Եթե Ռուսաստանը հաջողի Ուկրաինայում, չկա ոչ մի երաշխիք, որ վաղը նույնը չի անի մյուս հետխորհրդային երկրներում
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։
-Պարոն Ստեփանյան, Թբիլիսիում բազմահազարանոց բողոքի ցույցեր են՝ հաջակցություն Ուկրաինայի։ Ի՞նչ իրավիճակ է այժմ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։
-Իրավիճակը հանգիստ է։ Դա Ուկրաինային աջակցելու ակցիա էր և միևնույն ժամանակ անհամաձայնություն Վրաստանի վարչապետի դիրքորոշման հետ կապված։ Դուք գիտեք, որ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ չի միանալու միջազգային հանրությանը՝ Ռուսաստանին տնտեսական պատժամիջոցների ենթարկելու հարցում։ Չնայած՝ եթե նույնիսկ հակառակը հայտարարեր, ես մի քիչ վատ եմ պատկերացնում՝ ինչպես էր Վրաստանը Ռուսաստանին տնտեսական բլոկադայի ենթարկելու, ի՞նչ է՝ գինի՞ չէր ուղարկելու Ռուսաստանին։ Ինձ համար դա անհասկանալի է։ Բայց ավելի շատ այն մարդիկ, որոնք դուրս են եկել փողոց՝ դժգոհ են, որ վարչապետը չաջակցեց իր դաշնակցին՝ Ուկրաինային ու սահմանափակվեց միայն այն հայտարարությամբ, որ Վրաստանը գործում է ելնելով իր ազգային անվտանգության շահերից։ Պետք է նշել, որ ազգային անվտանգության շահերից այսօր գործում են եվրոպական բոլոր երկրները և մեծ հաշվով Վրաստանի վարչապետի հայտարարությունը հենց նույն կոնտեքստում է։ Այսօր ամեն երկիր ելնում է սեփական անվտանգության շահերից, չնայած շատ դժվար ու ցավոտ է նայել այս ամենին։ Երբ Վրաստանում էր պատերազմը, Ուկրաինայի նախագահը առաջիններից էր, որ Վրաստան ժամանեց ու Ուկրաինան պատերազմի ժամանակ ահռելի մեծ օգնություն ցույց տվեց Վրաստանին։ Մի բան է՝ գործել ելնելով սեփական անվտանգության շահերից, մյուս հարցն է այն, որ դաշնակցին պետք է օգնել այնքան, որքան գոնե հնարավոր է։
-Իսկ այս ցույցերը կարո՞ղ են այլ զարգացումներ ունենալ։ Ի՞նչ ռիսկեր կան։
-Այդ ամենը կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ուկրաինայում։ Այժմ իրավիճակը ուղիղ կերպով կախված է նրանից, թե այնտեղ ինչպես է զարգանալու իրավիճակը։ Ես կարծում եմ, որ կանխարգելման տեսանկյունից արդեն որոշ մեսիջներ կան Ցխինվալիում։ Ցխինվալիի ռեժիմի դե ֆակտո ղեկավարը հայտարարել է, որ վրացական կողմից Ցխինվալիում կուտակվում է վրացական ռազմական տեխնիկա, ինչը բացարձակ սուտ է։ Ոչ մի նման բան չկա։ Բայց կանխարգելման տեսանկյունից Ռուսաստանը որոշ գործողություններ անում է։ Այսինքն անում է որոշ գործողություններ, որ հակառուսական տրամադրություններ ունեցող գործիչները հանկարծ իրավիճակից չօգտվեն։ Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ Վրաստանում իրավիճակի զարգացումները ուղիղ կերպով կախված են Ուկրաինայի իրադարձություններից։
-Հետխորհրդային երկրները՝ Հայաստանը, Վրաստանը կկարողանա՞ն անկորուստ դուրս գալ այս պատերազմից։ Կարո՞ղ ենք հնարավոր հետևանքներից խուսափել։
–Բարդ է ասել։ Այն, ինչ հիմա Ռուսաստանն արեց Ուկրաինայում անընդունելի է, բոլորս ենք հասկանում, որ նա ջախջախեց բոլոր միջազգային նորմերը, հատեց բոլոր կարմիր գծերը, որոնք հնարավոր էր հատել։ Միանշանակ է, որ աշխարհն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին որ եղել է։ Բնականաբար եթե Ռուսաստանին հաջողվի անել այն, ինչ անում է նա հիմա Ուկրաինայում, ապա հետխորհրդային ոչ մի երկիր չի ունենա երաշխիքներ, որ իր հետ էլ նույն բանը չի անի ապագայում։ Աշխարհը տեսավ, որ ցանկացած դեպքում երկրները պետք է պրագմատիկ քաղաքականություն են վարեն։ Երբ չկան սահմաններ ու կանոններ, Ռուսաստանի հետ խաղալ կանոններով՝ անիմաստ է։ Դա այն լեզուն չէ, որ ՌԴ ղեկավարությունը հասկանում է։
1in.am