկոլականի, այն էլ՝ դեպուտատին բացատրել, թե իրենք ուր են հասցրել երկիրը։
Ամեն օր մենք կարող ենք բերել փաստ, ամեն օր առնվազն մեկ փաստ, որ ժողովրդավարությունն անկում է ապրում․ այսօր արդեն կալանավորում են դատավորի, մեկ այլ օր կալանավորում են ակտիվիստի, մի օր ձերբակալում են իր իրավունքների համար բողոքող վարորդին, էն մի օրը կալանավորում են նոր ընտրված համայնքապետի, հաջորդ օրը ՔՊ-ական նախկին համայնքապետը գողանում է համայնքապետարանի կնիքը ու պատիժ չի կրում, իրենց աշխատավարձը բարձրացնում են, նվազագույն ստացողինը ոչ, ու սենց լիքը բաներ։ Հավատացեք, որ նման դեպքերն ամենօրյա են ու հավատացեք, որ սա որևէ կապ չունի ժողովրդավարություն ասածի հետ։
Ժողովրդավարության մահվան վերաբերյալ ամենաշքեղ թատրոննռերից մեկի մասին խոսենք, որը բեմադրելու են ընդամենը կարճ ժամանակ անց՝ ՔՊ-ականները։ Խոսքը վերաբերում է ՀՀ նախագահի ընտրությանը։
Կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարում է, որ նախագահը անկախ, անաչառ ինստիտուտ է, պետք է նախագահը լինի քաղաքականապես չեզոք ու ցույց է տալիս այդ «չեզոք նախագահին», որը այդ պահին իր ենթական է ու նստած է այդ նիստերի դահլիճում։ Նիկոլի կառավարությունում նախարար աշխատող լևոնական Վահագն Խաչատրյանը չեզոքն է։ Ու ի՞նչ է ասում «ժողովրդավարության հայր» վարչապետը․ ասում է՝ մենք առաջադրում ենք Վահագն Խաչատրյանին, ու նա ընտրվելու է։ Կառավարությունն ու Ազգային ժողովը անկախ մարմիններ են, ընտրում է Ազգային ժողովը, պատգամավորը, բայց Նիկոլն արդեն որոշել է, որ ԱԺ-ն ընտրելու է ու մեխանիզմն էլ որոշել է, ասում է՝ դե առաջին փուլով պետք է 80-քանի ձայն, ընդդիմությունը ձայն չի տալու, դրա համար երկրորդ փուլով կընտրվի։
Հասկանում ե՞ք, սա ժողովրդավարական գործընթաց է կոչվում։ Իշխանություն կոչվածներն անգամ ձևական քայլ չեն անում ընդդիմությանը ներգրավելու, չեն ասում անգամ, թե մեր ընդդիմադիր գործընկերներին կոչ կանենք, կխնդրենք, կառաջարկենք գալ ընտրել․ չէ, արդեն ապացուցում են, որ էդ գործընթացը լեգիտիմ չէ, էդ նախագահը չեզոք նախագահ չէ, նա լինելու է միայն ՔՊ-ի նախագահը ու ՔՊ, ավելի ճիշտ՝ Նիկոլի հրահանգը կատարողը։ Վերջ։
Ու այս պահին ընդդիմությանը մեկը կարող է մեղադրել, թե ինչու է որոշել չմասնակցել նախագահի ընտրություն կոչված այդ կոմեդիայի՞ն։ Կարո՞ղ եք մի լուրջ գործչի ասել, որը կհամաձայներ առաջադրվել նախագահի թեկնածու՝ իմանալով, որ լավագույն դեպքում ելույթ է ունենալու, հարցերի է պատասխանելու, բայց տանելու է 35 ձայն, որովհետև մնացածները իրենք-իրենց համարում են՝ ուսապարկ, ու որ նրանց փոխարեն արդեն որոշել են, որ պետք է ընտրվի Վահագն Խաչատրյանը ու՝ երկրորդ փուլով։ Մի քանի ելույթներ եմ լսում, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու չառաջադրելով իրեն դուրս է մղում գործընթացներից և այլն։ Գուցե և այդպես լիներ, եթե մեր երկիրը, իշխանությունը, մեծամասնությունը այս մակարդակի չլիներ։ Եկեք, հասկանանք, էդ ո՞ր գործընթացից է իրեն դուրս դնում, էս թատրոնի՞ց, որի միայն անունն է Ազգային ժողով։ Այդտեղ ո՛չ, ազգայինը կա, ո՛չ էլ ժողով է տեղի ունենում։
Մեր հասարակությունում կա լուրջ հիասթափություն, որոշ առումով՝ հույսերի անկում, որը, սակայն, վերականգնելի գործընթաց է, բայց ամեն առիթով ընդիմությանն էլ քննադատելը սխալ եմ համարում։ Իհարկե, բոլորս էլ սիրում ենք քննադատել՝ բոլոր-բոլորին, բայց կարծում եմ՝ մի փոքր էլ իրատեսական պետք է լինենք, սկզբից հասկանանք՝ ուր ենք, որտեղ ենք, հետո նոր մեղավորներ փնտրենք։ Տեսեք, այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամ էր կառավարության անդամների հետ։ Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ազգային ժողովում, այդ օրը նյարդայնանում է ոչ միայն ինքը, այլև հանրությունը։ Դարձյալ ստեր, դարձյալ պոպուլիզմ, դարձյալ խոսքերից թռնել և այլն։ Ստախոս մարդկանց շատ եմ ճանաչում, բայց վստահեցնում եմ՝ նրանցից և ոչ ոք չի կարող մեկ ժամում այդքան սուտ մտածել ու այդպես վստահ ներկայացնել։ Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթից հետո ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները սկսում են այդ ստերը բռնել, բայց նույն ժամանակ տեսնում ենք, որ իշխանությանը հարվածելու փոխարեն շատանում են նաև ընդդիմադիր թևից ընդդիմությանը հարվածելու դրսևորումները։ Ինչո՞ւ թույլ տվեցիք ելույթ ունենա, ինչո՞ւ չբոյկոտեցիք, չլքեցիք դահլիճը, մանդատը դրեք, նստեք, չէ, մի նստե՛ք, դուրս եկեք և այլն։ Մյուս ծայրահեղությունն էլ կա, ասում են՝ ինչո՞ւ եք նրան հարց տալիս՝ չգիտե՞ք ով է, չգիտե՞ք ինչ կարգի պոպուլիստ է, մենք նրան հարցեր չունենք տալու և այլն։
Նիկոլ Փաշինյանին հաղթել պոպուլիզմի դաշտում, իմ կարծիքով, անհնար է․ այսօրվա Հայաստանի իշխանության համար ուղղակի նվեր է, որ ընդդիմության շարքերում Նիկոլ Փաշինյան չկա, որը ոչ միայն ամեն դրականը կսևացնի, կսևացնի՝ առանց կարմիր գծեր խնայելու, տուն-տեղ սաղին խառնելով։ Էդ մարդուն որևէ բանավեճում հաղթելու համար պետք է լինես Նիկոլ Փաշինյան։ Ում ուզում ես բեր, քիչ է լինելու, որովհետև նա խոսելու է փաստերով, իսկ Նիկոլը խաբելու է, դու բարոյական գծեր ես պահելու, նա լոնք անի ու անցնի բոլոր բարոյական գրված ու չգրված կանոնների վրայով․ օրինակներ՝ ինչքան ուզեք․ մեկ ելույթ է ունենում ու ասում է՝ բանավոր փոխըմբռնում կա այս ու այս տարածքների մասով, մեկ ելույթ է ունենում, ասում է գնացեք-գտեք, ես ասել ե՞մ բանավոր փոխըմբռնման մասին։ Մի անգամ ասել եմ, կարող է աշխարհի թիվ մեկ պոպուլիստը գոնե ինչ-որ փուլի հասնի ու ասի՝ իմ բարոյականությունը թույլ չի տալիս էդ գիծը անցնել, իր համար չկա էդ գիծը, և մենք, ցավոք, ամեն անգամ դրա ականատեսն ենք լինում։
Պետք է ցանկացած առիթ օգտագործել՝ նրանց երեսներին ասելիքը ասելու, թեկուզ հարց տալու համար, ասելու, որ ինչքան էլ ուզում եք ձեզ վստահ պահեք՝ կապիտուլյանտ իշխանություն եք, պատերազմ բերած ու պարտության տարած իշխանություն եք, որովհետև պոպուլիստ եք, ամեն անգամ հնարավորություն տալ նրան իրեն ընտրողին մեկ անգամ ևս առերեսվելու իր ընտրյալի մակարդակի հետ, բայց չմասնակցել այն թատերական խաղին, որն առաջադրում է Փաշինյանն ինքը, օրինակ՝ նախագահի ձևական ընտրությանը։
Բայց Նիկոլ Փաշինյանը նաև մեծ զենք ունի․ նա հավաքել է իր շուրջբոլորը մարդկանց, որոնք խնդիր չունեն իր պոպուլիզմի հետ, հողերը հանձնելու հետ, նրանք Նիկոլ չեն, բայց նրանք Նիկոլի աջակից են ու նրանք համախմբված են։ Նիկոլի թիմում են իր ուսապարկերը, իրենց լեզվով եմ ասում, Նիկոլի թիմում են սկզբունքներ հատակին տված մարդիկ, նրանք, ովքեր իրեն դեմ են խոսել, հիմա մոլեռանդ կողմ են խոսում, ովքեր իրեն հայհոյել են, բայց հիմա նրա հետ են, ովքեր դավաճանել են իրենց հռչակած, այսպես ասած՝ հեղափոխության արժեքներին։ Գիտեն, որ սխալ են անում, բայց իր հետ են, գիտեն, որ Նիկոլը սխալ է, բայց իր հետ են, գիտեն, որ Հայրենիք ու հողեր է հանձնել, բայց արի ու տես, իր հետ են, պարզվում է, ավելի թանկ բաներ կան, նրանց համար։ Նրանք աշխարհի ստերն են ասում, որ պաշտպանեն իրենց ղեկավարին, նրանք համաձայնում են, որ իրենց ֆեյսբուքյան էջերում դնեն Նիկոլի ստատուսները, նրանք համաձայնում են քրեական հոդվածներ շալակել իրենց քաղաքական ղեկավարի սխալների համար, նրանք այդ թվում՝ դրանով միասնական են։ Նրանց քննադատող ընդդիմությունը միասնակա՞ն է։ Ընդդիմություն ասելով, բոլորին նկատի ունեմ, ԱԺ-ում ու դրանից դուրս։ Մենք հասկանում ենք, որ իշխանականները գիտակցում են, որ իրենց արածը հանցանք է, որ վաղը խմբակային կամ անհատական պատասխան են տալու, բայց անում են էդ բանը՝ միասնականություն խաղալով․ իսկ դուք միասնակա՞ն եք, հակաիշխանականներ։
Խորհրդարանական ընդդիմությունը պայքարում է այս իշխանության դեմ, արտախորհրդարանական ընդդիմությունից մատերի վրա հաշված մի քանի ուժեր պայքարում են իշխանության դեմ և հասարակական-քաղաքական գործիչներ, մնացած «ընդդիմությունը» ո՞ւմ դեմ է պայքարում․ ընդդիմությա՞ն։ Իրենց թիրախը կարծես նա չէ, որ ԱԺ ամբիոնից սուտ ելույթ է ունենում Փաշինյանը, իրենց թիրախը արի ու տես ընդդիմությունն է։ Մարդիկ կան, որ հանուն նրա, որ քննադատեն ընդդիմությանը, արդարացնում են Նիկոլին, հասկանում ե՞ք։
Կարճ ասած՝ ժողովուրդ, մենք ունենք էս քաղաքական դաշտը, ընդդիմություն որը իմ կարծիքով աշխատում է, կարևորը վաճառված չէ, գործարքի չի գնա հետները։ Կարծում եմ, ցանկացած իրեն հակաիշխանական համարող, այդ պարագայում, պետք է կանգնած լինի ընդդիմության կողքին, ոչ թե հակառակը, թև ու թիկունք լինի, հակառակ դեպքում ջուր է լցնելու Փաշինյանի ջրաղացին, կամ ավելի վատ, դուրս է գալու, Փաշինյանի գծած պրոեկտ է։
Սևակ Հակոբյան
Yerevan.Today