Մարտի 4-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների համաձայնեցումը»,- նշվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մարտի 2-ի նիստում բանաձև է ընդունել՝ Ռուսաստանից պահանջելով անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ և դուրս բերել ռազմական ուժերը այդ երկրից։ Բանաձևին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել՝ 34 երկրների շարքում։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան։ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ  ՄԱԿ-ում Հայաստանի վերջին քվեարկությունը Մոսկվայի համար հասկանալի է։ Ըստ վերլուծաբանի՝   Հայաստանը չի ուզում ամբողջությամբ խզել իր հարաբերություններն արևմուտքի հետ, ուստի ձեռնպահ է քվեարկում․ «Մեծ հաշվով դրական դիրքորոշում եմ համարում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետը գտնում է, որ Մոսկվան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձևերում Հայաստանին չի պարտադրի քվեարկել հօգուտ իրեն։ Դա ըստ նրա՝ «գնացած գնացք է»․«Այժմ, ինչպես տեսնում եք, ամեն ինչ որոշվում է ոչ թե  քվեարկություններով ու բանաձևերով, այլ ռեալ քաղաքականության մեջ։ Ամեն ինչ կախված է այն ճգնաժամից, որն այսօր առկա  է Ուկրաինայում։ Աշխարհակարգ է փոխվում, մեծ փոփոխություններ կլինեն նաև հետխորհրդային տարածքում»։

Տարասովի դիրտարկմամբ՝ հաշվի առնելով ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը, Մոսկվան  ակտիվ երկխոսություն է ծավալում հետխորհրդային երկրների՝ առաջին հերթին ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ պետությունների հետ․«Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, Մոսկվան պետք է ակտիվ քաղաքականություն վարի։ Դուք գիտեք, որ պատժամիջոցների է ենթարկում միայն Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը՝ ոչ, այս իմաստով հարաբերությունները ինչպես կզարգանան՝ դժվար է ասել։ Կան տեխնիկական որոշ հարցեր, որոնք պետք է կարգավորվեն։ Շատ հնարավոր է, որ Հայաստանը ևս որոշակի վնասներ կրի։ Օրինակ՝ պայմանագրեր ունի արևմուտքի հետ, իրեն էլ ասեն՝ եթե շարունակես Ռուսաստանի հետ դաշնակցել, այդ պայմանագրերը կխզվեն։ Ահա այսպիսի խնդիրներ են առաջանում։ Եվ այս կոնտեքստում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դիվանագիտության աշխատանքը միանգամայն տրամաբանական ու բնական է թվում»։

Մեր զրուցակցի խոսքերով՝  տպավորություն է ստեղծվում, որ որոշ պատժամիջոցներ կարելի է շրջանցել երրորդ երկրների միջոցով․«Այնպիսի երկրների՝ ինչպիսին Հայաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանն են։ Թե ինչպես  կզարգանան իրադարձությունները՝  առայժմ բարդ է ասել։ Բայց այս ամենը  Մոսկվայի՝  հետխորհրդային տարածքում  իրականացվող  ակտիվ դիվանագիտության  օրակարգում է։ Ահա այս կոնտեքստում էլ միանգամայն բնական է  Լավրովի ու հայ գործընկերոջ զրույցը»։

Եզրափակելով Ստանիսլավ Տարասովն ասաց՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն  այս  պահին Ռուսաստանի մոտ անհանգստություն չի առաջացնում։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն