Ամեն նոր պատերազմ բացում է մեր հին վերքը
Ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմը մեզ հերթական անգամ համոզիչ կերպով ապացուցում է, որ 44-օրյա պատերազմում պարտության բեռը ոչ թե բանակի եւ զինվորի, այլ քաղաքական իշխանության ուսերին է։ Պատերազմի օրերին մեր զինվորը, սպան ու կամավորը հաղթանակի գիտակցում ունեին, իրենց հաշիվ էին տալիս, որ այն ոչ թե նվաճողական, այլ ազատագրական պայքար է։ Ցավալի է, որ հետպատերազմյան անմիաբանության եւ փորձությունների միջով անցնելով՝ հայ հասարակությանն իր բանակի երբեմնի ներուժի ամրության մի լրացուցիչ ապացույց էր պետք՝ ի դեմս ռուս-ուկրաինական հակամարտության։
Ի՞նչ է՝ պետք էր տեսնել պատերազմի արհավիրքից տառապող ուկրաինացի եւ ռուս ժողովուրդների՞ն՝ համոզվելու, որ Արցախը մեր ազգային արժանապատվության եւ միասնականության կարեւորագույն խորհրդանիշն է եւ պիտի մնա այդպիսին։ Նույնիսկ պետական կառավարումից եւ հատկապես ռազմական դրությունից բացարձակ գլուխ չհանող Վլադիմիր Զելենսկին դժվար թե, օրինակ, Մարիուպոլի կամ Խարկովի պատկանելությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնի, ինչպես դա արեց իր հայ գործընկերը Շուշիի եւ հայկական այլ բնակավայրերի դեպքում։
Մինչդեռ եթե Փաշինյանը վստահ չէր Արցախի հայկականության հարցում, ինչո՞ւ էր մարտի կոչում մեր տղաներին, ինչո՞ւ էր նրանց ուղարկում գիտակցված մահվան, թող ասեր՝ միեւնույն է՝ պարտությունից հետո ես այդ քաղաքները հայրենիք չեմ համարելու։ Մեր հազարավոր հերոսները նահատակվեցին, քանի որ առավել քան վստահ էին Շուշիի, Հադրութի, Քարվաճառի եւ մեր մյուս բնակավայրերի, առհասարակ ամբողջ Արցախի հայկական պատկանելության հարցում։ Նրանք թերեւս երեւակայել չէին կարող, որ իրենց նահատակումից հետո այդ հողակտորները հրապարակային սակարկության են դրվելու։
Այլ պատերազմում որեւէ կողմի պաշտպանելն անշնորհակալ գործ է, հետեւաբար՝ հերթական պառակտման զոհ դարձած հայ ռուսամետներն ու արեւմտամետները պետք է նախեւառաջ հիշեն ու խնկարկեն մեր զոհերի հիշատակը, իմաստավորեն նրանց նահատակումն ու փորձեն արժանի լինել նրանց հիշատակին։ 44-օրյա պատերազմը՝ իբրեւ արդեն ցավալիորեն մոռացվող էջ, պետք է մշտապես վառ պահվի նախեւառաջ իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքին նվիրաբերած հայորդիների հիշատակման խորհրդով։
Զուգահեռաբար՝ հայրենավաճառությամբ զբաղվելը, օրինակ՝ Շուշիի իբր ոչհայկականության մասին պնդումներ անելը, պետք է արժանանա ամենալուրջ հանրային պախարակման։ Հասարակական գիտակցության ընկալմամբ՝ նման խոսույթ բանեցնողները պետք է հռչակվեն որպես թշնամական շրջանակներ, ադրբեջանաթուրքական օրակարգն սպասարկողներ, որոնցով պետք է զբաղվեն ազգային անվտանգության մարմինները։ Մեր պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլեւ ռուս-ուկրաինական դիմակայության պայմաններում կարող է նոր սրացում ստանալ, եւ մենք այսօր, առավել, քան երբեւէ, պարտավոր ենք պատրաստ լինել թշնամական հնարավոր հարձակմանը, մի կողմ թողնել անմիաբանությունն ու պառակտումները, արագորեն լուծել համարժեք ռազմաքաղաքական ընտրանի ձեւավորելու հարցն ու նախապատրաստվել երկարատեւ պայքարի։
Ոչ մի շողոմ խոսք չպետք է բթացնի մեր հավաքական զգոնությունը, քանի որ այս աշխարհագրական դիրքով տարածաշրջանում մեր կռիվը երբեք չի ավարտվելու, չի փոխվելու կամ չի հանդարտվելու նաեւ թշնամին։ Ադրբեջանցիների եւ թուրքերի հետ համակեցության՝ պետականորեն քարոզվող թեզը սնանկ է, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ամենաբարձր մակարդակով խրախուսել հայասպանությունը եւ բազմապատկում ռազմական բյուջեն։ Հաղթանակից արբած՝ ադրբեջանական ներկայիս երիտասարդությունը շատ ավելի հայատյաց ու արյունարբու է, քան նույնիսկ մինչեւ պատերազմն էր։ Այս պայմաններում թշնամու հետ բարիդրացիությունը պարզապես բացառվում է։
Դավիթ Սարգսյան
Hraparak.am