Մուղնու 4 «հմայքները». ո՞վ է թույլ տվել գոմ կառուցել բնակելի թաղում
Այս վայրում հայտնվողը բոլոր կողմերից շրջապատված է թաց, ջրիկ կեղտով: Ավտոմեքենան չի փրկի, լաստանավ է պետք: Այնքան մռայլ է ու ամայի պեյզաժը, որ կարող է թվալ, թե հետ ես գնացել պատերազմական 90-ականներ, Ղարաբաղի ինչ-որ լքված սահմանային գյուղում ես, խրամատներով շրջապատված: Այս հեռու-հեռավոր գյուղը, որտեղ, կարծես, պայթել է վերջին արկը, ու կյանքը դեռ չի սկսվել, իրականում մեր օրերի Աշտարակն է, Մուղնի թաղը: Տիղմոտ այս վայրերի տիրակալն Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է, որը համատարած կեղտի հետ չսազող ամերիկյան «ածական» ունի՝ Թոմ:
Ընդհանրապես, նա սիրում է կտրվել հարազատ նողկալի պեյզաժներից: Օրինակ, վերջին ընտրությունների ժամանակ մի ռեփեր էր գտել, որը ռուսերեն էր երգում Թոմի «ռոլիկում», ինչով շոկի մեջ էր գցել աշտարակցիներին: «Թովմաս Շահվերդյան, человек намбер уан, он красавчик, и это факт»․ արտասանում էր ռեփերը, իսկ տակից գնում էին քաղաքապետի դեմքը, քաղաքապետարանի շենքի տեսարանները: Մուղնի թաղամասի տիղմը, իհարկե, «ռոլիկում» չկար: Թոմը վեր է տիղմից:
Քաղաքապետարանի պաշտոնյաներն էլ մուղնեցիների նամակները, հորդորները, խնդրանքներն աղբամանն են նետում՝ առանց նույնիսկ քաղաքապետին զեկուցելու: «Ես 100 նամակ եմ ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով լուծել մեր խնդիրները, ու ոչ մի անգամ գոնե ձեւական պատասխան չեմ ստացել: Կարծես, այս թաղամասը Հայաստանի քարտեզից դուրս լինի»,- գանգատվում է Մուղնիի բնակիչ Լ. Մ․-ն: Նա երիտասարդ ամուսնու ու երկու երեխաների հետ մոտ մեկ տարի առաջ է բնակություն հաստատել այստեղ եւ բացահայտել է իր համար այս տեղանքի հմայքները, որոնք շարադրում է կետ առ կետ:
Հմայք 1. «Քամու ժամանակ հոսանքն անջատում են: Մյուս թաղամասերում՝ չգիտեմ, բայց կոնկրետ մեր՝ 3-րդ թաղամասի կեսում լույս չկա, ստոլբա կա, լամպ չեն դնում/փոխում։ Ընդամենը մի քանի լամպ է պետք տեղադրել, դա կոպեկներ են, բայց մարդիկ թքած ունեն»:
Հմայք 2. «Սարսափելի վատ ճանապարհ է 3-րդ թաղամասինը, չկա ասֆալտ, որեւէ ծածկ, թեկուզ՝ քարեր: Անձրեւաջրերը լցվում են փոսերն ու վերածվում «կաշմառի»»։
Հմայք 3. «Մարդիկ գալիս են տուն սարքելու, փոս են փորում, որտեղ սկսվում է աղբ կուտակվել: Փողոցից սկսած՝ ամբողջը զիբիլներ են լցված՝ շինարարական աղբից մինչեւ կենցաղային, ոչ ոք չի մաքրում, ոչ մի կոմունալ, ու սա՝ էն դեպքում, երբ մեր թաղի հողերը թվեր արժեն ու ահավոր մեծ պահանջարկ ունեն։ Մուղնին շուտով նոր Սովետաշեն է դառնալու»:
Իսկ ամենամեծ հմայքը Մուղնիի գոմն է, որը, չգիտես ինչի դիմաց, քաղաքային իշխանությունները, խախտելով օրենքը, թույլատրել են կառուցել բնակելի թաղամասում, այն էլ՝ եկեղեցու մոտ: Ամռանը գոմի բնակիչները Սուրբ Գեւորգ եկեղեցու ղողանջների տակ ամբողջ Մուղնիով սկսում են տարածել իրենց գարշահոտը՝ հրավիրելով տարածքի բոլոր ճանճերին: Հնաբնակներն ասում են, որ մինչեւ գոմի կառուցումը տարածքում բացարձակ ճանճ չի եղել։
Ո՞վ է թույլ տվել բնակելի թաղամասում գոմ կառուցել: Հարցն ուղղեցինք Թովմաս Շահվերդյանին: Պարզվեց, Շահվերդյանը ոչինչ չգիտեր ո՛չ գոմի, ո՛չ էլ բնակիչների բողոքների մասին: «Նոր ասում եք, իմանում եմ»,- ասում է քաղաքապետը:
- Չգիտե՞ք, որ եկեղեցու հետեւում գոմ կա:
- Իհարկե, ոչ, եթե լուրջ խնդիր լիներ, արդեն լուծած կլինեինք:
- Բայց Ձեզ բնակիչները նամակներ են գրել: Ասում են՝ ոչ մի պատասխան չկա:
- Գոմը ասում եք՝ նոր իմանում եմ: Մի անձնական հարց կա, անձնական հարց ունեն էդ գոմի տիրոջ հետ, ուզում են նրան վնաս տան: Եթե դա ա, գնացել, ուսումնասիրել ենք, գոմը ոչ մի բանի չի խանգարում:
- Ո՞վ է թույլ տվել գոմ կառուցել բնակելի թաղում: Մարդիկ, որոնք մեզ բողոքել են, նոր են տեղափոխվել Երեւանից, որեւէ անձնական խնդիր չունեն:
- Ուրեմն, սա ուրիշ հարց է: Հասցեով ուղարկեք, կտեսնեմ:
- Երրորդ թաղամասի մասին խոսենք: Ասֆալտ չկա, ոչինչ չկա, խայտառակ վիճակ է: Դա է՞լ չեք տեսել:
- Դա տեսել եմ: Տենց մարդ չկա, որ ես իրենից շատ չուզենամ դա օր առաջ սարքեմ: Ամենալավը ես կզգամ, որ սարքեմ: Առաջնայինները պետք է անենք, մինչեւ հասնենք երկրորդայինին:
- Օրինակ, կա՞ առաջնային հարց, որ լուծել եք Մուղնիի համար:
- Իհարկե, գերեզմանների ճամփեն է ասֆալտապատվել, լուսավորությունը քաշել ենք, հենց հիմա քաշում ենք:
- Հենց լուսավորության մասին բնակիչներն ասում են, որ մի հասարակ լամպն ի՞նչ է` չեք փոխում սյուների վրա:
- Իրենց ասելով հո չի՞: Փաստացի արած ա: Հերթով անելով գալիս ենք:
- Աղբի մասին: Ով գալիս, տուն է սարքում, փոս է գոյանում ու կամաց լցվում աղբով: Տարածքը երբեք չի մաքրվում: Նկարներ ունենք:
- Հավատացեք, ինչ կարողանում, անում ենք, ես զարմացած եմ, որ բողոքում են: Միշտ շփվում եմ հետները: Ես երբեք ժողովրդից չեմ կտրվել: Նկարներն էլ ուղարկեք, կնայենք, կլուծենք:
Hraparak.am