Ինչ «պայման» է խախտվել. ինչո՞ւ Ֆրանսիայում գտնվող Զարեհ Սինանյանը չի մասնակցել համայնքի կարևորագույն միջոցառմանը
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը
-Պարոն Փափազյան, ինչպե՞ս եք գնահատում համայնքի կազմակերպած ամենամյա ընթրիքը: Արդյոք դրա ընթացքում որևէ արդյունք գրանցվեց, թե ոչ:
-2014-ից ի վեր մենք կազմակերպում ենք այդ ընթրիքը, և ամեն անգամ երկրի նախագահները ներկա են լինում: Այս անգամ հայտնի պատճառներով Մակրոնը ներկա չէր, որովհետև Մոսկվա, Կիև ու Բեռլին էր մեկնել և Ուկրաինայի հարցով էր զբաղված՝ իբրև Եվրոպայի նախագահ: Շատ բարձր ենք գնահատում, որ Մակրոնը լիազորել էր իր վարչապետին՝ մասնակցել ընթրիքին: Այս տարի նաև բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ, արվեստագետներ, փաստաբաններ, լրագրողներ են մասնակցել ընթրիքին: Շատ մեծ ու որակավոր մասնակցությամբ է տեղի ունեցել ընթրիքը: Ամեն տարի այս ընթրիքը մեզ համար քաղաքական աշխատանք է, որովհետև բոլորի առջև ելույթ ենք ունենում և պաշտպանում Հայաստանի, Հայ Դատի, Արցախի շահերը:
Նախագահական ընտրությունների մթնոլորտում է Ֆրանսիան և մեր ընթրիքին ներկա էին նախագահի երկու թեկնածուներ՝ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն և Վալերի Պեկրեսը, նաև Մակրոնի կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, որովհետև հայկական քվեն կշիռ ունի Ֆրանսիայում: Իրենք ներկա են լինում, որ գրավեն հայկական քվեն: Մենք էլ այդ առիթն օգտագործում ենք, որ վառ պահենք մեր պահանջները:
-Ինչո՞ւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկա չէր այդ ընթրիքին:
-Ներկա չէր, որովհետև հարց ունենք իր հետ կապված: Փաստորեն պարոն Սինանյանը նպատակ ունի ստեղծել խնդիրներ ֆրանսահայ համայնքի ներսում: Երբ մենք հոկտեմբերին համաձայնեցինք իր հետ, որ հետաձգի իր շրջագայությունը, որ փետրվարին ներկա լինեի CCAF-ի ամենամյա ընթրիքին, մենք համաձայնել էինք իր հետ, որ CCAF-ը պետք է կազմակերպի իր շրջապտույտը: Բայց պայման դրեցինք, որ մրցակից կազմակերպության հետ աշխատանքային կապ չունենա և հանրային հանդիպում չկազմակերպի իրենց հետ: Խոսքը երկու նոր ստեղծված կազմակերպությունների մասին է, որոնք փորձում են մրցակցել CCAF-ի հետ: Այսինքն՝ այս երկու կազմակերպություններն ուժ չունեն, բայց խանգարում են: Ինչու ստեղծվեցին, երբ արդեն իսկ CCAF-ը լուրջ հաջողություններ է արձանագրում ի նպաստ Հայաստանի, Արցախի ու Հայ Դատի: Ուրեմն ինչու են այս կազմակերպությունները կրեդիտ ստանում պարոն Սինանյանի կողմից: Երբ հունվարին իմացանք, որ Զարեհ Սինանյանը չի հարգել մեր պայմանավորվածությունը և մասնակցելու է հանդիպման, որը կազմակերպում է «Հայկական շարժման» կողմից, մենք կապ հաստատեցինք իր հետ և պահանջեցինք չեղարկել այդ հանդիպումը, որը մերժվեց: Մենք ասացինք, որ եթե չբեկանեք հանդիպումը, մենք էլ կհրաժարվենք մեր պայմանավորվածություններից, իրենք ասացին՝ ոչինչ, ինչ ուզում եք արեք: Մենք էլ ասացինք, որ հետ ենք կանչում CCAF-ի կազմակերպած ընթրիքին ձեզ ուղարկած հրավերը: Այն շրջագայությունը, որ նա իրականացրեց, ամոթ էր իր համար և զրկվեց CCAF-ի ընթրիքին ներկա լինելու հնարավորությունից, որտեղ 460 ազդեցիկ անձինք էին ներկա՝ նախարարներ, պատգամավորներ, նախագահի թեկնածուներ, քաղաքապետներ և այլն: Ըստ էության՝ ինքն իրեն պատժեց:
-Վերջերս Չավուշօլուն խոսել էր այն մասին, որ Սփյուռքը որոշակիորեն խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ մատնանշելով Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Այս սլաքները որքանո՞վ են ուղղված ՀՅԴ-ին, և ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:
-Նախ՝ պետք է հստակ լինի բոլորիս համար, որ Թուրքիան ու Ադրբեջանը խաղաղություն չեն ուզում: Ով կարծում է, որ նրանք խաղաղություն են ուզում, միամիտ են: Նրանք ուզում են ոչնչացնել Արցախն ու Հայաստանը և կտրել Հայաստանի և Սփյուռքի միջև կապը: Պետք է հասկանալ, որ փոքրիկ Հայաստանը շատ թույլ է մեծ Թուրքիայի և Ադրբեջանի համեմատությամբ և պատրաստ չէ Հայաստանը մշակելու այդ հարաբերությունները: Շատ հստակ է, որ եթե վաղը դիվանագիտական և հատկապես առևտրային հարաբերություններ ստեղծվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, կնշանակի թուրքական տնտեսությունը պետք է հաստատվի Հայաստանում, թուրքական ընկերությունները կարող են գալ ու Հայաստանում գնել հայկական ընկերությունները, և Հայաստանի ժողովուրդը պետք է աշխատի թուրքական ընկերությունների համար, Թուրքիայի համար: 4-5 տարի հետո Թուրքիան վերահսկողություն կունենա Հայաստանի վրա՝ տնտեսության միջոցով: Այսինքն, այն, ինչ ինչը Թուրքիային չհաջողվեց 1915-ին, կհաջողվի 2022-ին, 2023-ին կամ 2024-ին: Այսօր տնտեսությունն իշխում է քաղաքականությանը: Այսինքն եթե առանց պատրաստ լինելու, իսկ Հայաստանն այս պահին անպատրաստ է, բացվեն հարաբերությունները Թուրքիայի հետ, 4-5 տարի հետո Թուրքիան իր ձեռքը դրած կլինի Հայաստանի վրա: Դրա համար դեմ ենք հարաբերությունների կարգավորմանը։ Եվ գիտենք, որ Թուրքիան դատապարտում է հայկական Սփյուռքը, մանավանդ ՀՅԴ-ին, որ այսօր գլխավոր ընդդիմադիրն է հայ-թուրքական հարաբերություններին: Մենք գիտենք, որ Թուրքիան նախապայմաններ է դնում, գիտենք այդ նախապայմանները և գիտենք, թե ինչպես Թուրքիան կարող է պարտադրել ՀՀ կառավարությանն իր նախապայմանները: Վստահ ենք, որ ՀՀ կառավարությունը կընդունի այդ նախապայմանները, դրա համար մենք դրա դեմն ենք ուզում առնել՝ հայտարարելով, որ Հայաստանի կառավարությունն իրավունք չունի հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող որոշումներ ընդունել՝ առանց համահայկական քննարկումների:
-Այսինքն՝ Սփյուռքը դե՞մ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
-Սփյուռքը դեմ կլինի, եթե նախապայման դրվի: Իսկ մենք գիտենք, որ Թուրքիան ունի նխապյմաններ, գրված, կամ ոչ, հայտարարված, կամ ոչ: Որովհետև Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների միջոցով ուզում է ոչնչացնել Հայաստանը, Արցախն ու հայությունը:
-Կարծում եք՝ այս բանակցությունները որևէ կերպ չեն բխում հայկական շահերի՞ց:
-Դուք կարծում եք, որ այս վիճակում Հայաստանը հաղթանակած կարող է դուրս գալ այս բանակցությունների՞ց: Դուք կարծում եք, որ Հայաստանն ու Թուրքիան խոսում են հավասարը հավասարի՞ լեզվով: Ես համոզված եմ, որ ոչ, համոզված եմ, որ Թուրքիան ունի մեծ առավելություններ համաձայնություններ կնքելու Հայաստանի հետ, նպատակ ունի ոչնչացնել Հայաստանը, և Հայաստանի ժողովուրդը պետք է դա հասկանա: Պետք է հասկանա, որ 5 տարի հետո Հայաստան չի լինելու: Սա համահայկական հարց է, որովհետև Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, ոչ թե միայն ՀՀ-ում ապրողների: Դրա համար շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը հասկանա, որ Սփյուռքն այստեղ ասելիք ունի: Եթե կառավարությունը չստեղծի այդ հանրային քննարկումը Սփյուռքի հետ, շատ մեծ ու պատմական սխալ կանի:
-Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված Սփյուռքի դիրքորոշումը շատ կարևոր նշանակություն կարող է ունենա՞լ:
-Անշուշտ, Սփյուռքը կարող է միայն հարստացնել, ուժեղացնել Հայաստանին: Սփյուռքը 35 երկրներում կազմակերպված է, այն միշտ Հայաստանի համար եղել է անպաշտոն դիվանագիտություն, պետք է օգտվել Սփյուռքի հնարավորություններից, հաջողություններից, ոչ թե փորձել Սփյուռքը բաժանել Հայաստանից, ինչպես անում է Զարեհ Սինանյանը: Ես չեմ կարող հավատալ, որ վարչապետը տեղյակ չէ սրանից: Պարոն վարչապետը պետք է կանխի Սինանյանի նախաձեռնությունները, որովհետև, վերջիվերջո, Սինանյանը վարչապետի պատասխանատվության տակ է:
1in.am