Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ հանրապետության նախագահի պաշտոնի համար այս պահին լավագույն թեկնածուն կլիներ Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որեւէ սրբազան: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց նախօրեի իր ասուլիսում: Ըստ նրա՝ իշխանությունը նախագահի թեկնածուի համար առաջադրել է մի մարդու, որը Սահմանադրությամբ սահմանված որակներին չի համապատասխանում. Սահմանադրությամբ անաչառ, ազգային շահերով առաջնորդվող մարդու մասին է խոսքը: Զրուցել ենք «Քաղպայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

- Պարոն Աղազարյան, Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե մենք ուզում ենք իսկապես ունենալ անաչառ եւ ազգային շահերով առաջնորդվող նախագահ, երբ մեր ազգը բեւեռացված է, երբ մարդ է պետք, որը կկարողանա ինչ-որ կամուրջներ փնտրել եւ փորձել միավորել, մեր ազգային, մեր վտանգված ինքնությունը պահպանել, լավագույն տարբերակն այս պահին կարող էր լինել Հայ առաքելական եկեղեցու՝ հարգանք վայելող որեւէ սրբազան: Նա հորդորեց դա համարել առաջարկ, որի շուրջ կարելի է պայմանավորվել։ Ի՞նչ կասեք այդ առաջարկի մասին։

- Եթե իր պատկերացրած անձնավորությունը Սահմանադրության առաջադրած չափանիշներին համապատասխանում է, ապա ի՞նչն էր խանգարում, որ առաջադրեր, թող առաջադրեին իրենց պատգամավորներով։ Մենք իր խորհրդի կարիքը չունենք, կոնկրետ ես չունեմ դրա կարիքը։

- Իսկ ի՞նչ վատ առաջարկ է՝ հոգեւորական նախագահ կունենանք, վերջ կդրվի այս անհանդուրժողականության մթնոլորտին։

- Եթե քաղաքացին համապատասխանում է այդ պաշտոնին առաջադրվելու, դրանում առարկություն չունեմ, թող առաջադրվի, բայց անձամբ ես երբեք կողմ չեմ քվեարկի հոգեւորական թեկնածուին։ Որովհետեւ դա բոլորովին ուրիշ բնագավառ է, ուրիշ ոլորտում են իրենց կարիերան արել, հետեւաբար, ես չեմ կարող կողմ լինել։

- Եթե չեմ սխալվում, Դուք աթեիստ եք, գուցե դրանով է պայմանավորված Ձեր վերաբերմունքը։

- Ես աթեիստ չեմ, ուղղակի հավատացյալ չեմ։

- Ասում էիք՝ չեք աղոթում եւ այլն։

- Ով որ աղոթք չի անում, նա աթեի՞ստ է, եթե այդպես է, ուրեմն ընդունեք, որ ես էլ եմ աթեիստ։ Իրականում ես հավատացյալ չեմ, թե ինչու հավատացյալ չեմ, հարցը համարում եմ ոչ կոռեկտ։

- Նախագահի ձեր պատկերացումներն այն են, որ անպայման պետք է ձերոնցից մե՞կը լինի, իսկ նման նախագահը կարո՞ղ է անաչառ լինել, որպիսին պահանջում է Սահմանադրությունը։ Օրինակ, նա եղել է ՀԱԿ անդամ, բարձր պաշտոններ է զբաղեցրել, մամուլը գրեց, որ գործարարների շահեր է սպասարկել, որոնց հետ էլ հիմա լավ հարաբերություններ ունի։

- Ես չեմ ընդունում մեր թեկնածուի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները, հակառակը՝ կարծում եմ, որ մեր թեկնածուն հասարակության լայն շրջանակների համար ընդունելի թեկնածու է։ Բոլոր դեպքերում պարոն Խաչատուրյանը մեր թիմի, մեր խմբակցության համար առանց առարկությունների ընդունված թեկնածու է, եւ ես կրկնում եմ՝ հասարակության լայն շերտերի համար ընդունելի թեկնածու է, հիմա թե ով որտեղ է աշխատել կամ նախկինում ինչ հայացքներ է ունեցել, դրանք այնպիսի գործոններ չեն, որոնք կարող էին ազդել այս ամենի վրա։

- Իսկ ո՞ր շրջանակների կողմից է ընդունելի թեկնածու, շատերն անգամ նրան չեն ճանաչում։ Ո՞նց եք չափել, որ ընդունելի է։

- Ինքս չափում եմ իմ շփումների, քաղաքացիների, իմ ընտրողների հետ հանդիպումներից, այս կամ այն հրապարակումների արձագանքներից․․․ իրենք այդ որոշմանը նայում են դրականորեն։ Ես անձամբ կողմնակից էի, որ նախագահը լիներ մեր թիմից, բայց պարոն Խաչատուրյանի թեկնածությունն ընդունելի է իմ եւ հասարակության համար։

- Եթե, այնուամենայնիվ, խորհրդարանական ընդդիմությունը որեւէ հեղինակավոր սրբազանի թեկնածության շուրջ համաձայնության գա, թեկնածու ներկայացնի, իշխանությունը հնարավո՞ր է քննարկումների արդյունքում փոխի իր որոշումը եւ հոգեւորականի ընտրի։

- Գիտեք՝ անկախ ամեն ինչից, ընդդիմությունը, ունենալով ընտրողների որոշակի ձայն, պարտավոր էր ներկայացնել թեկնածություն եւ օգտագործել դա առիթ՝ հանրությանը ներկայացնելով իր պատկերացումներն այդ ինստիտուտի նկատմամբ, փորձեին համեմատության մեջ դնել իրենց թեկնածուին պարոն Խաչատուրյանի նկատմամբ եւ հետագայում հնարավորություն ունենային համեմատության ընթացքում լավ դիրքեր գրավեին եւ դիվիդենտներ շահեին, եթե մենք մեր ընտրությունը ճիշտ կայացրած չլինեինք, թող անեին։ Իրենց քաղաքական պայքարը թողած, չգիտես ինչ առաջարկներ են անում։

- Հայտարարեցին, որ չեն ուզում լեգիտիմացնել նախագահի ընտրությունը։

- Դա իրենցով չէր լեգիտիմացվելու։ Գոյություն ունի Սահմանադրություն, որը, բարեբախտաբար, մեր իշխանությունների օրոք չի ընդունվել, եւ մենք շարժվում ենք այդ Սահմանադրությամբ եւ իրենց ընդունած օրենքներով։ Այստեղ այլ խնդիր կա, ավելի ճիշտ կլիներ, որ եթե իրենք թեկնածու չեն առաջադրում, իսկ Վահագն Խաչատուրյանը մեր թիմի ներկայացուցիչ չի, ավելի լավ կլիներ, որ իրենք էլ մասնակցեին, եւ նախագահն ընտրվեր առաջին փուլով, ինչը շատ մեծ ապահովվածություն կառաջացներ նախագահի առաջ։ Համենայնդեպս, իրենց ընտրած ճանապարհը քաղաքական ճիշտ ճանապարհ չէ։ Եթե դու բոյկոտում ես, ու այդ բոյկոտի ընթացքում ոչինչ չի փոխվում, դրա իմաստը ո՞րն է։ Բոյկոտես, որ չկայանա այդ բանը, բոյկոտես, որպեսզի տեղի չունենա որեւէ պրոցես, իշխանությանը ստիպված բերես քո հետ բանակցության, բայց հիմա դու բոյկոտում ես, թե չես բոյկոտում, միեւնույն է՝ երկրորդ փուլով ընտրվում է ըստ Սահմանադրության։ Կամ՝ եթե Ռոբերտ Քոչարյանը նման թեկնածուի պատկերացումներ ուներ, թող առաջադրեր, գային նստեինք, քննարկեինք, խոսեինք ու տեսնենք, թե այդ ինչ է, որ իր խելքին հասնում է, մերը չի հասնում։ Նստեինք, հարցեր տայինք այդ թեկնածուին, մի բան սովորեինք, որովհետեւ եթե դու համարում ես, որ ավելի շատ գիտելիքներ ունես, ավելի շատ ես հասկանում, քան մյուսները, դու պարտավոր ես այդ գիտելիքները կիսվել՝ հաշվի առնելով քո քաղաքական, սոցիալական դիրքը, որովհետեւ դա քո սեփականությունը չէ, որ քեզ սովորեցրել են, նշանակում է, որ ռեսուրսներ են ծախսել, հետեւաբար, կիսվի քո խելքով ու մտքերով, դիմացիներն էլ ինչ-որ բան կսովորեն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն