Վարոս Սիմոնյանի մեղավորության մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել. Մհեր Գրիգորյան
ՌԴ Պետդումայի պատգամավոր Անտոն Տկաչովը փետրվարի 9-ին իր ֆեյսբուքյան էջում մեղադրական գրառում է արել մեր հայրենակցի՝ ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանի մասին, որը 3 ամիս առաջ է նշանակվել այս պաշտոնին: Ռուսական Lenta.ru պարբերականն էլ քննադատական հոդված է հրապարակել եւ այն տարածվել է նաեւ հայկական մամուլով: Դեպուտատը գտնում է, որ Վարոս Սիմոնյանն է մեղավոր, որ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրացված ինֆորմացիոն համակարգի /ԻԻՀ/ գործարկումն ուշանում է: Այն նախապատրաստվել է 2014 թվականից և նախատեսված էր այս տարի, սակայն տեղի չի ունենա, թեև կա բավարար ֆինանսավորում:
ԻԻՀ-ն բարդ համակարգ է, ԵՏՄ անդամ երկրների համատեղ փաստաթղթաշրջանառությանը վերաբերող, որը մասամբ է գործում, և որը տարբեր բաղադրիչներ ունի՝ մաքսայինի թվային աջակցություն, մաքսատուրքերի գրանցում ու բաշխում, վիճակագրության հավաքագրում, սանիտարական, անասնաբուժական, կարանտինային միջոցների կիրառում, ֆինանսական շուկաներ, դեղերի եւ բժշկական սարքերի շրջանառություն եւ այլն:
Ըստ Անտոն Տկաչովի, Սիմոնյանն է մեղավոր, որ այս համակարգի ստեղծման աշխատանքները կանգնել են, և վտանգված է ԵՏՄ տեղեկատվական անվտանգությունը, քանի որ եթե փաստաթղթաշրջանառությունը ԵՏՄ երկրների մաքսատների միջև կանգ առնի, ապա կկանգնի նաև տրանսպորտային հոսքը, որը միավորում է երկրները: Գրառումից հասկանում ենք, որ Սիմոնյանի մեղքը մրցույթների մեխանիզմը փոխելն է: «Հանկարծ նոր նախարար և ԵՏՀ կոլեգիայի անդամ Վարոս Սիմոնյանը, չգիտես ինչու, փոխեց ԵՏՀ-ի ենթակա ՏՏ վարչության աշխատանքի սխեման, այն է՝ գնումների մեխանիզմը եւ կապալառուների մրցույթները… Այժմ կապալառուների համար բաց մրցույթների թափանցիկ համակարգի փոխարեն կա հավելյալ օղակ՝ միջնորդ ֆիրմա… ԻՏՀ-ի մշակման խնդիրները կարող են հասկանալ եւ կատարել Ռուսաստանի միայն երեք-չորս ընկերությունների մասնագետները, իսկ նրանց առաջարկները, մասնագիտական մակարդակը ընտրելու եւ գնահատելու են «փորձագիտական կազմակերպությունից» անհայտ մարդիկ, որոնք նույնիսկ ԵՏՀ-ի աշխատակիցներ չեն», - նշել է Տկաչովը։
Արձանագրելով, որ մինչև հիմա համապատասխան էլեկտրոնային հարթակում չկա մրցույթների արդյունքների վերաբերյալ ոչ մի տեղեկություն, իսկ սա նշանակում է, որ դրանք հետաձգվում են անորոշ ժամանակով:
Իսկ Lenta.ru-ն փոխանցում է, որ այս որոշումը լուրջ մտահոգություն է առաջացրել ԵՏՀ աշխատակիցների և իրավաբանների շրջանում, քանի որ այն կարող է բերել չարդարացված ծախսերի և հետաձգել ինտեգրված իֆորմացիոն համակարգի ստեղծումն անորոշ ժամկետով: Մեղադրանքն ուղղակի առնչվում է ՌԴ ֆինանսական հետաքրքրություններին, քանի որ 90 տոկոսով հենց ռուսական փողերով է ֆինանսավորվում ինտեգրացված ինֆորմացիոն համակարգի ստեղծումը: Ամեն տարի այդ նպատակին մոտ մեկ մլրդ ռուբլի է ուղղվում, իսկ 2014-ից մոտ 6 մլրդ արդեն ծախսվել է:
Ռուս դեպուտատը խոսում է Վարոս Սիմոնյանին ոչ պրոֆեսիոնալիզմի մասին. «Դատելով կենսագրությունից, ԵՏՀ նոր նախարարը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում չունի մասնագիտական փորձ ու կրթություն»: Եւ վիրավորական ակնարկ է անում, հիշեցնելով ԵՏՀ կանոնակարգերը, որոնց համաձայն «հանձնաժողովի անդամը իրավունք չունի իր լիազորություններն օգտագործել որևէ կազմակերպության շահերին ծառայելով»: Ի՞նչ պատասխան ունի ՀՀ կառավարությունը, որը ԵՏՀ է գործուղել է Վարոս Սիմոնյանին: Մեր հարցերին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը համակարգում է այս ոլորտը:
-Արդար են արդյո՞ք մեր նախարարի դեմ մեղադրանքները:
-Միանշանակ՝ ոչ: Մեղավորության մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, իսկ ինչ վերաբերում է, թե ինչ շահեր են բախվում այդ հատվածներում՝ հիմա գնահատականներ չտամ, բայց կարծում եմ, որ մեր նախարարի աշխատանքի շնորհիվ կարգի է բերվում այդ ոլորտը ԵԱՏՄ-ում:
-Նշում են, որ 2022-ին պետք է գործարկվեր այդ փաստաթղթաշրջանառության համակարգը, բայց չի գործարկվելու:
-Մենք խոսում ենք շատ ավելի բարդ համակարգի մասին, թվայնացման հետ կապված, և այստեղ առանձնացնել միայն փաստաթղթաշրջանառությունը, կնշանակի պրիմիտիվացնել խնդիրը: Իսկ ամբողջական համակարգի ստեղծումը, պատկերացնում եք, բավականին բարդ գործընթաց է, որը պետք է արվի որակով: Գնագոյացումները այս ծառայոթյունների հետ կապված պետք է լինեն միայն մրցութային, և ես ճիշտ եմ համարում մեր նախարարի մոտեցումները էդ հարցերում:
- Այն, որ ենթակապալառուներ, միջնորդներ է փորձում մտցնել, դա ավելի ճի՞շտ է:
- Ես դետալներին տեղյակ չեմ, բայց՝ այո, մեր նախարարը նոր է նշանակվել, և բնականաբար, պետք է դետալ առ դետալ ուսումնասիրի և գործողությունները կատարի թափանցիկ և հրապարակայնորեն: Եթե ինչ-որ մարդկանց դա դուր չի գալիս, դա իրենց պրոբլեմն է:
-Այսինքն՝ մեր կառավարությունը հետեւում է, գիտի՞, թե այնտեղ ինչ է կատարվում:
-Մեր կառավարությունը հետևում է այնքանով, որքանով լիազորություն ունի հետևելու: Բայց ես հիմա խոսում եմ այն հանգամանքից ելնելով, որ մեր նշանակած նախարարն է, և ըստ այդմ, բնականաբար, մեզ հետաքրքիր է, թե իր շուրջ ինչ է կատարվում: Բացարձակ վստահ եմ, ու՝ խնդրում եմ, դուք էլ վստահ եղեք, որ միանշանակ ճիշտ դիրքորոշում ունի Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկված ու նշանակված նախարարը:
-Իսկ մեր կառավարությունը ինչ-որ ուսումնասիրություն անելո՞ւ է այս թեմայով, թե՞ ոչ:
-Տեսեք, կառուցվածքը ոնց է: Մենք նախարարին առաջարկում ենք, նա նշանակվում է, և քանի որ դա միջազգային կառույց է, նա ունի որոշակի ինքնուրույնություն: Այսինքն՝ դա Հայաստանի կառավարության մարմին չի: Մեր լիազորությունը սահմանափակվում է նախարար նշանակելով: Բայց քանի որ մեր նշանակած նախարարն է, ես ինձ թույլ տվեցի ձեզ հետ ավելի շատ այս հարցը քննարկել, որովհետև՝ մեզ հետաքրքիր է` մեր նշանակած նախարարը ճիշտ է դրսեւորվում, թե՞ ոչ: Այս դեպքում բացարձակ ճիշտ են իր գործողությունները: Հայաստանի կողմից նշանակված նախարարը պետք է գործի հրապարակային, թափանցիկ և որակյալ արդյունք տա:
-Ասում են ժամկետների ուշացման մասին: Դա վտանգավոր չի՞:
-Ես կարծում եմ՝ ոչ: Մեզ համար նախապատվությունը պետք է լինի, ու կարծում եմ՝ նույնը նախարարի կարծիքն է, հրապարակային, թափանցիկ գործելաոճը անկախ ամեն ինչից:
Հ.Գ. Անկեղծորեն, ուզում ենք հավատալ Մհեր Գրիգորյանին: Հակառակ դեպքում ստիպված կլինենք ընդունել, որ Հայաստանի նոր կառավարիչները «բարձր» մասնագիտական համբավը դրսեւորվում է ցանկացած աշխատանք հնարավորինս կարճ ժամանակում տապալելու հարցում միայն:
Hraparak.am