Որտե՞ղ են վրացիները մածունը գրանցել իրենց անունով և ինչ անվանմամբ, ես ամբողջական տեղեկատվություն չունեմ, պետք է տեղեկությունը ճշտել, որովհետև եթե ՅՈւՆԵԿՕ-ն է գրանցել որպես ոչ նյութական ժառանգության մաս, ապա խնդիրը ոչ թե մածուն ապրանքանիշին է վերաբերում, այլ պատրաստման տեխնոլոգիային և սա որևէ արձագանք ապրանքային նշանների կամ անվանումների հետ կապված չի առաջացնում։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարևան Վրաստանի կողմից մածունը որպես ապրանքանիշ իրենց անունով գրանցելուն և դրա արդյունքում հայկական շուկայում առաջացած արտահանման խնդիրներին, ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին անդրադարձավ նաև Հերիքնազ Տիգրանյանը` նշելով, որ այդ տեղեկատվությանը ինքը հանդիպել է համացանցային գրառման մակարդակով և ավել տեղեկատվություն չունի այդ մասին։

Խոսելով  44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի ստեղծման մասին՝ Անդրանիկ Քոչարյանը ասաց, որ այսօր մինչ երեկոյան սպառիչ պատասխան կստանանք։

Անդրադառնալով դատավոր Բորիս Բախիշյանին կալանավորելուն, այդ հարցով ՄԻՊ-ի արձագանքին, ընդդիմադիր գործիչների կողմից հնչեցվող` դատական համակարգում առկա երկակի ստանդարտների վերաբերյալ հարցերին՝ Վլադիմիր Վարդանյանը ասաց. «Հետաքրքրական է, երբ մենք բարձրացնում էինք պետական ծառայողների, այդ թվում և պատգամավորների պաշտպանության հարցը, ՄԻՊ-ը ասում էր, որ դա իր գործառույթներից դուրս է։ Անդրադառնամ ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցին. նախ հակասահմանադրական է ճանաչվել այն պրակտիկան, համաձայն որի՝ մանդատի և անձեռնմխելիության ծավալի փոփոխության հետևանքով անձը շարունակում է մնալ անազատության մեջ և դատարանները չեն վերանայում վարույթները, ՍԴ որոշումը հետադարձություն չունի և հետևաբար չի կարող ազդեցություն ունենալ որևէ այլ սուբյեկտի վրա։ Ինչ վերաբերում է դատավոր Բախշիյանին, պետք է ասել հետևյալը. դատավորները պետք է անկախ լինեն գործադիր և օրենսդիր իշխանությունից, բայց դատողը չպետք է անկախ լինի օրենքից, դատավորը չպետք է անկախ լինի պետությունից»։

Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ անհետ կորածների հետ կապված հարցերին` ընդգծելով. «Երեկ թվեր հնչեցվեցին, թե պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը ինչքան անհետ կորած ունի, դա 4500-ից մի փոքր ավելի է և հայկական կողմը 750-ից մի քիչ ավելի, դրանք արձանագրված փաստեր են։ Այդ փաստերը հնարավորություն են տալիս լուծել նաև առաջին պատերազմից մնացած այդ չլուծված խնդիրը։ Վերջերս հանձնաժողովի նիստի ժամանակ մեր գործընկերը ասաց, որ իր աջակցությունը կցուցաբերի 90-ականներից անհետ կորածների փնտրտուքների գործում, դրանից հետո ինձ մոտ եղել են Կարմիր խաչի ներկայացուցիչները և մենք քննարկել ենք որոշ իրողություններ, դիակների փոխանակումը շատ կարևոր գործընթաց է»։

Վարդանյանը հավելեց, որ մարդասիրական ասպեկտը որևէ սակարկության տեղ չպետք է թողնի։

«Պատերազմի ավարտից հետո պետությունների միջև հումանիտար աշխատանքները պետք է ընթանան ամբողջ ծավալով։ Անհետ կորածների դեպքում մենք մի հարց եք բարձրացնում, խոսքը գնում է բռնի անհետացման դեպքերի մասին, երբ առկա է տեսնայութ, որ մեր զինվորները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ապա այդ անձանց վերաբերյալ ինֆորմացիան կորում է»,- ասաց Վարդանյանը` նշելով, որ շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքները միջազգային հարթակներում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն