Խորհրդային Միության տարիներին Հայաստանն Ադրբեջանի հետ երկաթուղային երկու կապ ուներ՝  Երասխ-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ-Բաքու, որը գործում էր 1940-ական թվականներից, և 1980-ականներին շահագործման հանձնված Իջևան-Ղազախ-Բաքու երկաթուղին: 1992 թվականի ղարաբաղյան պատերազմից առաջ երկու խորհրդային հանրապետություններն իրար կապող երկաթուղին դադարեց գործել։ 44 օրյա պատերազմից հետո քննարկվում է խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը՝ չհստակեցնելով, թե դրանցից որ մեկի վերագործարկումն է առաջնային։

«Այն ժամանակ հիշում եմ, որ գնացքը գալիս էր, ամբողջ շուշաբանդը դղրդում էր։ Միշտ սիգնալ էր տալիս, կարմիր ու կանաչ լուսացույցերով։ Ամեն օր գնում-գալիս էր»։

Մինչեւ խորհրդային վերջին տարիները ամեն օր Իջևանից գնացք էր մեկնում Բաքու։ Տիկին Անահիտը մշտական ուղևորներից էր։ Բաքվում բնակվող կինը Հայաստանում ապրող տատին միշտ գնացքով էր գալիս այցի։  Այդպես էր երկար տարիներ։ Հիմա պատուհանից երևացող երկաթգիծը տարիներ ի վեր լուռ է։ 

82 թվականի ապրիլն էր։ Տիկին Անահիտի ձեռքը խնդրելու համար Բաքու էին հասել մուսալեռցի ամուսնու ծնողները։ Համաձայնությունը ստացվեց։ Մնում էր հարսանեկան արարողությունը կազմակերպել։ Որոշվեց դա անել ոչ այլ տեղ, քան Բաքվից Իջևան եկող գնացքում։ Կազմակերպիչն էլ գտնվեց՝ հարսի հայրը։

«Ապրիլն էր։ Բաքվի կայարանից նստեցինք գնացք։ Երեկոյան, որ նստում ես, առավոտյան արդեն այստեղ ես։ Պապաս գնեց ամբողջ վագոնը։ Հյուրերի ու խնամիների համար էլ։ Եկել ենք, հասել ենք մինչև Բարխուդարլու կայարան, իսկ այնտեղից մեզ նվագով բերել են»։

1971-ին բացվեց Իջևան-Աղստաֆա երկաթգիծը։ Առաջին կանգառը հենց Ադրբեջանի Աղստաֆա քաղաքն էր։ Այնտեղից Իջևան առաջին գնացքը հասավ 1973  մայիսի 27-ին։ Խորհրդային տարիներին Իջևանի կայարանն ուներ 8 երկաթուղային գիծ։ Դրանցով փոխադրվում էին արդյունաբերական բեռներ, մարդիկ սահման էին անցնում։

Դեռ վաղ խորհրդային տարիներից ցանկություն կար Աղստաֆա-Իջեւան երկաթգիծը Երեւան հասցնել։ Տեղանքի բարդության և երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով ցանկությունը ցանկություն էլ մնաց։

Վիկտոր Բեկնազարյանը երկար տարիներ Իջևանից Հրազդան երկաթգծի շահագործման պետի տեղակալն է եղել։ Հիշում է ժամանակին գնացքով Աղստաֆա, Բաքու, Կիրովաբադ ուղևորությունները։ Այցերը հիմնականում գործնական էին, Բաքու գնում էր՝ երկաթուղու աշխատանքի հետ կապված հարցեր, նոր նախագծեր քննարկելու կամ օրինակ շոգեքարշ գնելու։

«86 թվին եմ առաջին անգամ գնացել Բաքու՝ որոշ գծագրեր ճշտելու համար։ Բայց դա արդեն անցյալում է։ Լավ էր, բնակչությունն աշխատատեղ ուներ»։

Իջևանից Աղստաֆա գնացքը Կիրովաբադ-Եվլախ ճանապարհով հասնում էր Բաքու։ Խորհրդային Միության վերջին երկու տասնամյակում կառուցվեց Իջևան-Հրազդան երկաթգիծը, որով և միմյանց հետ պետք է կապվեին Երևանն ու Բաքուն։

Խորհրդային երկու հանրապետությունների մայրաքաղաքները երկաթուղային կապ ունեին Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու՝ Արաքսի ափով ձգվող երկաթուղով, իսկ Երևան-Հրազդան-Ֆիոլետովո-Դիլիջան-Իջևան-Աղստաֆա-Բաքու ուղին պետք է դառնար երկրորդը։ Այն այդպես էլ չկառուցվեց ու չգործարկվեց։

Իջևանի կայարանի պահոցներն են։ Ադրբեջան մեկնող ուղևորները ժամանակին 15 կոպեկով այստեղ պահ էին տալիս իրենց իրերը՝ պատմում է Վիկտոր Բեկնազարյանը։ Այսօր պահոցները կան, օգտվող չկա։ Հիշում է, թե արդեն կիսավեր ու լքված կայարանի ամեն անկյունն ինչի համար էր ծառայում։

«Սա հանգստի կայարանն էր։ Դա ճաշարանն էր: Այստեղ վագոններն էին վերանորոգվում»։

Ուղևորվում ենք Ազատամուտ։ Այստեղ էր գործում Բարխուդարլու կայարանը՝ Հայաստանի տարածքում վերջինը։ Այստեղով գնացքի 2 գիծ էր անցնում՝ մարդատար ու բեռնատար։ Մարդատար գնացքի գծերը չկան արդեն մի քանի տասնամյակ․ ապամոնտաժվել են, անգամ որպես ջարդոն տարվել։ Բեռնատար գնացքների երկաթգիծը պահպանվել է։

Լայֆ «Ազատամուտի երկաթգծային կայարանն է։ Հեռվում  երևացող  կամրջի պայթեցումից հետո դադարեց  երկաթգծի շահագործումը»։   

Այստեղով վերջին գնացքն անցավ 1992-ին։ Ղարաբաղյան պատերազմից առաջ պայթեցվեց երկու հանրապետությունները կապող կամուրջը։ Կողմերից ամեն մեկն՝ իր տարածքում։ Այդ ժամանակ այս տարածքում գնացքը դադարեց սուլել։ Ապաշրջափակման ու երկաթուղային կապի հնարավոր վերականգնման ծրագրերը թարմացրել են թեման, բայց նաեւ վեր հանել մտահոգություններ՝ ժամանակին անվտանգ էր, իսկ հիմա՞։

Երեւանը, Մոսկվան ու Բաքուն եռակողմ աշխատանքային խմբով քննարկում են խորհրդային տարիներին գործող բոլոր երկաթգծերի վերականգնումը։

Այս ծրագրերը երբ, ինչ միջոցներով ու անվտանգության ինչ երաշխիքներով կհասնեն Իջեւան՝ հարցերը դեռ պատասխանի են սպասում։ Իսկ Ազատամուտում դեռ մարդկանց աչքի առաջ պայթեցված կամուրջն է ու հարցը՝ դրանով «կանցնե՞ն» հայ-ադրբեջանական հարաբերությունները։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն