Արցախցի պատգամավորի աղմկոտ հայտարարությունը
Արցախի խորհրդարանում Բռնազավթված տարածքների մասին օրենքի նախագծի քննարկմանը խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը արել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի որոշ «կարող» քաղաքացիներ իրենց որդիներին հանել են Արցախի զինկոմիսարիատներում հաշվառումից և հաշվառել են Հայաստանի զինկոմիսարիատներում, միաժամանակ շարունակելով բնակվել Արցախում:
«Նրանց ցուցակների մեծ մասն առկա է ինձ մոտ, և ամբողջացնելուց հետո հրապարակելու եմ: Մի մասն էլ, օգտվելով տարբեր անպատասխանատու բժիշկների աջակցությունից, ԱՀ-ում և ՀՀ-ում ճանաչվելով ծառայության համար ոչ պիտանի՝ հանվել է կցագրման ենթակա զորահավաքային ռեսուրսներից կամ ընդգրկվել այսպես կոչված թիկունքային պաշտոնների համալրման ռեսուրսում: Եղել են նաև այնպիսիք, որոնք 2020 թ. սեպտեմբերի 27-ի աղետալի պատերազմը սկսվելուն պես՝ լքել են Արցախը»,-հայտարարել է Սեյրան Հայրապետյանը: Այն, որ 2020 թվականի պատերազմը սկսելուն պես եղել են Արցախը լքած պաշտոնյաներ, նորություն չէ: Այդ մասին եղել է անգամ Արցախի նախագահի մակարդակով հայտարարություն: Իսկ ահա այն, որ ապրիլյան քառօրյայից հետո տեղի է ունեցել այդպիսի երևույթ, սա իհարկե նորություն է, ընդ որում բազմաշերտ և ուշագրավ նորություն:
Ապրիլյան քառօրյայից հետո թե Հայաստանի, թե Արցախի քաղաքական իշխանությունը տեղի ունեցածը քարոզչական դաշտում մատուցում էր որպես հայկական կողմի հաղթանակ: Իրավիճակի թե ռազմական, թե քաղաքական բաղադրիչներին ավելի հանգամանալից ծանոթ լինելու պարագայում պարզ էր դառնում, որ ոչ միայն չկա հաղթանակի մասին ծանրակշիռ խոսակցության հիմք, այլ իրավիճակը թե ռազմական, թե քաղաքական-դիվանագիտական դաշտում մեղմ ասած բարվոք չէ: Սակայն, այդ մասին հայտնի էր թերևս միայն նեղ շրջանակի, այդ թվում Արցախում: Այդ մասին օրինակ հայտնի էր միայն այն մարդկանց, այն անձանց, որոնք 2016 թվականի հուլիսին Ստեփանակերտում մասնակցել են Սերժ Սարգսյանի հետ փակ հանդիպմանը, որտեղ նրանց ասվել է, որ զիջումների չգնալու պարագայում կարող է կորսվել անգամ Ստեփամակերտը: Այդ մասին իհարկե պետք է հայտնի դառնար միայն 2020 թվականի պատերազմից հետո, երբ հանդիպման այդ մանրամասնը իր հարցազրույցներից մեկում հանրայնացրել էր Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Թե ինչու օրինակ այդ հանգամանքը նույն Արթուր Թովմասյանը չէր հանրայնացրել 2016-ի հանդիպումից հետո, մի հարց է: Այդ ժամանակ նա օրինակ ԱԺ ամենամեծ խմբակցության ղեկավարն էր: Թեև, հարցը թերևս ունի նաև պարզ պատասխան՝ բարձրաձայնելը քաղաքական ամենաբարձր մակարդակում եղել է արգելված: Բայց, Արցախի ռազմա-քաղաքական վերնախավի շրջանակում փաստորեն «արգելված» չի եղել այդ ընթացքում ապագա անխուսափելի դիտվող մեծ պատերազմին ընդառաջ «գլխի ճար» տեսնելը:
Բանն այն է, որ Արցախը չափազանց փոքրաթիվ է այդօրինակ երևույթները ռազմա-քաղաքական ղեկավարության աչքից դուրս մնալու համար: Գործնականում չկա «աչքից դուրս մնալու» ենթակա «տարածություն», տեղի ունեցող ամեն ինչ հարկ եղած դեպքում շատ արագ հայտնի է դառնում իշխանության ամենաբարձր մակարդակով: Ըստ այդմ, իշխանության թերևս բարձր մակարդակով է 2016 թվականից ապրիլյան քառօրյայից հետո «ձևավորվել» արտոնյալ կամ ընտրյալ մի խավ, որ լուծել է իր, իր որդիների հարցերը, այն դեպքում, երբ Արցախի հանրությունը՝ ինչպես իհարկե նաև Հայաստանի հանրությունը, շարունակել է ապրել իրականության և հեռանկարների մասին բոլորովին այլ ազդակների և պատկերացումների ներքո:
Արցախի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարում է «արտոնյալների» այդ ցանկին տիրապետելու մասին: Խորհրդարանից հնչող հաջորդ հայտարարությունը թերևս պետք է լինի այդ երևույթի առնչությամբ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որն առաջին հերթին թերևս պետք է պարզի դրա քաղաքական հովանու աստիճանն ու մասշտաբը, որովհետև, ինչքան էլ երևույթը լինի անբարո և անարժանապատիվ, այդուհանդերձ զուտ մարդկային մակարդակում այդպիսի դրսևորումներ եղել են, կան և լինում են բոլոր երկրներում՝ ճանաչված, թե չճանաչված: Ըստ այդ հարցը քաղաքական հովանու հանգամանքն է, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժամանակշրջանի քաղաքական պատասխանատուները այսօր դրսևորում են նոր քաղաքական դերակատարման հավակնություններ, ընդ որում նաև ռազմա-հայրենասիրական ասպեկտի խաղարկային առանցքով:
1in.am