ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ ՂՐԻՄԻ, ԴԺՀ-Ի ԵՎ ԼԺՀ-Ի ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Պաշտոնական Կիևը հնարավոր է համարում Ղրիմի, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հարցի լուծումը: Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Մենք կարող ենք քննարկել հարցեր՝ կապված ժամանակավոր օկուպացված տարածքների և չճանաչված հանրապետությունների մասին, որոնք Ռուսաստանից բացի ոչ ոք չի ճանաչել, մենք կարող ենք փոխզիջում գտնել: Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես են այդ տարածքներում ապրելու այն մարդիկ, ովքեր ցանկանում են Ուկրաինայի մաս լինել: Ո՞վ Ուկրաինայում կցանկանա ընդունել նրանց: Հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես ճանաչումը։

Զելենսկին Մոսկվայի կողմից ճանաչման հարցի առաջադրումը որակել է որպես «հերթական վերջնագիր» և շեշտել՝ Ուկրաինան պատրաստ չէ կապիտուլյացիայի:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Զելենսկին հայտարարել է, որ կորցրել է հետաքրքրությունը այս հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ համոզվել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունելու Ուկրաինային։ «Դաշինքը վախենում է հակասական թեմաներից և Ռուսաստանի հետ առճակատումից»,- նշել է Զելենսկին։

Նա հայտարարել է նաև, որ Ուկրաինայում մահերի համար պատասխանատու է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Արևմուտքը, որը հրաժարվում է փակել Ուկրաինայի օդային տարածքը:

ՌԴ-Ն ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 11:00-ին, լռության ռեժիմ է հայտարարել՝ բացելով մարդասիրական միջանցքներ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար:

«Ռուսական կողմը պատրաստ է նաև հումանիտար միջանցքներ տրամադրելու Կիևից և հարակից բնակավայրերից Բելառուսի տարածքով դեպի Ռուսաստան բնակչության տարհանման համար։ Նախաձեռնությունը համաձայնեցված է ուկրաինական կողմի հետ»,- ասված է Ուկրաինայում Ռուսաստանի հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Կիևը սակայն հերքել է ռուսական կողմի հայտարարությունը:

«Մարդասիրական միջանցքի համար կա միայն մեկ երթուղի` Սումի-Գուլուբովկա-Լոխվիցա-Լուբնի-Պոլտավա: Այլ երթուղիներ չեն համաձայնեցվել»,- շեշտել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

Հաղորդվում է, որ Դոնբասից և Ուկրաինայից Ռուսաստան ժամանածների թիվը հասել է 200 հազարի։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ Դոնբաս և Ուկրաինա է հասցրել գրեթե 430 տոննա հումանիտար օգնություն։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշել է, որ Ուկրաինայից փախստականների թիվն անցել է 2 միլիոնից։

Պոլտավայի քաղաքային իշխանությունները հայտնել են, որ Սումի է ուղարկվել 20 տոննա հումանիտար օգնություն, որտեղից էլ բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներն արդեն ժամանել են Պոլտավայի շրջան։ Տարհանվողների շրջանում կան նաև օտարերկրացիներ։

ՌԴ ՊՆ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՌԴ պաշտպանության նախարարությունն ամփոփել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության արդյունքները։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի փոխանցմամբ՝ Լուգանսկի զորքերի վերահսկողության տակ է անցել 8 բնակավայր, իսկ Դոնեցկի ուժերը վերահսկողություն են հաստատել Մարիուպոլ քաղաքի մի մասի նկատմամբ:

Նրա խոսքով՝ անցած օրվա ընթացքում ռուսական ավիացիան Ուկրաինայի տարածքում ոչնչացրել է ռազմական ենթակառուցվածքի 158 օբյեկտ: Գործողության ողջ ընթացքում ոչնչացվել է մոտ 2500 ռազմական օբյեկտ:

Նախօրեին ռուսական ուժերը շարքից հանել են Ժիտոմիրի շրջանում գտնվող օդանավակայանը։

Մարտի 8-ի դրությամբ ռուսական զորքերը շարունակում են հարձակողական գործողությունը, սակայն նրանց առաջխաղացման տեմպերը զգալիորեն նվազել են։ Այդ մասին էլ հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։ Հաղորդվում է, որ մարտեր են շարունակվում Չեռնիգով քաղաքի համար։

«Կիևի պաշտպանության ուժերը շարունակում են ապահովել մայրաքաղաքի պաշտպանությունը։ Շարունակվում են պաշտպանական գործողությունները հարավային, արևելյան և հյուսիսային օպերատիվ գոտիներում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ հայտնում են, որ Ժիտոմիրում և Չեռնյախով գյուղում ավիահարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում։ Մոտակա բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհը մարվել է։

ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ. ՄԱԿՐՈՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր առաջին նախընտրական հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանը և ռուս ժողովրդին հարգելու անհրաժեշտության մասին: «Պետք է միշտ հարգանքով վերաբերվել Ռուսաստանին և ռուս ժողովրդին: Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի ղեկավարության հետ՝ արձանագրելով տարաձայնությունները, քանի որ մի օր պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Նրա խոսքով՝ հնարավոր չէ ամուր խաղաղություն կառուցել՝ առանց Ռուսաստանի մասնակցության. դա են վկայում պատմությունն ու աշխարհագրությունը: Մակրոնը հայտարարել է նաև, որ եկող ձմռանը Եվրոպային լուրջ խնդիրներ են սպասում, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել գազի մատակարարումը:

ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՐԱՎՈՐ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Եվրահանձնաժողովը գրավոր պատասխան է պատրաստում ԵՄ-ին անդամակցության՝ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումներին։ Պաշտոնական Կիևը, սակայն, կարծում է, որ Ուկրաինայի դիմումը պետք է առանձին դիտարկվի Վրաստանի և Մոլդովայի դիմումներից։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան: «Չնայած մեր վրացի և մոլդովացի գործընկերների նկատմամբ մեծ հարգանքին՝ Մոլդովայի և Վրաստանի կողմից Եվրամիությանն անդամակցության հայտեր ներկայացնելն այս պահին նման է իրենց երկու վագոնը Բրյուսել շարժվող արագընթաց ուկրաինական գնացքին միացնելու փորձին»,- ասել է Կուլեբան։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն