Հայաստանի իշխանության ներկայացուցիչները զբաղված են ընդամենը մի բանով. ամեն գնով եւ ցանկացած հնարավորություն օգտագործել փող աշխատելու համար: Նույնիսկ եթե դա հակասում է առողջ տրամաբանությանը: Օրերս շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է ներկայացրել Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Քանի որ Հայաստանում բնահողի վաճառքն արգելված է, փոփոխության հեղինակներն առաջարկում են բացառություն կատարել Սեւանա լճից արդյունահանվող սեւահողի համար: 

Մենք այս խնդրին չէինք անդրադառնա՝ համարելով, որ նախագծի հեղինակները փող աշխատելու հերթական հնարավորությունն են ստեղծում իրենց համար, եթե չլիներ մի հանգամանք, որը կարելի է համարել ծաղր բանականության եւ ընդհանրապես՝ մարդկային գիտակցության հանդեպ: Խոսքն այս օրենքի նախագծի հիմնավորման մասին է: Ցանկացած օրենքի փոփոխություն պետք է ինչ-որ կերպ հիմնավորվի, հեղինակը կամ հեղինակները պետք է բացատրեն, թե ինչու գործող իրավակարգավորումը չի բավարարում առկա իրողություններին, եւ ինչու այն պետք է փոխարինել: Եվ այս տրամաբանությամբ շրջակա միջավայրի նախարարությունը օրենքի նախագծի հիմնավորման մեջ գրում է. «Սեւանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ հողը մնում է ջրի տակ՝ հանդիսանալով աղտոտման աղբյուր, անհրաժեշտություն է առաջանում Սեւանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ իրականացնել՝ տարածքն ազատել ծառերից եւ թփերից։ Հանվող բուսահողը չի օգտագործվում»:

Դե քանի որ բուսահողը չի օգտագործվում, այն կարելի է վաճառել՝ դրանով լուծելով երկու նպատակ․ ե՛ւ Սեւանի աղտոտման պատճառը կվերանա, ե՛ւ եկամուտ կգոյանա:

Ամեն ինչ ճիշտ կլիներ, եթե չլիներ մի փոքր կամ գուցե աննշան հանգամանք. Սեւանա լճի մակարդակը ոչ թե բարձրանում է, այլ կտրուկ իջնում է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սեւանա լճի մակարդակն իջել է 16 սանտիմետրով: Եթե նախօրդ տարի այս օրը Սեւանը գտնվում էր 1900,53 մետրի վրա` ծովի մակարդակի համեմատ, ապա այժմ 1900,37 մետր է: Բայց պատկերն ավելի վատն է դառնում, եթե հիշենք, որ նախորդ տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը, որպես իր կառավարության ձեռքբերում, նշում էր, որ Սեւանի մակարդակը 10 սանտիմետրով ավելի բարձր է, քան նախորդ տարի: Եվ դա միանգամայն ճիշտ էր նախորդ տարվա մայիս-հունիսի համար: Սեւանի դատարկումը սկսվեց խորհրդարանական ընտրություններից հետո, եւ ընդամենը մի քանի ամսում Սեւանի մակարդակն իջեցվեց 26 սանտիմետրով: Սա հիրավի աննախադեպ արդյունք է, որը չի եղել երեւի ոչ մի կառավարության կամ իշխանության գործունեության արդյունքում: 

Բայց վերադառնանք շրջակա միջավայրի նախարարությանը եւ նրա ներկայացրած հիմնավորմանը: Մի՞թե այդ նախարարությունում չգիտեն, որ Սեւանի մակարդակը ոչ թե բարձրանում է, այլ իջնում է եւ այն էլ՝ աննախադեպ արագությամբ: Մի՞թե չգիտեն, որ այս տարի էլ այն շարունակելու է իջնել, քանի որ եղած ջրային ռեսուրսը բավարար չէ ոռոգման խնդիրները լուծելու համար, եւ, ուրեմն, կա՛մ պետք է շարունակել Սեւանը դատարկել` ոռոգման համար, կա՛մ դաշտերը չորացնել: Իհարկե, շրջակա միջավայրի նախարարությունում դա գիտեն: Հարց է առաջանում․ այդ դեպքում ինչո՞ւ են գրում ջրածածկ կամ ջրածածկման ենթակա տարածքների մասին, ոչ թե չորացած կամ չորացման ենթակայի մասին:

Սրա բացատրությունը եւս պարզ է` ցանկացած հանցագործություն հանցագործը հիմնավորում է լավագույն մղումներով: Օրինակ, Դետոչկինը մեքենաների առեւանգումը կատարում էր ոչ թե նեղ անձնական շահագրգռությունից ելնելով, այլ վաճառքից գոյացած գումարն ուղղում էր մանկատներին: Շրջակա միջավայրի նախարարության ղեկավարներն էլ` ամենեւին չեն ուզում փող աշխատել, նրանց ուշքնումիտքը Սեւանն աղտոտումից փրկելն է, երկրում սեւահողի նկատմամբ առկա պահանջարկը բավարարելը, մեր համընդհանուր բարեկեցությանը նպաստելը: Դրա համար նրանք չեն գրել. քանի որ մեր գործունեության արդյունքում Սեւանը դատարկվում եւ չորանում է, դրա արդյունքում ափամերձ տարածքներում առաջանում են սեւահողով պատված տարածքներ, իսկ դրա նկատմամբ պահանջարկն օրեցօր մեծանում է, եւ կարելի է դրա վրա լավ փող աշխատել, ուրեմն բերեք` օրինականացնենք սեւահողի վաճառքը: Այսպես ավելի ազնիվ կլիներ, բայց հանրային լսարանի համար ոչ հաճելի: Կստացվեր, որ այս նախարարությունը շահագրգռված է Սեւանի դատարկմամբ, քանի որ որքան շատ է չորանում Սեւանը, այնքան շատ սեւահող կարելի է վաճառել եւ հարստանալ, մինչդեռ նրանք ամեն ինչ անում են Սեւանն աղտոտումից փրկելու համար: 

Չէ, ինչ ուզում եք ասեք, բայց այս իշխանությունների մոտ եթե մի բան լավ է ստացվում, ապա դա հող ծախելն է` ուղղակի եւ անուղղակի իմաստով:

Ավետիս Բաբաջանյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն