Զոհվածների հարազատները ևս ցանկանում են մասնակցել 44-օրյայի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն պաշտոնապես ձևավորված է: Առաջին նիստը նշանակված է երկուշաբթի:
Արցախյան 3-րդ պատերազմից 15 ամիս անց միայն իշխանության առաջարկով ստեղծված հանձնաժողովը պետք է քննի, թե ինչու սկսվեցին ռազմական գործողությունները, ինչը հանգեցրեց պարտության, դարձավ կորուստների պատճառ: Հանձնաժողովականները կուսումնասիրեն պատերազմից առաջ պաշտպանության ոլորտում արվածն ու չարվածը, արդյոք զինվորականների գործողություններն օպերատիվ ու համարժե՞ք են եղել իրավիճակին, չե՞ն շրջանցի մարտական պատրաստության, թիկունքային սպառազինության, զորքերի համալրման, հետախուզական աշխատանքին վերաբերող հարցերը:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ուսումնասիրման մեջ ոչ միայն զինված ուժերի ներքին խնդիրների ուսումնասիրությունը պետք է լինի ռազմական գործողությունների ընթացքում, դա պարտադիր է, բայց նաև այն հանգամանքները, որոնք մեզ տարան դեպի պատերազմ: Ու պատերազմի նման արդյունքների արձանագրումը և հսկայական աշխատանք է, որում պետք է ներգրավված լինեն ոչ միայն մեր հանձնաժողովի անդմաները, այլև փորձագետներ: ՊՆ-ի կողմից մեր աշխատանքների ըմբռնում կա:
Բաց կլինի հանձնաժողովի միայն առաջին նիստը, հետո արդեն քննարկումները կտեղափոխվեն փակ դռների հետև: Քոչարյանի խոսքով՝ համագործակցելու ցանկություն արդեն իսկ հայտնել է պատերազմից հետո հրաժարական տված՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ այժմ կալանքի տակ է: Այսպիսով՝ կլսեն բարձրաստիճան զինվորականներին, կուսումնասիրեն գաղտնի փաստաթղթերը, կկազմեն ու խորհրդարան կկանչեն նաև ամբողջ բանակցային գործընթացի հետ կապ ունեցող ներկա ու նախկին պաշտոնյաների: Հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ հրավիրյալների ցանկը սկսվի առաջին նախագահից, հասնի մինչև գործող վարչապետ:
Անդրանիկ Քոչարյան - Ես ենթադրում եմ, որ բանակցային գործըթացի ուսումնասիրումը լինելու է մեր ուսումնասիրման տիրույթում, էապես փոխկապակցված է. պատերազմը ինչու եղավ, կարող ենք դա կանխել, թե չենք կարող, թեմաներ կան, բոլորը պետք է ուսումնասիրվի:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Ըստ օրենքի՝ քննիչ հանձնաժողովի կազմում լինելու են Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները՝ 11-ից՝ 7 ՔՊ-ից, 3-ը Հայաստան, 1-էլ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից: Ընդդիմությունը, սակայն, այսօր պաշտոնապես հրաժարվեց հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Քննիչ հանձնաժողովների ստեղծումը որակելով ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից մեկը, Հայաստանն ու Պատիվ ունեմը համատեղ հայտարարությամբ նշում են՝ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները։
Չնայած այս պարզ ճշմարտությանը` իշխանությունը, որը հրապարակավ հայտարարել է, որ աղետալի պատերազմի հետևանքների «թիվ մեկ մեղավորը» և «թիվ մեկ պատասխանատուն» հենց ինքն է, իր գլխավորությամբ ստեղծում է քննիչ հանձնաժողով։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, որի կազմում գործելու է քննիչ հանձնաժողովը, առհասարակ զուրկ է որևէ կերպ օբյեկտիվ լինելու հնարավորությունից, այդ թվում՝ առկա են մասնակցության անհնարինության հիմքեր հանձնաժողովի նախագահի պարագայում։ Հստակ է, որ քննիչ հանձնաժողովն իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։
Փոխարենն աշխատանքներին հնարավոր է մասնակցեն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Առաջարկը նրանցից է եղել, բայց թե ինչ ձևաչափով, հանձնաժողովը կորոշի՝ բացատրեց Քոչարանը, տեղեկացրեց՝ պրոցեսին ներգրավվելու ցանկություն այլ խմբերից էլ է եղել:
Անդրանիկ Քոչարյան - Անհետ կործաների գերվարվածների զոհվծների հարզատների խմբեը իրենք էլ էդպիսի ցանկություն ունեն որ ձևաչափ գտնեն , մասնակցեն, գուցե փորձագիտական, միաժամանակ դա կարևոր կլինի որ հանձնաժողովը զգա հայացք, որ չմտնենք քաղաքական շրջադարձերի մեջ:
Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 6 ամսով, ևս 6-ն էլ հետո՝ ըստ օրենքի երկարացելու հնարավորություն ունեն: Բայց Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ մեկ տարում ուսումնասիրությունն ավարտել դժվար թե հասցնեն, ասաց՝ կախված ընթացքից հնարավոր է առաջարկեն վերանայել կանոնակարգ օրենքում քննիչ հանձնաժողովների համար նախատեսված ժամկետային սահմանափակումը:
1Lurer.am