Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ հանրային սննդի փակ օբյեկտներում  ծխախոտի և դրա փոխարինիչների օգտագործման արգելման ճանապարհով անցել են շատ երկրներ և արդյունքը դրական է եղել:

«Փորձը ցույց է տալիս, որ հանրային սննդի օբյեկտների շրջանառությունը ընկնում է մեկ-երկու ամիսների ընթացքում, բայց շատ արագ էլ վերականգնվում է, որովհետև եթե հասարակության մի մասի համար ծխելն առավելություն է, մյուս մասի՝ զգալի հատվածի համար հանրային սննդի օբյեկտներում ծխելը թերություն է: Մարդիկ, ովքեր չեն ծխում և նույնիսկ ծխողները, տհաճությամբ են մտնում հանրային սննդի օբյեկտներ, որտեղ ծխելը կարելի է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Քերոբյանը:

Քերոբյանը նշեց, որ ինքը ևս ծխող է եղել և չորս տարի առաջ ազատվել է այդ վնասակար սովորությունից:

«Մինչև այդ ծխում էի օրական երեք տուփ, բայց երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ ծխելը արգելված էր հանրային օբյեկտներում, ընդամենը մի տուփ էի ծխում: Այսինքն` միջավայրը ստիպում էր, որ ծխողները ավելի քիչ ծխեին: Օրվա ընթացքում անհարմարություններ էին լինում, բայց օրվա վերջում, երբ դու ավելի քիչ ես ծխել, քան սովորաբար, քեզ շատ ավելի լավ ես զգում»,- ընդգծեց Քերոբյանը:

Նրա խոսքով` շատ տնտեսվարողներ որպես հարցի լուծում առանձին ծխարաններ կկառուցեն։

Նախարարը խորհուրդ տվեց ծխողներին, որ եթե ուզում են սուրճի հետ ծխել, ապա կարող են սուրճը վերցնել իրենց հետ ու ծխելով խմել փողոցում:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն