Ադրբեջանի, հետո նաեւ Թուրքիայի պառլամենտները վավերացրել են ադրբեջանա-թուրքական Շուշիի հռչակագիրը։ Պաշտոնական քարոզչությունն այն դիտարկում է որպես ադրբեջանա-թուրքական հարաբերություններում նոր խոսք, դաշնակցային հարաբերությունների ընդլայնում, խորացում։ Սակայն արդյոք Ադրբեջանում բոլո՞րն են համակարծիք պաշտոնական քարոզչության հետ։ Պարզվում է, որ ամեն բան այնքան էլ «էյֆորիկ» չէ, որքան կարող է թվալ։ Որոշ օգտատերեր նկատում են, որ Անկարայի եւ Բաքվի միջեւ ազատ առեւտրի մասին փաստաթուղթ չի ստորագրվել, ինչպես դա արվեց Անկարայի եւ Կիեւի պարագայում։

Դա ավելի կարեւոր հարց է, քան Շուշիի հռչակագիրը։ Ոմանք էլ սոցհարթակների ադրբեջանական սեգմենտում անդրադարձել են այն բանին, որ 11 պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում դեմ է քվեարկել եւ հարցրել է` ովքե՞ր են դրանք։ Ի պատասխան նման մեկնաբանությունների, ոմանք հեգնել են, թե երեւի հայերն են։ Մյուսներն էլ նկատել են, թե ինչու միանգամից հայերին անդրադառնալ, եթե բազմաթիվ թուրքեր կան, որոնք ադրբեջանցիներին, մեղմ ասած, տանել չեն կարողանում, ինչպիսիք, օրինակ, քեմալականները կամ ազգայնական որեւէ կուսակցության ներկայացուցիչները։ Իհարկե, բազմաթիվ օգտատերեր մեծ ոգեւորությամբ են արձագանքել այդ փաստաթղթի վավերացմանը։ Առավել ոգեւորվածները հիշել են iki devlet bir millet - «Մեկ ժողովուրդ` երկու պետություն» հայտնի խոսքը։ Այս տեսակետի կողմնակիցները նշում են, որ հռչակագիրը նշանակում է, որ 3,5 տարի հետո ռուսները հեռանալու են Ղարաբաղից։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքների հեղինակներից մեկը գրել է․ «Շուշիի հռչակագիր եւ քաոս», ապա նկատել, որ 7,5 ամիս ստորագրումից հետո է այն վավերացվում։ Ապա հարցադրում է արել, թե արդյոք դա մերձուկրաինական ակտիվացման կամ գազային թոհուբոհի հե՞տ է կապված։ Արդյոք ինչ-որ մեկն այդքան ուժգին ճնշե՞լ է, թե՞ առեւտուր է գնացել՝ «ստորագրե՞մ, թե՞ ոչ» տրամաբանությամբ։ Եթե առեւտուր է, ապա, ըստ նույն տելեգրամյան ալիքի, այն անլուրջ է։ Ուշագրավ է, որ հաջորդ տողում արդեն բառացիորեն ասվում է հետեւյալը․ «Եթե Թուրքիայի խորհրդարանը քիչ թե շատ լուրջ կառույց է, ապա ո՞վ է լուրջ ընդունում մեր պատգամավորներին», հատկապես որ առեւտուրը մանկապարտեզային մակարդակի է։ Ադրբեջանցի մի շարք օգտատերեր կարծում են, որ հռչակագրով Բաքուն ընտրում է աթոռներից մեկը, որոնց վրա նստած է, եւ ճիշտ աթոռն է ընտրում։ Մի խումբ ադրբեջանցի օգտատերեր էլ գրում են, որ կարեւորն այստեղ Թուրքիայի կեցվածքն է, որը, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իր աշխատանքային մեխանիզմներն է փորձում մշակել, իսկ ադրբեջանական խորհրդարանը վավերացրել է այն ժամանակ, երբ այդ մասին հրահանգ է իջեցվել: Թեեւ կան նաեւ հռետորական հարցեր, թե ում էին սպասում յոթուկես ամիս ադրբեջանցի խորհրդարանականները, որ չէին վավերացնում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն