Մեր ժողովրդի պատմության վերջին հարյուրամյակում փետրվարին տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների շարքում առանձնանում են 1921 թվականի «Փետրվարյան ապստամբությունը» (https://hy.wikipedia.org/wiki/...) և Արցախյան շարժման մեկնարկը՝ 1988-ի փետրվարին: Առաջին իրադարձությունից մեզ արդեն 101 տարի է բաժանում, իսկ երկրորդից անցել է արդեն 32 տարի...

Եվ ահա, 32 տարի անց, ազգային հուժկու զարթոնքից հետո, անկախության վերականգնման ու պատերազմական փորձություններին դիմակայելուց, 1992-94 թվականներին աներևակայելի թվացող հնչեղ հաղթանակներից հետո, սերունդը, որի լավագույն զավակներից շատերի կյանքի ու նվիրման գնով էր այդ ամենը իրականացվել, այսօր կանգնած է գլխահակ, ձեռնունայն, հուսահատ, բայցև, միաժամանակ, զայրույթով ու վրեժով լցված:

Ասես ճակատագրի դաժան ծաղր լինի: Ինչպես 101 տարի առաջ, Հայաստանում ահա արդեն քանի տարի է հաստատվել է մի օտարաշահ «Հայհեղկոմ»-ային իշխանություն, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու նրա սպասարկուների, որն իր առջև խնդիր է դրել բանտերը նետել, հալածել, հետապնդել հնարավոր բոլոր «ոչ նիկոլականներին»: Որոշ տարբերությունն այն է, թերևս, որ նիկոլական ոստիկանները, իրենց բոլշևիկ պապիկների օրինակով, դեռևս բանտերում կացնահարելով չեն սպանում քաղբանտարկյալներին:

Սակայն հարցը պատմական եղելությունների և մերօրյա անցուդարձի զուգահեռները չեն:

Հարցն այն է, որ արդեն փետրվարն է, իսկ Հայաստանի ներկայիս հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական անցուդարձի ամեն քայլափոխի ավելի ու ավելի է ընդգծվում ապստամբության կամ այսպես ասենք՝ քաղաքական ճնշմամբ իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը:

Օբյեկտիվորեն, Հայաստանում այժմ նախաապստամբային իրավիճակ է: Իսկ Նիկոլ Փաշինյանի աղետաբեր ու գլխակեր իշխանությունից ազատվելու համար կան գրեթե բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Առայժմ արտաքուստ չի նշմարվում անհրաժեշտ բաղադրիչներից թերևս մեկը, այն է՝ «ամբողջ ժողովրդով» ոտքի ելնելու, անպետք «իշխանություններին» հեռացնելու համար փողոցներ ու հրապարակներ դուրս գալու պատրաստակամությունը: Սակայն, համարձակվենք նկատել, որ դա խաբուսիկ կամ թվացյալ զգացողություն է:

Ներկայում երկրում ծանր բարոյահոգեբանական մթնոլորտ է, սոցիալ-տնտեսական, իրավական, քաղաքական, վարչական խայտառակագույն վիճակ, համատարած անպաշտպանվածություն՝ արտաքին թշնամիներից, որոնց չեն թաքցնում իրենց ցեղասպանական ծրագրերն ու քայլերը: Ի լրումն՝ նիկոլական վարչախումբը կատարում է Հայաստանի թուրքացմանը նպատակաուղղված ակնհայտ քայլեր: Սրան գումարենք ընտրությունների միջոցով տեղական իշխանություններ ձևավորելու իրավունքի փաստացի վերացումը, այն առումով, որ եթե որևէ տեղ իրականում ընտրվում է ոչ նիկոլական ղեկավար, ապա նա անհապաղ կալանավորվում է կամ սկսվում են աած-աոստիկանական ճնշումներ՝ նրա ու կողմնակիցների դեմ: Գումարենք սրան դատական համակարգի վերացումը, քանի որ, եթե որևէ դատավոր հանդգնում է գործել օրենքով ու, թեկուզ գրավի դիմաց ազատ արձակել նիկոլական ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող որևէ գործչի, ապա այդ դատավորն անհապաղ կալանավորվում է: Գումարենք դրան այն, որ գրեթե զրոյացված է խոսքի ազատությունը, ավելին՝ նիկոլական ռեժիմը դրակոնային տուգանքներ է սահմանել անգամ... հայհոյանքի համար: Զավեշտական է հնչում, բայց հասարակությունից խլել են անգամ իշխանություններին հայհոյելու ազատությունը, ավելի ճիշտ դա դարձրել են «վճարովի»: Գումարենք դրան համատարած ամեն ինչի թանկացումները, դրամի արժեզրկումը, արտափախը...

Առկա ռեժիմը գործնականում հենված է բացառապես պատժիչ մարմինների՝ «նիկոլական ոստիկանության» և մի քանի նիկոլական օլիգարխների աջակցության վրա: Թերևս կարելի է հավելել, որ Հայաստանի ու հայության շահերը արդեն տևական ժամանակ բռնաբարող Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վայելում է նաև Անկարայի ու Բաքվի բռնապետերի աջակցությունը:

Այդ ամենը ոչ թե ձևավորել են (այն վաղուց է ձևավորված), այլ ուղղակիորեն ավելի են ընդգծել հնարավոր ապստամբության կամ ապստամբային տարբերակով իշխանափոխության անհրաժեշտությունը: Սկզբունքորեն, կարող է վրա հասնել այն պահը, երբ սահմանադրականությունը չխախտելու մասին նշող ընդդիմադիր քաղաքական ուժերն անգամ կընդունեն, որ նման իրավիճակում պետության ու ժողովրդի գոյության հրամայականները գերակա են բոլոր սահմանադրական նորմերից:

Մեծ հաշվով, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ ստեղծված իրավիճակն ու ճգնաժամը ոչ միայն չեն հանգուցալուծվել, այլև ավելի են խորացել՝ տալով որոշակի մետաստազներ: Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակվելը կնշանակի միայն մեկ բան. Հայաստանի մահը:

Հռետորական հարց է ծագում. մարդիկ, որ իրենց համարում են հայ և Հայաստանի քաղաքացի, ձգտում են մահվա՞ն: Եվ, եթե՝ ոչ, ապա՝ պետք է հուսալ բոլոր այդ հայրենակիցներին շատ շուտով տեսնել փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա խմբակին իշխանությունից հեռացնելու համար պայքարողների շարքերում:

Հազիվ թե արժե սպասել այնքան, մինչև 1921-ի կացնահարողների թոռներ-ծոռները կրծեն, ոչնչացնեն Հայաստանի ու ապագա սերունդների, մեր երեխաների գոյության վերջին հնարավորությունները:

Արմեն Հակոբյան

Yerevan.Today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն