Սա Շենգավիթ վարչական շրջանում գտնվող 0.5 հա տարածությամբ պուրակն է: Այն այս տարի մայրաքաղաքում կանաչապատվող տարածքների ցանկում է:

Արծվի Գրիգորյան (Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ) - Կոնկրետ այս տարի Երևանի համար ընդհանուր 4000 ծառ ենք նախատեսել և 75 հազար թփատեսակ:

Դրանցից շատերը Ծիծեռնակաբերդի հարակից հատվածում արդեն իսկ տնկում են: Այստեղ նախատեսված է կանաչապատել 8.5հա, այս տարի նոր ծառա- և բուսատեսակներով կհասցնեն պատել 3.5հա-ը:

Այս տարի քաղաքապետարանի ջերմոցային տնտեսություններից կօգտագործվի մոտ 50 հազար ծաղկատեսակ, 2000 հատ թուփ, մոտ 1000 տեսակի ծառ: Կանաչապատման պրակտիկայում 1 հա-ի հաշվով օգտագործվում է մոտավորապես 500 ծառ և 1.5 անգամ ավելի թուփ:

Արծվի Գրիգորյան - Այս տարի 3.5-ի համար օգտագործում ենք 2260 ծառ և մոտավորապես 3000-ի կարգի թուփ:

Ծիծեռնակաբերդի տարածքում օգտագործել են հիմնականում վայրի պտղատուներ՝ նշենի, ծիրանենի, սալորենի, հացենի: Իսկ պուրակներում՝ գեղազարդ տեսակներ:

Արծվի Գրիգորյան - Մեր սկզբունքները հետևյալն են՝ այդ տնկարկները լինեն, երկարատև ծաղկող այգու սկզբունք ունենան, այսինքն՝ գոնե վաղ գարնանից մինչև ուշ աշուն մենք այգում ունենանք գույներ:

Նոր ծառեր ու թփերով անտառ-պուրակն իր տեսքն ամբողջությամբ կստանա 5-7 տարվա ընթացքում, դրա համար հիմա վերականգնում են ոռոգման համակարգը: Կանաչապատումը կշարունակվի նաև Սարյանի պուրակում ու Սարալանջի հատվածում:

Արծվի Գրիգորյան - Անցած տարի մոտավորապես 2 հա կանաչապատում այնտեղ արել ենք, այս տարի նույնպես 1-2 հա աշխատանքներ կկատարենք:

Բնակլիմայական պայմանները փոխվում են. ըստ տվյալների՝ մայրաքաղաքում 1,7-ով ջերմաստիճանը բարձրացել է: Այսօր Երևանում աճում ու ծաղկում են այնպիսի բույսեր, որոնք միշտ ցրտահարվել են:

Մայրաքաղաքի կանաչապատմամբ զբաղվող ՀՈԱԿ-ը ամեն տարի ավելացնում է, իսկ քաղաքացիները գողանում են տնկիները: Գողացողներին Գրիգորյանը վստահեցնում է՝ միևնույն է՝ բույսն այլևս չի աճի, ավելի լավ է՝ թողնեք մայրաքաղաքին կանաչ տեսք ու թթվածին տան:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն