«Խլել են» քաղաքացիների ընդդիմադիր մանդատը. Կոնջորյանը՝ ընդդիմության մասին
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ անկախ նրանից՝ ընդդիմությունը մասնակցում է ՀՀ նախագահի ընտրության գործընթացին, թե ոչ, այդ գործընթացը լեգիտիմ է, իսկ ընդդիմադիրներին քննադատում է չմասնակցելու և նրանց քվե տված քաղաքացիներին ԱԺ-ում այդ կարևոր գործընթացում մասնակից չդարձնելու՝ այսինքն հարցեր չտալու, ելույթներ չունենալու, անգամ թեկնածու չներկայացնելու մեջ: Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ընտրության երկրորդ փուլում, որում քննարկվում էր ՀՀ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածության հարցը:
Կոնջորյանը ՀՀ նախագահի ընտրության հացը որակեց որպես կարևորագույն քաղաքական իրադարձություններից մեկը, որը խորհրդարանում քննարկում են ընդդիմության բացակայության պայմաններում:
«Ես չեմ կարող չանդրադառնալ ընդդիմության բոյկոտի պատրվակին: Պատրվակն այն էր, որ, եթե ընդդիմությունը մասնակցի այս ընտրությանը, ապա դրանով լեգիտիմացնում է նախագահի ընտրությունը: Ես վատ նորություն ունեմ ընդդիմության համար. որովհետև նախագահի ընտրությունն ամեն դեպքում և միանշանակ արդեն իսկ լեգիտիմ է: Եվ նախագահի ընտրության արդյունքում նախագահի կողմից ստորագրված օրենքները լինելու են պարտադիր կատարման համար ոչ միայն մեր, մեր ընտրողների, այլ նաև ընդդիմության համար: Հետևաբար՝ ի սկզբանե արդեն նախագահի ընտրությունը լեգիտիմ է: Եվ մենք այստեղ գործ ունենք ոչ թե նախագահի ընտրությունը չլեգիտիմացնելու, այլ ընդդիմության կողմից ինքն իրեն դելեգիտիմացնելու գործընթացի հետ»,-ասաց Կոնջորյանը:
Նա հիշեցրեց, որ, երբ գործող Սահմանադրությամբ առաջին անգամ 2018-ին ընտրում էին նախագահ, ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, որն ուներ ընդամենը 9 ձայն, փորձ էր կատարում և ցանկանում էր առաջադրել նախագահի իր թեկնածուն, որ խորհրդարանում լինի այլընտրանք, սակայն զուտ օրենքի տրամաբանությունից ելնելով ընդդիմադիր «Ելք»-ը չի կարողացել առաջադրել և ընտրությունը կայացել է մեկ թեկնածուի միջոցով, ըստ նրա, այն ժամանակվա իշխանության պատճառով:
«Եվ ճակատագրի հեգնանքով այն ժամանակվա իշխանության և այսօրվա ընդդիմության պատճառով նորից նախագահի այս ընտրությունը ևս կայացավ մեկ թեկնածուի պայմաններում: Եթե այն ժամանակ որպես ընդդիմություն էինք իշխանությանն ասում, որ ապահովեն այլընտրանք, երկու թեկնածու լինի, հիմա՝ որպես իշխանություն, այս ընդդիմությանն ասում ենք՝ մասնակցեք գործընթացին, թեկնածու առաջադրեք, դուք այդ ձայների հնարավորությունն արդեն ունեք՝ ի տարբերություն այն ժամանակվա «Ելք» խմբակցության»,-ասաց Կոնջորյանը:
Նա հավելեց՝ այսպիսով մեկ թեկնածուով ընտրություն են անցկացնում, որը միանշանակ լեգիտիմ է: Կոնջորյանը շեշտեց՝ եթե ընդդիմությունը լեգիտիմության խնդիր ուներ բարձրաձայնելու, ապա նախ պետք է առաջադրեր թեկնածու և մասնակցեր քննարկումներին, հարցադրումներ աներ: ՔՊ խմբակցության ղեկավարը նշեց, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները 2021-ի խորհրդարանական ընտրություններին իրար հետ միասին ստացել են ավելի քան 300 հազար քվե:
«Այն, որ «Հայաստան» խմբակցությունն ու «Պատիվ ունեմ»-ը իրենց մեջ չունեին նախագահի թեկնածու և ըստ այդմ չառաջադրեցին, ես համաձայն եմ դրա հետ և դա ճիշտ ինքնաքննադատական մոտեցում է: Բայց մի՞թե 300 հազար քաղաքացիների մեջ ընդդիմությունը չգտավ մի թեկնածու, որը կարող էր լինել իրենց թեկնածուն այս բարձր ամբիոնում. չգտա՞վ, թե՞ չցանկացավ»,-նշեց նա:
ՔՊ խմբակցության ղեկավարը դիմեց ընդդիմության ընտրողներին՝ նշելով, թե արդյոք հիմա այդ 300 հազար մարդիկ ներկայացվա՞ծ են ՀՀ ամենակարևոր քաղաքական գործընթացի մեջ: «Դուք ներկայացված չեք, և էլի ճակատագրի հեգնանքով ստացվում է, որ ընդդիմությունը այս 300 հազար քաղաքացու մանդատը խլել է, ստացել է մանդատ, որ ներկայացնի այդ քաղաքացիներին այստեղ և չի ներկայացնում: Եվ ինչպես նախկին իշխանություն խլում էին քաղաքացիների մանդատը, այսօր էլ խլել են քաղաքացիների ընդդիմադիր մանդատը»,-ասաց Կոնջորյանը:
1in.am