Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանը նախօրեին ձերբակալվել են։ Դեռ անցած տարվա նոյեմբերին  «Հրապարակ»-ը գրել էր, որ հիմնարկի տնօրենը` քաղաքապետ Հայկ Մարությանի ընկեր Արմեն Գրիգորյանը, չարաշահումներ է թույլ տվել, եւ դրանք բացահայտվել են։

Գրել էինք, որ մեր աղբյուրները հայտնում են, թե հիմնարկի տնօրենն աշխատանքի է ընդունել մարդկանց, ովքեր իրականում չեն հաճախել աշխատանքի, բայց ստացել են միլիոնավոր դրամների պարգեւավճարներ, որոնք փոխանցել են հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին։ Հիմնարկում բացահայտվել են նաեւ պահեստամասերի, դիզվառելիքի, պատերազմի ժամանակ սահման ուղարկելու համար նախատեսված անվադողերի վաճառքի եւ այլ նյութական ապրանքների կորուստներ։

Նախկինում եւս եղել են այս հիմնարկի հետ կապված կոռուպցիոն սկանդալներ, սակայն մի շարք աշխատողների աշխատանքից ազատելով` փաստերը կոծկել են։ Չարաշահումների մասին փաստերը հայտնվել էին ավագանու «Իմ քայլը» խմբակցության տրամադրության տակ, որից հետո վերահսկողության եւ իրավապահ մարմինները լայնածավալ ստուգումներ էին սկսել աղբահանության հիմնարկում։

Դեռ այն ժամանակ Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ, այո, ստուգումներ եղել են, սակայն նշել էր, որ դրանց արդյունքում որեւէ չարաշահում չեն հայտնաբերվել․ «Իրավապահները ստուգում անցկացրել են, բայց տենց բան գոյություն չունի, սա թափանցիկ հիմնարկ է, չկա նման բան»։

Երբ Մարությանը դեռ քաղաքապետ էր, ամեն ինչ անում էր, որ իրավապահների «ձեռքերը չհասնեն» իր կադրերին, բայց երբ Մարության-իշխանություն հակասությունը խորացավ, իրավապահներն անցան գործի։ Հիմա նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը սկսել է Մարությանի ժամանակներից մնացած աշխատողներին փոխարինելու գործընթաց, օրինակ՝ մարությանական բոլոր փոխքաղաքապետերն ազատվեցին աշխատանքից։

Արմեն Գրիգորյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Թորոսյանը՝ Քրօրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից այսօր փոխանցում են այն, ինչը մենք երեք ամիս առաջ էինք գրել, որ եղել են բազմաթիվ չարաշահումներ եւ յուրացումներ։ Վարույթն իրականացնող մարմնից նաեւ փոխանցեցին, որ մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են իրենց գործողությունների հետեւանքով պատճառված առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 18 մլն ՀՀ դրամի վնասը եւ ընդունել իրենց մեղքը․ «Նշված պայմաններում նվազել է վերջիններիս` նախաքննության ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու ռիսկը, ուստի նրանց նկատմամբ քննիչի կողմից ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց»: Այսինքն` ձերբակալվածներն ազատ են արձակվել: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին նաեւ, որ բացի Արմեն Գրիգորյանից եւ Կարեն Թորոսյանից, մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի։

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Գրիգորյանի ձերբակալության մասին տեղեկացել է տարածված հաղորդագրությունից եւ քրեական հետապնդումը չի կապում Մարությանի եւ Գրիգորյանի միջեւ եղած ընկերական հարաբերությունների հետ։ Իսկ Գրիգորյանի աշխատանքի վերաբերյալ նշեց․ «Քաղաքում կատարվող աղբահանության աշխատանքներից գոհ էի, բայց կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապել պետք չէ, ես չեմ բացառում, որ չարաշահում լինի, բայց որեւէ կերպ չեմ կարող մեկնաբանել, մինչ իրավապահներն իրենց գործը չեն ավարտել»։

Փորձեցինք զրուցել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն նա ասաց, որ զբաղված է, չի կարող պատասխանել, եւ անջատեց հեռախոսը։

Նշենք, որ Գրիգորյանի ու Մարությանի՝ ընկերներ լինելու մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, այս ընկերությունը գալիս է նրանց կանանց մտերմությունից։ Երբ Արմեն Գրիգորյանը նշանակվել էր այդ պաշտոնում, խոսակցություններ էին պտտվում, թե Մարությանի կնոջ՝ ազգությամբ չեխ Իվայի միջնորդությամբ է նա նշանակվել։

Ի դեպ, այս հիմնարկը ստեղծել է հենց Մարությանը՝ իր հավատարիմներով: Նրանք հեռացրին «Սանիթեք» ընկերությանը, որը զբաղվում էր Երեւանի աղբահանությամբ, ինչի առիթով «Սանիթեքը» հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան՝ քաղաքային իշխանությունների դեմ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն