ԱԺ մոնիթորինգը 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի օրենսդրական արտադրողականությունը նվազել է․ ընդունվել է 98 օրենք, որն ամենացածր ցուցանիշներից է «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի շուրջ 10-ամյա դիտարկումների ընթացքում։ Ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած որևէ նախաձեռնություն նստաշրջանի ընթացքում չի ընդունվել։ Տապալվել է արտահերթ նիստ հրավիրելու երկու նախաձեռնություն։  Ծրագիրն այսօր ներկայացրել է նախորդ՝ 2-րդ նստաշրջանի գործունեության ուշագրավ դրվագները։ 

ԱԺ մոնիթորինգն Ազգային ժողովի 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանում ընդունվել է ավելի քիչ օրենք, քան 7-րդ գումարման նույն ընթացքում։  8-րդում 98- էր, 7-ում՝ 143․ թվերն այսօր հրապարակել է «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։ Ծրագիրը մշտադիտարկում է խորհրդարանի աշխատանքը՝ փաստերն արձանագրելով․

«Թիվը մտահոգիչ է հատկապես այն կոնտեքստում, որ արձանագրվել է հետպատերազմյան Հայաստանում սրված իրավիճակում»։

«8-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել է ոչ ստանդարտ իրավիճակում՝ հետպատերազմյան ճգնաժամի հանգուցալուծման շատ լուրջ առաքելությամբ ու հավակնությամբ։ Լուսինե Վասիլյանը անցած նստաշրջանի ընթացքում խորհրդարանի մթնոլորտն ու աշխատանքային միջավայրը  համարում է աննախադեպ․

«Այս խորհրդարանը հավակնում է լինել ամենաանհանդուրժողական՝ իշխանության ու ընդդիմության միջև փոխբացառման սկզբունքով գործող օրենսդիր մարմինը՝ թերևս պատմության ընթացքում»։

Այս իրավիճակն ազդել է խորհրդարանի բոլոր գործառույթների վրա։ Նվազել է պատգամավորների նախաձեռնողականությունը։ Կառավարություն–Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնությունների հարաբերակցությունը  դարձյալ նկատելի փոխված է․ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանում 70/ 30 էր՝ հօգուտ կառավարության։ Ծրագրի ղեկավարը ներկայացնում է 8-րդ գումարման 2-րդ նստաշրջանի պատկերը․

«Այս նստաշրջանում պատկերը լրիվ հակառակն է՝ 98 օրենքից միայն 6–ն են պատգամավորները հեղինակել․ 2 օրենսդրական փաթեթի մասին է ընդամենը խոսքը, որոնք բացվածքով են 6 օրենքներ կայացնում»։

Որ նոր խորհրդարանում մթնոլորտը լարված է, ընդունում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ասում է՝ դա արտացոլում է քաղաքական իրավիճակը․ լարվածությունը փողոցից եկել է խորհրդարան։ Ավելի լավ է այդ լարվածությունը լինի օրենսդիր մարմնում, քան այլ տեղերում ու այլ ձևաչափերով, -նկատում է պատգամավորը։ Նրա կարծիքով՝ պատգամավորների հեղինակած նախագծերի նվազումը հստակ բացատրություն ունի․

«Օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը գործող օրենքներում կատարվող փոփոխություններն ու լրացումներն են, ,և օրինակ, «Հարկային օրենսգրքում» որքան շատ փոփոխություն է լինում, այնքան շատ խնդիրներ կարող են ստեղծվել գործարար միջավայրի համար։ Որովհետև հաճախ փոփոխվող օրենքներն այդքան էլ լավ բանի մասին չեն վկայում։ Ավելի լավ է մեկ կամ երկու անգամ համապարփակ, խորքային փոփոխություններ անել, քան վերադառնալ միշտ նույն օրենքում լրացումներ ու փոփոխություն անելուն»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորը նշում է՝ չկա տարբերություն՝ կառավարությունն է բերում օրենսդրական նախագիծը, թե պատգամավորն է գրում։ Գործադիրն ու օրենսդիրը մեկ թիմ են, նույն նախընտրական ծրագրով, նույն տեսլականով։

Ջրբաժանը ոչ թե կառավարության ու ԱԺ-ի միջև է, այլ ընդդիմության ու իշխանության,-ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը․

«Պատկերացնու՞մ եք դեպք, երբ, օրինակ, պարոն Թունյանը էկոնոմիկայի նախարարին անարգանքի սյունին գամի․ չի լինի։ Դա նշանակում է, որ մեծամասնությունը, իշխանությունը ինքն իր մեջ խնդիր ունի»։

«Հայաստան» խմբակցության պատգմավորին ավելի շատ մտահոգում է հենց ընդդիմության հեղինակած նախագծերի ճակատագիրը։ Դրանք հանդիպում են իշխանության կոշտ դիմադրությանը։ Պատգամավորն օրինակ է բերում․

«Ամենապարզ օրինակներից մեկն էլ  արտահերթ նիստերի նախաձեռնումն է, երբ մեծամասնությունը պարզապես հրաժարվում է գալ»։

Ոչ մեկը չի զարմանում, թե ինչու իշխանությունը դեմ քվեարկեց այս կամ այն նախագծին, խոսքը գնում է լիագումար նիստերում այդ նախագծերի քննարկման հնարավորություն մասին, ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նա խնդիրը դիտարկում է այլ տեսանկյունից․

«Մեր երկրում վաղուց մեկ անձի իշխանություն է, որը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական՝ բոլոր ատյաններում։ Մենք բոլորս գերի ենք մեկ անձի քմահաճույքներին և քաղաքական ու ոչ այդքան քաղաքական ամբիցիաներին»։

Մամիջանյանի տեղեկացմամբ՝  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն արդեն աշխատում է էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկ-նախաձեռնության ուղղությամբ․ 10 օվա ընթացքում նախագիծն արդեն կդրվի շրջանառության մեջ։ Ի դեպ, 8—րդ գումարման առաջին երկու նստաշրջանների ընթացքում էթիկայի խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել խորհրդարանում, սակայն խմբակցություններից որևէ մեկը հանդես չի եկել էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն