«Գիտե՞ք, երկու տեսակի Սփյուռք ունենք։ Առաջինը՝ ավանդական Սփյուռքն է, որը խորապես վիրավորված է Հայաստանի Հանրապետությունից և ցավում է շատ այս վիճակի համար, բառացիորեն ողբերգություն է ապրում: Նրանք այն մարդիկ են, որոնց նախնիները ցեղասպանության զոհ են դարձել կամ մի կերպ են փրկվել ցեղասպանությունից, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայկական պետականության, Արցախի հզորացմանը, և հիմա այդ մարդիկ տեսնում են, թե միտումնավոր կերպով ինչ է կատարվում մեր երկրի հետ, ինչպես են Հայսատանի իշխանությունները քայքայում Հայաստանը, ինչպես են Արցախը փորձում ամբողջությամբ նվիրել թշնամուն։ Եվ այդ մարդիկ ամեն կերպ պատրաստ են աջակցել մեզ այս իշխանություններից ազատվելու գործընթացին»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Ազատագրական շարժման» ղեկավարներից մեկը՝ Նաիրի Հոխիկյանը։ 

Ըստ Հոխիկյանի, կա նաև մի ուրիշ տեսակ Սփյուռք, մարդիկ, ովքեր հեռացել են Հայաստանից՝ 1990-ականներին և 2000-ականներին, հեռացել են՝ դժգոհ լինելով Հայաստանի Հանրապետության իշխանություններից։ Եվ նրանք քանի որ ՀՀ-ում չեն ապրում, նրանցից շատ-շատերը Հայաստանի ցավով չեն ապրում և համարում են, որ կարևորը՝ նախկին իշխանությունները չկան հիմա, մնացածը, թե ինչ կլինի Հայաստանի հետ, կարևոր չի, կարևորը, որ իրենք հոգեպես, անձնապես իրենց բավարարված են զգում, որ հանրապետականները իշխանության չեն։ 

«Էհ, մենք էլ ենք ուրախ, որ հանրապետականներն իշխանությունում չեն։ Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ, ասենք, ՔՊ-ականները ոչնչացնեն Հայաստանի Հանրապետությունը։ Սփյուռքի այդ մի տեսակը՝ Հայաստանից դժգոհ հեռացածները, չեն կարողանում դեռևս իրենց մեջ ուժ գտնել և իրենց անձնականը ստորադասել պետականից»,- ասաց Հոխիկյանը։ Վերջինս ընդհանուր անդրադառնալով Սփյուռքի վերաբերմունքին, նշեց, որ Սփյուռքը չի հանդուրժում այս իշխանությունների վարքագիծը, և որքան էլ որ իրենց թիմը շփվում է Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ, մարդիկ սպասում են կոնկրետ երևանյան գործողություններին, որով և կմիանա նաև ինքը՝ Սփյուռքը։ 

«Հրապարակի» հարցին, թե կոնկրետ ինչպիսին են լինելու Սփյուռքի գործողությունները, ինչ քայլեր են արվելու, Հոխիկյանն ասաց. «Դիցուք, նրանցից մեկը տարբեր երկրներում Հայաստանի դեսպանությունների վրա ճնշում կգործադրի և կստիպի, որպեսզի դեսպանությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները ևս միանան մեր պայքարին։ Դեսպանություններում աշխատող դեսպաններից սկսած մինչև շարքային այլ դիվանագետներ, շատ-շատերը ուղղակի հոգնել են այս իշխանությունների գործելաոճից։ Եվ մեր շատ զրույցների ժամանակ նրանք ասում են, որ բավական է իրենք ստորացվեն՝ ներկայիս անկիրթ, տգետ իշխանությունների քայլերի հետևանքով»։ 

Նարինե Ղուկասյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն