Հայաստանում  կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ, նախատեսվում է, որ նախագիծը մայիսի վերջին արդեն կներկայացվի հանրությանը: Իսկ, թե ինչ է ենթադրում համակարգը, արդյոք բացառապես բոլոր քաղաքացի՞ներն են հայտարարագրելու, ի՞նչ արտոնություններ կարող է տալ և ի՞նչ ռիսկեր կարող են լինել, «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, տեղյակ ենք, որ Ֆինանսների նախարարությունն այժմ մշակում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծ: Թեև այն դեռ մշակման փուլում է, սակայն կարո՞ղ եք որոշ մանրամասներ հայտնել, նախ ի՞նչ է այս համակարգը ենթադրում: Ի՞նչ ռիսկեր կան, դրանք հաշվարկե՞լ եք:

-Երևի տեղին է, որ ես նախ պարզաբանեմ, թե ինչու է դա կարևոր: Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ինչ մենք քննարկում ենք և ինչ իրականացնում ենք, լինի բացատրված: Այդ հայտարարագրման համակարգն անհրաժեշտ է նախ և առաջ մեր համաքաղաքացիներին. Ինչո՞ւ. քանի որ դա միայն հայտարարագրում չէ՝ յուրաքանչյուր քաղաքացու հարկային պարտավորությունները գնահատելու համար: Մենք այսօր էլ օրենսդրության մեջ ունենք այնպիսի պահանջներ, որոնք այդ առումով էապես չեն տարբերվում: Մենք ինչ ունենք իրականում. ունենք կարգավորումներ, որոնք ասում են, որ քաղաքացիները, երբ եկամուտներ են ստանում, իսկ ՀՀ-ում եկամտային հարկը առավելապես ձևավորվում է աշխատանքային գործունեությունից ստացված եկամուտներից, այդ հարկը հաշվարկվում և պետությանն է վճարում այն գործատուի կողմից, որն այդ աշխատողին վերցրել է որպես աշխատող:

Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ Հայաստանում ստեղծված աշխատանքային եկամուտների 95 տոկոս և ավելի չափով հարկերը հաշվառված, վճարված են, և դրանց մասին բոլոր տեղեկությունները կառավարությանը, պետությանը հայտնի են, քանի որ գործատուներն այդ մասին հարկային մարմիններին ներկայացնում են հաշվետվություն: Հետևաբար, ինչ ենք մենք ուզում անել հայտարարագրման համակարգով. մեր քաղաքացիները նաև մեր տնտեսական կյանքի մասնակիցն են՝ որպես սպառողներ, այսինքն` իրենք ոչ միայն աշխատանքին մասնակից և եկամուտ ստացող քաղաքացիներ են, այլ նաև իրենց եկամուտներն օգտագործում են որոշակի ապրանքների և ծառայությունների գնումների համար: Ընդ որում` մենք այսօր էլ մեր կարգավորումներում ունենք բազմաթիվ դեպքեր, երբ կառավարությունը տարբեր նպատակներով մեր քաղաքացիների եկամտային հարկը վերադարձնում է: Բոլորին հայտի է հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձը, որոնք տեղի են ունենում, երբ կառուցապատողից բնակարան է գնվել: Կան նաև կարգավորումներ, որոնք թույլ են տալիս, որ քաղաքացու կողմից վճարված եկամտային հարկը վերադարձվի իրենց, եթե իրենք ուսման վարձ են վճարել: Հիփոթեքայինի տոկոսների վերադարձի ուղղությամբ պետությունը զգալի ծախսեր է իրականացնում:

Նախորդ տարի, եթե չեմ սխալվում, 22-23 մլրդ եկամտային հարկ է վերադարձվել մեր քաղաքացիներին, որը ընդհանուր առմամբ մեր եկամտային հարկից եկամուտների 5 տոկոսից ավելին է: Եվ կար փաստարկ, որ երբ այդ որոշումը դրվեց գործողության մեջ, նպաստեց, որ մեր քաղաքացիներն իրենց գործատուներին ասեն՝ ցանկանում են, որ իրենց աշխատավարձերն ամբողջությամբ գրանցեն , քանի որ հետո այդ գրանցված աշխատավարձի դիմաց վճարված եկամտային հարկը կարողանում են հետ ստանալ՝ իրենց տոկոսային եկամուտները փոխհատուցելու համար: Այսինքն՝ սա նպաստեց, որ քաղաքացու և գործատուի հարաբերությունները դառնան ավելի թափանցիկ, գրանցվող: Հետո դա նպաստեց, որ շինարարության ոլորտում գրանցումներն ավելի շատ տեղի ունենան: Եթե տեսականորեն հնարավոր էր, որ որևէ կառուցապատող բնակարանը կառուցեր և քաղաքացուն վաճառեր ցածր արժեքով, ապա հիմա դրա շահագրգռվածությունը չկա, որովհետև քաղաքացին, որը կարողանում է գրանցել իրական արժեքը, կարողանում է նաև դրա դիմաց վարկ ունենալ բանկում և այդ բանկի վարկի նկատմամբ տոկոսները փոխհատուցել իր եկամտային հարկից: Այսինքն՝ մի կողմից ավելի թափանցիկ դարձան քաղաքացու և իր գործատուի փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ ավելի հայտարարագրվող, ճիշտ դաշտ եկավ կառուցապատման գործունեությունը՝ որպես բիզնես: Այսինքն՝ որքան լայն լինեն այն դեպքերը, երբ քաղաքացու ծախսերը մասամբ կարող են փոխհատուցվել իրենց եկամտային հարկի գումարներից, այնքան այդ ոլորտներին առնչվող իրավաբանական անձինք իրենց վաճառքի կամ իրենց ծառայությունների փաստաթղթավորման եղանակով կգան ավելի թափանցիկ հարկման դաշտ:

Այսինքն, երբ մենք խոսում ենք  եկամտային հարկի կիրառության և հայտարարագրման համակարգի սահմանները լայնացնելու մասին, ենթադրում ենք նաև, որ քննարկումների արդյունքում կորոշենք, թե հանրային ո՞ր ծախսերն են ավելի կարևոր, ո՞ր ծախսերի գծով կարելի է քաղաքացիներին աջակցել, որ նրանք ավելի շատ հակված լինեն  այդ ուղղությամբ ծախսել և միաժամանակ նպաստել, որ եկամտային հարկի փոխհատուցման միջոցով ավելի թափանցիկ դարձնեն իրենց և իրենց ծառայություն մատուցողների հարաբերությունները՝ վերջիններին բերելով ավելի թափանցիկ հարկման դաշտ: Օրինակ՝ գաղտնիք չէ, որ առողջապահական ծառայությունների բնագավառում բազմաթիվ դեպքեր կան, երբ քաղաքացիներն այդպես էլ կարող են չիմանալ՝ իրենց կատարած վճարումը, որ որևէ առողջապահական հաստատության կողմից մատուցվող ծառայության դիմաց է, գրանցվո՞ւմ է պետության հետ փոխհարաբերություններում՝ որպես հարկվող գործունեություն, թե՞ ոչ: Չնայած մենք առողջապահական ծառայություններն ավելացված արժեքի հարկից ազատել ենք:  Բայց մենք հիմա խոսում ենք այն մասին, որ երբ հայտարարագրման համակարգը լինի և լինեն այն խթանները, որոնք քաղաքացիներին կամովի բերում են այն դաշտ, որ իրենք ցանկանան հայտարարագրել, իրենց հայտարարագրի միջոցով ցույց տան, թե ինչպիսի ծախսեր են կատարել և իրենց փոխհատուցված եկամտային հարկը օգտագործեն այդ ծախսերը մասամբ հատուցելու նպատակով:  Եվ այս մեծ համակարգի միջոցով է, որ կհամարենք, որ այդ համակարգի նպատակը կայացած է: Առանձին վերցրած՝ քաղաքացու եկամտային հարկը, այսպես թե այնպես, հիմնականում վճարվում է կառավարությանը, բայց, երբ նախատեսում ենք այդ եկամտային հարկի մի մասը հատուցել իրեն՝ կամրջելով դեպի հայտարարագրման համակարգ, ծառայություն մատուցողներին բերում ենք ավելի հաշվառված տնտեսական կյանք, և դրանով օգնում ենք, որ տնտեսության հարկային եկամուտներն այն մյուս հատվածի հաշվին  ավելանան: Մենք այսպիսի լայն գործիքակազմ օգտագործելով է, որ պետք է նայենք այդ համակարգին:

Այսինքն հայտարարագրման դեպքում քաղաքացիները որոշակի ծառայությունների համար փոխհատուցում կստանա՞ն:

-Այո, այդ նկարագիրը մենք կձևակերպենք: Դա ամբողջ համակարգի մի կարևոր բաղադրիչն է լինելու:

-Բացառապես բոլոր քաղաքացինե՞րը պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները,  արտերկրից Հայաստան եկող դրամական փոխանցումները ևս պետք է հայտարարագրվե՞ն և հարկվե՞ն:

-Ի վերջո համակարգը կդառնա այնպիսին, որ բոլորի համար շահեկան կլինի մասնակցել այդ համակարգին: Բայց մենք չենք բացառում, որ դա կանենք աստիճանական եղանակով: Այսինքն, մենք կբացատրենք, թե որ խմբերին է դա առաջնահերթորեն շահեկան: Ի վերջո պարտադիրության և կամովիության սահմանն այստեղ շատ հարաբերական կարող է լինել, որովհետև, եթե մենք բացատրում ենք այն օգուտները, որ հասարակությունը կարող է ունենալ, երկրորդ՝ եթե մենք մեզնից կախվածն անում ենք, որ այդ հայտարարագրման գործընթացն ինքնին չլինի այնպիսի բարդ պրոցես, որ մարդկանց համար մեծ գլխացավանք առաջացնի: Իսկ մենք ունենք այդ հնարավորությունը, ՊԵԿ-ն այսօր ընդհանուր առմամբ բավականաչափ թվայնացված է, և կարող է շատ դեպքերում քաղաքացիների եկամտային հարկի նախնական հաշվարկն ինքը կազմել, ուղարկել, որ ծանոթանա, հաստատի, որ շատ բարդ բաներ չմնան: Բայց դրանք դեռևս աշխատանքային քննարկումների փուլում են, դրա համար այս հատվածում ես «եթե»-ներով եմ խոսում: Եվ, երբ դա կլինի կազմակերպական տեսանկյունից մատչելի, և, եթե դրա օգուտները լինեն ակնառու, այդ դեպքում այդ հայտարարագրումը կամո՞վի է, թե՞ պարտադիր է, այդքան էական նշանակություն չի ունենա: Այնուամենայնիվ, մենք դեռ չենք հասել այն փուլին, որ պատասխանենք՝ դա պարտադի՞ր կլինի, թե՞ ինչ-որ անցումային եղանակով ժամանակի ընթացքում պարտադիր կլինի: Հուսամ՝ այնպիսի եղանակ կգտնենք, որ լինի և սահուն, և արդյունավետ: Այսինքն՝ մի կողմից ցույց կտա երկարաժամկետ առումով այն ընթացքը, որը մենք պետք է ունենանք վերջնանպատակին հասնելու համար, բայց դա կկատարենք այնպիսի եղանակով, որ ընթացիկ խնդիրներ չառաջացնի կամ, եթե առաջացնի, ապա շատ քիչ դեպքերում:

Հիմա դրսից ստացված եկամուտների մասով. մեկ կարևոր հանգամանք եմ ուզում շեշտել՝ ի՞նչ եկամուտների մասին ենք խոսում: Եթե խոսում ենք այն օգնության գումարների մասին, որ մեր համաքաղաքացիները ստանում են դրսից, ապա նվիրատվության գումարները ՀՀ-ում եկամտային հարկով հարկման ենթակա չեն: Այսինքն՝ օրենքն այսօր էլ է ասում, որ հարկման ենթակա չէ, և մենք այս փուլում այդտեղ որևէ բան փոխելու նպատակ չունենք: Հետևաբար, այդ մարդիկ կարող են հանգիստ լինել, որ անգամ հայտարարագրելով իրենց ստացած այդ եկամուտները՝ դրանք չեն հարկվի, որովհետև նվիրատվության եղանակով ստացված գումարներ են: Երկրորդ՝ եթե դրանք աշխատանքային եկամուտներ են. մենք շատ համաքաղաքացիներ ունենք, որոնք ֆիզիկապես գտնվում են դրսում, աշխատում են, եկամուտներ են ստանում և ուղարկում են իրենց հարազատներին, բայց ՀՀ ռեզիդենտ և հարկատու են, այսինքն` իրենց մասով կարող է առաջանալ այդ հարցը, ոչ թե այն մարդու համար, որը ստանում է այդ գումարները, բայց, եթե իրենք այդ եկամուտներից հարկ են վճարել, կամ, եթե այդ երկրում սահմանված են այնպիսի հարկեր, որոնք ավելի ցածր չեն, քան այդ նույն եկամուտների մասով ՀՀ-ում սահմանված հարկերն են, ապա իրենց մոտ լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջանում: Այդ հարկը ՀՀ օրենսդրությամբ համարվում է, որ այնտեղ վճարված է: Հետևաբար, մենք կարգավորումները կնկարագրենք այնպես, որ այդ մարդկանց համար գործնական որևէ բարդություն չառաջացնենք: Հետևաբար, այդ տեսանկյունից մեր այս համակարգը, ըստ նպատակի, որը ես նկարագրեցի, խնդրահարույց լինել չի կարող: Բոլոր դեպքերում այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, սկզբունքային հարց է այն, որ մենք, եթե անգամ ինչ-որ հատվածներում նկատում ենք, որ կարող են խնդիրներ առաջանալ, միանգամից քննարկում ենք այն բոլոր հնարավոր զսպանակները, որոնք պետք է դրվեն այդ խնդիրները մեղմելու համար: Այսինքն՝ չպետք է առաջանա այնպիսի իրավիճակ, որ առաջացնի հակազդեցություն կամ համակարգի նկատմամբ արգելակներ: Կախված նրանից, թե որքանով լավ կբացատարենք, թե ինչու ենք ցանկանում այդ համակարգը գործադրել և ինչպես է դա հասարակության շահերին համապատասխանում, մենք կունենանք կամ ընկալում և համագործակցություն, կամ, բնականաբար, դժգոհություն: Մենք մեր բոլոր նպատակներն ու գործողությունները նախապես հստակորեն պարզաբանելու ենք:

-Իսկ ե՞րբ համակարգը կներդրվի, մոտ ապագայո՞ւմ է սպասվում:

-Մենք արդեն որոշակի քննարկումներ մեր գործընկերների հետ սկսել ենք այդ ուղղությամբ: Հարկային քաղաքականության հարցերով խորհրդատվական հանձնաժողովում, որտեղ ներգրավված են ՊԵԿ-ը, Էկոնոմիկայի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը,  միջազգային ֆինանսական կազմակերպությունները, որոնք այդ հարցերում կառավարության հետ ակտիվորեն քննարկում են մեր կողմից նախատեսվող քաղաքականությունները, նաև ՀԿ-ները ներկայացնող անդամներ, այս ամսվա ընթացքում՝ մոտ 10 օր առաջ մի քննարկում ենք կազմակերպել: Բայց դա շատ խոշոր պատկերացում տվող, այսինքն` նպատակների պարզաբանման և հնարավոր անելիքների շուրջ նախնական քննարկում էր: Հիմա կհաջորդի մեր կողմից կոնկրետ բովանդակության քննարկում, թե մենք ինչպես ենք նախատեսում այդ համակարգը ձևավորել: Եվ արդեն բովանդակությունից կախված կգա նաև կիրառության հաջորդականության վերաբերյալ հարցը: Երբ բոլոր մասնակիցների հետ բովանդակությունը քննարկենք, կարևոր հարցերից մեկը պետք է լինի նա, որ մենք համաձայնվում ենք, որ ինչ բովանդակություն քննարկում ենք, կարևոր է, և երկրորդ՝ այդ բովանդակությունը գործադրելու ճիշտ ժամանակը երբ է: Եթե գործընկերների հետ մեր քննարկումները հուշեն, որ որոշակի քայլեր կարելի է անել արդեն 2023-ի համար, որի հայտարարագիրը պետք է ներկայացվի 2023-ի ավարտից հետո, այսինքն` 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, ապա այդ հատվածը կնկարագրենք արդեն առաջիկա ամիսների ընթացքում: Մենք կառավարության ծրագրով նախատեսված վերժնաժամկետ ունենք: Եվ մեր բոլոր անելիքների հետ կապված՝ և բովանդակության, և ժամանակային պատկերացումները, պետք է մինչև մայիսի վերջ արդեն հասկանալի եղանակով նկարագրած լինենք և ներկայացրած հասարակությանը:

Ֆինանսների նախարարի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել «Արմենպրես»-ում, մարտի 1-ին:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն